Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել գերմանական Welt պարբերականին, որի հայերեն տարբերակը, Armfootball -ի թարգմանությամբ, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
- Պարո'ն Մխիթարյան, ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր զարկերակը միշտ հանգիստ վիճակում է:
- Իմ զարկերա՞կը: Դա պետք է թիմի բժշկից հարցնել:
- Մենք հարցնում ենք, որովհետև Ձեր ունակությունը ճիշտ փոխանցում կատարել ամբողջ խաղադաշտը վազքով անցնելուց հետո մեզ բացառիկ է թվում:
- Ես միշտ էլ հանգիստ եմ, դա օգնում է ինձ լավ խաղալ: Ես մշտապես տեղաշարժվում եմ, որովհետև այդպիսով ես կարող եմ օգնել իմ թիմին: Վճռական փոխանցում կատարելը շատ կարևոր է: Ուրբաթ օրը «Շտուտգարտի» դեմ խաղում ես նկատեցի, որ Ռոբերտ Լևանդովսկին ազատ տարածություն է բացել Յակուբ Բլաշիկովսկու համար: Այդ պահին գիտեի, որտեղ փոխանցեմ գնդակը: Պետք է միշտ ուշադիր լինես, որպեսզի բաց չթողնես հնարավորությունը, նույնիսկ վազքի ընթացքում:
- Ձեր վերջին երեք խաղերը լավագույնն էին «Բորուսսիայի» կազմում: Արդեն լիովին հարմարվե՞լ եք Բունդեսլիգայի և Դորտմունդին:
- Փորձում եմ կատարելագործվել: Այն ինչ ես արել եմ այդ երեք խաղերում, արդեն պատմություն է, այն անցյալում է: Հիմա պետք է մտածել առաջիկա խաղերի մասին: Չորեքշաբթի օրը մենք Չեմպիոնների լիգայի շրջանակներում խաղում ենք «Արսենալի» դեմ: Ես պետք է լիովին պատրաստ լինեմ հանդիպմանը: Հուսով եմ` խաղից խաղ ավելի լավ հանդես գալ: Ուզում եմ միշտ նոր բաներ սովորել ֆուտբոլում: Եվ այդ ամենով հանդերձ` ուզում եմ օգնել թիմիս հաղթանակներ տանել:
- Ինչու՞ տեղափոխվեցիք «Բորուսսիա», եթե Անգլիայից լավ առաջարկներ ունեիք:
- Այո, ես շատ տարբերակներ ունեի, բայց ես որոշեցի գալ Դորտմունդ, քանի որ ես հավանում եմ այդ թիմի խաղաոճը: Այն բանից հետո, երբ ես «Շախտյորի» կազմում ՉԼ-ի խաղարկության շրջանակներում խաղացի այդ թիմի դեմ, սկսեցի հեռուստացույցով հետևել «Բորուսսիայի» բոլոր հանդիպումներին: Դորտմունդյան ակումբը ոչ միայն ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում, այլև այնպես է խաղում, որն իմ սրտով է: Ես մտածում էի, որ դա հենց այդ թիմն է, որտեղ կարող եմ առաջադիմել, բարելավել խաղային որակներս:
- «Բորուսսիան» Ձեզ համար 27.5մլն եվրո է վճարել: Բայց Դուք կարող էիք տեղափոխվել նաև Անգլիա, որտեղ ավելի մեծ աշխատավարձ կստանայիք:
- Միգուցե, բայց գումարը ֆուտբոլում ամենակարևոր բանը չէ: Իհարկե, դա այդ խաղի բաղադրիչներից մեկն է, բայց ինձ համար երբեք գումարն առաջին տեղում չի եղել: Ես ապրում եմ ֆուտբոլով, մտածում եմ ֆուտբոլի մասին, զգում եմ ֆուտբոլը, և եթե լավ եմ խաղում, գումարն ինքնստինքնյան գալիս է: Ես Դորտմունդ եմ եկել, որպեսզի խաղամ, ոչ թե նստեմ պահեստայինների նստարանին, որը Անգլիայում հնարավոր տարբերակ էր:
- Ձեր մանկությունն անցկացրել եք Ֆրանսիայում, որտեղ հայրդ՝ Համլետը, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր:
- Այո, հայրս այդտեղ էր խաղում: Մենք 7 տարի Ֆրանսիայում ենք բնակվել: Երբ հայրս արդեն հիվանդ էր, մենք վերադարձանք Հայաստան:
- Ձեր հայրը մահացել է 1996թ.-ին գլխուղեղի քաղցկեղից:
- Մինչ այդ մենք Ֆրանսիայում էինք ապրում: Ես շատ լավ եմ հիշում, երբ հայրս ցանկանում էր մարզման գնալ, ես կանգնում էի մեր տան դռան դիմաց և խնդրում, որպեսզի ինձ էլ իր հետ վերցնի: Երբեմն տանում էր, երբեմն՝ ոչ: Նա անհանգստանում էր, թե ես ինչով պետք է զբաղվեմ: Բայց երբ տեղափոխվեցինք Հայաստան, ես ասեցի նրան, որ ցանկանում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ: Ըստ իս, դա լուրջ որոշում էր, քանի որ ես շատ փոքր էի: Մարդիկ ասում էին. «Լավ, նա լավ տեխնիկա ունի, բայց շատ նիհար է»: Ցավոք, հայրս չտեսավ իմ հաջողությունները:
- Ձեր հայրը Ձեզ համար օրինա՞կ է ծառայել:
- Ես մտածում էի, որ նա ուղղակի կատարում է իր աշխատանքը: Ֆուտբոլը մեր տան ամենաշատ քննարկվող թեման էր: Իմ մայրը աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, մի քանի տարի անց քույրս նույնպես սկսեց այդ ոլորտում աշխատել: Նա հիմա աշխատում է ՈՒԵՖԱ-ում: Կարելի է ասել, որ մենք ֆուտբոլային ընտանիք ենք:
- Բազմաթիվ գերմանացիներ Ձեր հայրենիքի մասին շատ քիչ բան գիտեն, քանի որ Հայաստանի անկախ հանրապետությունը Ձեզնից տարիքով փոքր է:
- Այո, Հայաստանը 22 տարեկան է, բայց մենք շատ հին ազգ ենք, հին մշակույթ ունենք: Մենք առաջին պետությունն ենք, ով աշխարհում Քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն: Բայց մեր երկրում որոշ սոցիալական խնդիրներ կան: Միջին աշխատավարձը բավարարում է միայն կենսամթերքների ու հագուստի գնմանը:
- Դուք երեք անգամ դարձել եք Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Ձեզ ազգային հերոսի կարգավիճակում պատկերացնու՞մ եք:
- Ոչ, հաստատ դա այդպես չէ: Ես սովորական տղա եմ: Երբեք չեմ երազել դառնալ տարվա լավագույն ֆուտբոլիստ: Իհարկե, ինձ փողոցում մոտենում են, ինքնագիր են խնդրում: Ես երջանիկ եմ, քանի որ դա իմ աշխատանքի մի մասն է: Եթե դա մարդկանց երջանիկ է դարձնում, ուրեմն ես էլ եմ երջանիկ: Բայց ես ինձ աստղ չեմ զգում:
- Ձեր հայրենիքից բավական հեռու եք, Դորտմունդում որևէ բանի կարիք ունե՞ք:
- Ոչ (ծիծաղում է): Մայրս ու տատիկս ինձ տեսության են գալիս:
- Ձեր թիմակից Կևին Գրոսկրոյցը կարողացե՞լ է Ձեզ փոխանցել դորտմունդյան ոգին:
- Օ, այո: Նա հենց դորտմունդցի է և նվիրված է թիմին: Օրինակ, նա «Շալկեի» մասին ինձ ամեն ինչ պատմել է: Այդ երկու թիմերի դիմակայության մասին: Կևինը պատմել է ռուրյան դերբիի մթնոլորտի մասին: Դա ճիշտ է: Այդ խաղում անհավատալի մթնոլորտ էր տիրում, մինչ այդ ես չգիտեի դրա մասին: Ես ուրախ եմ, որ մենք այդ դերբիում հաղթանակ դուրս եկանք:
- «Բորուսսիան» վերջին տարիներին «Բավարիայի» համար լուրջ մրցակից է դարձել: Ի՞նչ եք կարծում, այդ երկու թիմերի միջև տարբերությունը մեծ է:
- Ոչ: Ֆուտբոլիստների ու մարզչի առումով ոչ մի տարբերություն չկա: Բայց այդտեղ ֆուտբոլային փիլիսոփայության հարց կա: «Բավարիան» խաղում է կարճ փոխանցումներով, ավելի շատ է սիրում վերահսկել գնդակի ընթացքը: Մենք լրիվ այլ ֆուտբոլ ենք խաղում, մշտապես փորձում ենք պրեսսինգի միջոցով ճնշել մրցակցին և արագ հակագրոհներ կազմակերպել:
- Բունդեսլիգայում, այս մրցաշրջանի ընթացքում, ի՞նչ նպատակներ ունես:
- Մենք ամեն ինչ պետք է անենք, որ «Բավարիայից» նախորդ մրցաշրջանի նման շատ հետ չմնանք: Կարծում եմ, որ դա մեր ուժերի սահմաններում է: Իհարկե, ես ցանկանում եմ իմ թիմի կազմում տիտղոսներ նվաճել:
- Մրցաշրջանի մեկնարկից առաջ բոլոր մասնագետները միաբերան պնդում էին, որ գրեթե անհնար է, որպեսզի «Բավարիան» զիջի դիրքերը:
- Ես կարող եմ միայն ասել, որ մենք ամեն հնարավոր բան կանենք, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում: Եվ վերջում կտեսնենք, թե դրանից ինչ կստացվի:
- Ի՞նչ եք կարծում, «Բորուսսիան» կարող է կրկնել նախորդ Չեմպիոնների լիգայի արդյունքը:
- Իհարկե, դա հրաշալի էր, որ տղաները նախորդ մրցաշրջանում մինչև եզրափակիչ հասան: Մենք այժմ բավականին բարդ խմբում ենք՝ «Արսենալ», «Մարսել», «Նապոլի»: Բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում և դուրս գանք խմբից: Իհարկե, մենք շատ ենք ցանկանում կրկնել նախորդ տարվա արդյունքը, բայց դրանից առաջ պետք է խմբից դուրս գալ:
- Ձեր թիմին Չեմպիոնների լիգայի հաղթողի ֆավորիտների թվում տեսնու՞մ եք:
- Այդ մրցաշարում ինձ համար ֆավորիտներ չկան: Կա մրցակցություն, որտեղ ամենափոքրիկ սխալը կարող է որոշիչ լինել: Շատ բան կախված կլինի թիմի ցուցադրած խաղի որակից ու կայուն ելույթներից:
- Շաբաթվա լավագույն լուրը: Յուրգեն Կլոպպը թիմի հետ երկարաձգել է պայմանագիրը:
- Իսկ ո՞վ ասաց, որ դա լավ լուր է (ծիծաղում է): Եթե, լուրջ, ապա դա լավ լուր է, քանի որ այդ մասնագետի հետ շատ հետաքրքիր է աշխատել: Կլոպպի հետ զրուցելուց միայն բավականություն ես ստանում: Նա հրաշալի մարզիչ ու հրաշալի անձնավորություն է: