կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-10 16:10
Սպորտ

Սա կարևոր քայլ է իմ կյանքում. Հենրիխ Մխիթարյան

Սա կարևոր քայլ է իմ կյանքում. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:


 Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ:


- Հենրի'խ, նախ հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուների անունից շնորհավորում ենք քեզ Գերմանիայի փոխչեմպիոնի կազմում  պաշտոնապես ընդգրկվելու համար: Այսօր արդեն պաշտոնապես ներկայացնում ես Դորտմունդի «Բորուսիան», եւ կարծում եմ, արդեն կարող ես խոսել քո տրանսֆերային «ոդիսականի» մասին:

 

-Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Ես էլ ուզում եմ, առիթից օգտվելով, շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված էին իմ գործերով: Շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր ինձ շնորհավորել են այս տեղափոխության առթիվ եւ իրենց բարեմաղթանքներն են հղել:

 

Ինչպես խոստացել էի, իմ առաջին պաշտոնական հարցազրույցը, այսօր արդեն որպես Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ, Հայաստանում տալիս եմ ՀՖՖ պաշտոնական կայքին: Ես խոստացել էի, որ իմ տեղափոխության եւ գործերի մասին ինքս կտեղեկացնեմ, երբ ամեն ինչ կլինի իրավականորեն ավարտված:

 

Որեւէ «ոդիսական» իրականում չկար: Ուղղակի արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այս ընթացքում, երբ ես հիմնականում Երեւանում էի եւ համբերատար սպասում էի տարբեր ակումբների միջեւ ընթացող բանակցություններին եւ իմ գործակալի գործողություններին,  տարբեր պատճառներով տարածվեցին ամենատարբեր տեղեկություններ եւ խոսակցություններ: Դրանք ԶԼՄ-ների համար օգտակար էին, ինձ համար՝ ոչ: Այդ էր պատճառը, որ ես խնդրեցի  անհարկի մեկնաբանություններ չանել, նաեւ կանխել բոլոր նրանց, ովքեր, անընդհատ տարբեր չստուգված տեղեկություններ տարածելով, թյուրիմացություններ էին ստեղծում եւ իրենց համար լուծում ինչ-որ խնդիրներ: Արդեն ասել եմ, որ տրանսֆերային բանակցությունները ակումբների միջեւ սովորական գործընթացներ են ֆուտբոլում:

 

Ես` որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, պետք է հետեւեի խաղի կանոններին: Այո, ընթանում էին բանակցություններ, դրանով զբաղվում էր պրոֆեսիոնալ գործակալ, եւ ես պետք է սպասեի բանակցությունների ավարտին եւ պաշտոնական ձեւակերպումներին: Այսօր արդեն ես Գերմանիայի «Բորուսիայում» եմ: Սա է «ոդիսականը»:

 

-Ի վերջո, ե՞րբ մեկնեցիր Դորտմունդ:

 

-Չնայած ամենատարբեր տեղեկությունների, որ տարածվում էին, ես Երևանից մեկնել եմ Վիեննա հուլիսի 8-ին, որտեղից էլ մեկնել եմ Դյուսելդորֆ: Այնտեղ ինձ դիմավորել է «Բորուսիա» ակումբի ներկայացուցիչը, ում հետ ուղևորվել ենք Դորտմունդ:

 

-Ե՞րբ տեղի ունեցավ քեզ ներկայացնելու պաշտոնական արարողությունը:

 

-Ինձ` որպես նորեկի, ներկայացման պաշտոնական արարողությունը կայացավ հուլիսի 8-ին` երկուշաբթի, քանի որ այդ օրն ակումբում հայտարարված էր ազատ օր: Նախօրեին թիմը հանդիպում էր անցկացրել «Մագդեբուրգի» հետ,  եւ երկուշաբթին  «Բորուսիան»  «բաց» օր  էր հայտարարել ԶԼՄ-ների համար: Այդ օրը տեղի ունեցան նաեւ թիմի և ֆուտբոլիստների պաշտոնական նկարահանումները, որը պահանջվում է արարողակարգով:  Բոլոր իրավական խնդիրներն արդեն արված են, պայմանագրերը ստորագրված են: Ինձ հանձնվեց 10 համարի մարզաշապիկը: Պետք է ասեմ, որ թիմում շատ լավ մթնոլորտ է, ինձ շատ լավ են ընդունել, եւ ես շատ ուրախ եմ դրա համար:

 

-10 համարի մարզաշապիկը քո ընտրությունն է՞ր, թե՞ ակումբի:

 

-Իմ ընտրությունն էր:  Ես տատանվում էի ինձ եւ իմ երկրպագուներին արդեն հարազատ դարձած 22 համարի եւ 10 համարի միջեւ: Որոշեցի ընտրել նորը եւ ընտրեցի 10 համարի մարզաշապիկը:

 

-Անցած մրցաշրջանում դու «Շախտյորի» կազմում երկու անգամ խաղացել ես «Բորուսիայի» դեմ: Թիմում ունեի՞ր ծանոթներ:

 

-Թիմում ծանոթներ չունեի, բայց արդեն հասցրել եմ ծանոթանալ մի քանի ֆուտբոլիստների հետ:

 

-Խոսե՞լ ես Յուրգեն Կլոպի հետ թիմում քո դերակատարման մասին:

 

-Ոչ, մարզիչն ինձ հետ դեռ չի խոսել: Այսօրվանից  մասնակցելու եմ  հիմնական կազմի  մարզումներին:

 

-Քո ընտրությունն է՞ր «Բորուսիան»:

 

-Այո: Ես սա շատ կարևոր քայլ եմ համարում իմ կյանքում: Ես ընտրեցի «Բորուսիան», քանի որ այն հզոր ակումբ է, լավ խաղացողներ եւ լավ մարզիչ ունի: «Բորուսիա»-ի երկրպագուները մարզադաշտում ֆանտաստիկ մթնոլորտ են ստեղծում: Հուսով եմ` կկարողանամ ուրախացնել նրանց: Իմ նպատակը թիմի հետ յուրաքանչյուր խաղում հաղթելն է:

 

-Որտե՞ղ ես ապրելու: Ինչպես «Շախտյորի» դեպքում` թիմի մարզաբազայո՞ւմ:

 

-Ոչ, ակումբն ինձ բնակարան է տրամադրելու: Այժմ ակումբի ներկայացուցիչները զբաղվում են այդ հարցով:

 

-Ի՞նչ զգացողություններով ես հեռանում «Շախտյորից»:

 

-Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Շախտյորին», ակումբի նախագահին, մարզչական շտաբին, հատկապես` գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին, թիմակիցներիս, «Շախտյորի» բազմահազար երկրպագուներին, ովքեր շատ են օգնել ինձ այս տարիների ընթացքում: Առանց նշածս մարդկանց ես չէի հասնի նրան, ինչին հասել եմ այսօր:

 

Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստեցին, որ ես տեղափոխվեմ «Բորուսիա»: Հուսով եմ, որ կկարողանամ բոլորի հույսերն արդարացնել: