կարևոր
3382 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-04 12:30
Հասարակություն

Ես սարսափելի ցավում եմ տեղի ունեցածի համար և համարում եմ, որ պետք է ավելի ուշադիր ու զգուշավոր լինեի․ Սեդա Գրիգորյան

Ես սարսափելի ցավում եմ տեղի ունեցածի համար և համարում եմ, որ պետք է ավելի ուշադիր ու զգուշավոր լինեի․ Սեդա Գրիգորյան

Ինչպես հայտնել էինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաբան, հնագետ Միքայել Բադալյանի խոսքը կտրելով Ադրբեջանն իր խեղաթյուրված ռեպորտաժում փորձ էր արել ներկայացնել, թե իբր Էրեբունին ոչ թե ուրարտական է, այլ միջնադարյան։ Մասնագետն անդրադարձել էր դեպքին՝ տալով պարզաբանում։

Թեմային անդրադարձել է նաև վավերագրող-ռեժիսոր Սեդա Գրիգորյանը, Միքայել Բադալյանից հարցազրույց էր վերցրել։

«Ընկերներ, Միքայել Բադալյանի գրառումից շատերդ արդեն տեղյակ եք, որ ադրբեջանական CBC ալիքով տեղադրվել է կեղծ պրոպագանդիստական վավերագրական ֆիլմ Երևանի մասին, որում տեղ է գտել հատված իմ նկարահանած հարցազրույցից Միքայելի հետ: Այդ հարցազրույցը նկարահանել եմ դեկտեմբերի 2-ին, համաձայն ամերիկյան No Frontiers LLC ֆիլմարտադրող կազմակերպության հետ պայմանագրի: Ինձ հետ worldfixer.com կայքով կապ էր հաստատել ամերիկացի պրոդյուսեր ներկայացած Alex Gil-ը, ում հետ մեր ողջ գրավոր հաղորդակցությունը պահպանված է: Նա ինձ տեղեկացրեց, որ ամերիկյան History Channel-ի նմանությամբ պատմական թեմաներով վավերագրական ֆիլմաշարի պիլոտային տարբերակի ստեղծման համար գործընկեր են փնտրում Հայաստանում: Կից նկարում հատված է իր նամակներից մեկից, որում նկարագրում է նախագծի բովանդակությունը՝ պիլոտային էպիզոդը բաղկացած է լինելու 3 հնագույն քաղաքակրթության վերաբերյալ մասերից՝ Ուրարտու, Ջերիշո (Պաղեստին/Իսրայել) և Տաշկենտ/Բուխարա (Ուզբեկստան): «Պիլոտը պետք է ցույց տա գալիք ամբողջ սերիայի հարստությունն ու բազմազանությունը: Այս երեք հնավայրերը պատմականորեն մեկուսացված են, բայց միավորված են այն գաղափարով, որը ես ուղարկել եմ ձեզ նամակներից մեկում»: Ալեքսը պրոֆեսիոնալ հաղորդակցություն էր վարում, կազմակերպության հետ կազմեցինք պայմանագիր, ես որոշ հավելյալ հարցեր էի տալիս ընթացքում՝ համոզվելու համար, որ ինքը իսկապես այդ թեմայի վրա է աշխատում: Նա նաև նշեց, որ առաջին կինը հայուհի է եղել Վրաստանից, և ինքը տարիներ առաջ եղել է Հայաստանում, ծանոթ է Երևանին:

Այսպիսով, մեր թեման բացառապես Ուրարտուն և ուրարտական հնավայրերն են եղել, և հարցերը, որոնք իրենք նախապես ուղարկել էին, հիմնականում այդ թեմայով էին՝ ՈՒրարտու, հնագույն քաղաքակրթությունների ձևավորումը և տրանսֆորմացիաները: Հեղինակներն իրենք էին առաջարկել հիմնական հարցազրույցն իրականացնել «Էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ՝ հենվելով համացանցում տեղ գտած նրա նախկին հարցազրույցների և հրապարակումների վրա: Ես հաստատեցի այս առաջարկը՝ Միքայելին ճանաչելով որպես ոլորտի լավագույն երիտասարդ մասնագետներից մեկը, ով, ի հավելումն իր մասնագիտական որակների, կարող է նաև առանց դժվարության անգլերեն հարցազրույց տալ: Որպես երկրորդ մասնագետ՝ որոշեցինք զրուցել ուրարտագետ Վահե Սարգսյանի հետ, և Ալեքսն ինձ նամակով հավաստիացրեց, որ Ուրարտուի մասին դրվագն ամբողջությամբ կառուցված կլինի այս երկու հարցազրույցներից՝ առանց այլ բանախոսների:

Նկարահանման համար նախատեսված հարցաշարում կար հարց նաև Հանրապետության Հրապարակում տարիներ առաջ իրականացված պեղումների մասին, որը, ես և մասնագետները համաձայնեցինք, որ թեմայի հետ ուղիղ կապ չունի, սակայն ենթադրեցի, որ հեղինակների մոտ կարող է շփոթմունք լինել դրա հետ կապված, և հարցն ամեն դեպքում ուղղեցի մասնագետներին, որպեսզի նրանց խոսքով հստակ լինի պատասխանը: Կարող եք նկատել, որ Միքայելն իր պատասխանում նշում է, որ այդ պեղումների ժամանակաշրջանն իր մասնագիտացումից դուրս է, և նա չցանկացավ շատ ծավալվել այդ թեմայով՝ ելնելով մասնագիտական կոռեկտությունից: Ինչ վերաբերում է մյուս հարցերին՝ Ուրարտուի վերաբերյալ, թե՛ Միքայել Բադալյանը, թե՛ Վահե Սարգսյանը տվել են սպառիչ մասնագիտական պատասխաններ: Նյութն ամբողջությամբ առկա է ինձ մոտ, սակայն ես այն չեմ կարող հրապարակել՝ պայմանագրային սահմանափակումներից ելնելով:

Ես հաստատում եմ Միքայելի գրառման մեջ տեղ գտած տեղեկությունները՝ մեր հաղորդակցության և նկարահանումների անցկացման վերաբերյալ: Երկուսս էլ իրականությունն իմացել ենք այսօր TV5-ի լրագրողի զանգից: Ինձ համար շոկային էր լսել լուրը, ինչից հետո նոր դիտել եմ ադրբեջանական ֆիլմը: Փաստորեն, նման խաբեությամբ հսկայական նկարահանումներ են կատարվել. այդ ֆիլմում իմ կողմից նկարահանված նյութերից են Էրեբունու թանգարանում արված կադրերը, վերջում օգտագործված 4-5 դրոնի կադր: Մնացած նյութն ինձ անծանոթ է:

Ես սարսափելի ցավում եմ տեղի ունեցածի համար և համարում եմ, որ պետք է ավելի ուշադիր ու զգուշավոր լինեի, քանի որ իմ մասնագիտությունը լայն դաշտ է ստեղծում նման խաբեությունների ու մանիպուլյացիաների համար:

Ներողություն եմ խնդրում Միքայելից՝ նման խարդավանքի զոհը դառնալու համար, ըստ էության՝ երկուսս ենք նույն կարգավիճակում: Ներողություն եմ խնդրում բոլորից, ովքեր համաձայնվել են լինել կադրում՝ իմանալով, որ նկարահանումը ամերիկյան գիտաճանաչողական ֆիլմի համար է իրականացվում: Խնդրում ու հորդորում եմ որևէ կերպ չօգտագործել կատարվածը Միքայելի դեմ, ով այս նկարահանումների ընթացքում իրեն դրսևորել է որպես իր մասնագիտության և ոլորտի հրաշալի գիտակ, նրա մասնագիտական պատասխանները կարող են ջախջախել ցանկացած հակահայ թեզ՝ մանրամասն, բովանդակային հիմնավորումներով:

Այս գրառումը կատարում եմ նաև իմ գործընկերների համար, քանի որ շատերն են գրանցված worldfixer.com կայքում և կարող են հայտնվել նման խարդավանքների թիրախում: Խնդրում եմ, եկեք ավելի ուշադիր լինենք, մտածենք նման խնդիրները կարգավորելու տարբերակներ: Ես նախատեսում եմ կապ հաստատել կայքի հետ և տեղեկացնել իրենց հարթակով իրականցվող այս խաբեության մասին»: