Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շատ ճիշտ դիրքորոշում է որդեգրել` ռուս-թուրքական այս հակամարտություններին արձագանքելու առումով: «Մեր ԱԳՆ-ն ճիշտ է վարվում, որ որևէ հայտարարություն չի անում: Նախագահի կամ ԱԳՆ-ի կողմից չկա արձագանք, հայտարարություն, և դա շատ ճիշտ ու խոհեմ մոտեցում է, որովհետև մենք ներքաշված չենք այդ կոնֆլիկտում: Մեր դարավոր փորձը ցույց է տալիս, որ ռուս-թուրքական պատերազմներից մենք ահավոր կորուստներով ենք դուրս գալիս, նույնը լինում է ռուս-թուրքական եղբայրությունից: Մեզ դա ցույց է տալիս փորձը, և մենք պետք է շատ զգուշավոր լինենք»,- ասաց նա լրագրողներին:
Արզումանյանը նշեց, որ ՌԴ-ն, անշուշտ, մեր շատ կարևոր ստրատեգիական գործընկերն է, բայց, ըստ նրա, այստեղ պետք է լռելյայն դիվանագիտութուն վարվի: Խոսելով կոնկրետ միջադեպի` Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման մասին`նա նշեց, որ, այնուամենայնիվ, խախտվել է Թուրքիայի օդային սահմանը: «Այս միջադեպն այնքան էլ անակնկալ չէր, և սեպտեմբերի 3-ից, երբ Ռուսաստանը սկսեց ռմբակոծությունները, բազմաթիվ միջադեպեր եղել են: Անօդաչու սարքեր էին խոցվել մի քանի անգամ: Թուրքիայի կողմից հայտարարություններ եղան, որ ցանկացած փորձ կկանխվի, և ակնհայտ էր, որ դա ամենաբարձր ղեկավարի կողմից տրված հրահանգ էր, ու ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում խոցվեց այդ ինքնաթիռը»,- ասաց Արզումանյանը` հավելելով, որ մենք պետք է գիտակցենք Թուրքիայի և Ռուսաստանի շահերը:
«Թուրքիան ուզում էր այս ամենը տեղափոխել ՆԱՏՕ-Ռուսաստան հարթություն, բայց չհաջողվեց: Նշեմ նաև, որ ՀԱՊԿ-ն այստեղ որևէ անելիք չունի: ՀԱՊԿ անդամ երկիրը գնացել է, հատել է երրորդ երկրի օդային սահմանը: Սա ավելի շատ PR պատերազմ է: Երկու նախագահները շատ նման են իրար, և երկուսն էլ նույնատիպ ամբիցիաներով սնուցվող են, ցար-սուլթան հարաբերությունների ոլորտում ենք մենք: Շատ մեծ բախումներ չեմ սպասում, իսկ մեր ներքաշվածությունը պետք է շատ ձևված, չափված լինի ու զգուշավոր»,- եզրափակեց պատգամավորը: