Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
21-րդ դարում ոչնչացել են հայկական մշակույթի բազմաթիվ ինքնատիպ արժեքներ: Դրանք մոռացվել, դուրս են մղվել մեր կյանքից` մնալով միայն ազգագրագետների ուսումնասիրությունների նեղ շրջանակում: Գլոբալացման ալիքը սրբում-տանում է դարեր շարունակ հայ ժողովրդի կենցաղը բնորոշող արժեքները, որոնք այսօր փոխարինվել են օտարածին, անհասկանալի ենթամշակույթներով, արժեքներով: Անշուշտ, կարևոր է ազգային մտածողությունը համապատասխանեցնել 21-րդ դարի սկզբունքներին և հիմնվել աշխարհի համընդհանուր արժեքների վրա, սակայն ժամանակին համընթաց քայլելու ճանապարհները մեզանում հաճախ զուգորդվում են սեփական ձեռքերով ազգային արժեքների ոչնչացմամբ: Ինչպես կասեր հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանը` առաջադիմություն կպոռանք, համա ետ-ետ կերթանք…
Թողնելով հայ հասարակության` գլոբալացման մասին սխալ պատկերացումների պատճառները՝ անդրադառնանք հայ ժողովրդի մշակութային գործունեության ամենահետաքրքիր, սակայն, ավաղ, մոռացության մատնված արգասիքներից մեկին` հայոց ծիսական տիկնիկներին… Այս փոքրիկ տիկնիկներում մարմնավորված կերպարներն արտացոլել են մեր ժողովրդի կենցաղը, պարզ ու միամիտ, բայց, միևնույն ժամանակ, խորիմաստ և տիեզերքին ներդաշնակ մտածողությունը: Այս տիկնիկներից յուրաքանչյուրը խորհրդանշել է որևէ ծիսակատարություն, և ժողովուրդը նրանց օժտել է մի շարք հատկանիշներով, ստեղծել կերպարներ` համապատասխան տոնի բովանդակությանը:
Դրանց հետ էին կապված նաև տոների բազմաթիվ հետաքրքիր արարողություններ: Օրինակ` տարվա ամենասպասված և զվարթ տոնի` Բարեկենդանի վերջին օրը երիտասարդ տղաները պատրաստում էին ծիսական տիկնիկ` Ուտիս տատին, որը խորհրդանշում էր կնոջ տիրապետության շրջանը և ուներ գզգզված տեսք: Օրվա ավարտին հանդիսավոր արարողությամբ նրան գլորում էին սարի գագաթից` ի նշան Բարեկենդանի և կնոջ տիրապետության շրջանի ավարտի և Մեծ պասի ու արական շրջանի օրերի մեկնարկի, որի խորհրդանիշը Պաս պապն էր: Այն դիմավորելու արարողակարգն ուղեկցվում էր հետևյալ խոսքերով` «Տատը գնաց` շերեփը ձեռքին, պապը եկավ` չոմբախն ուսին»:
Ծաղկազարդի խորհրդանիշը Նուրի գեղեցիկ տիկնիկն էր, համարվում էր հայ գյուղացու փրկությունը երաշտի ժամանակ: Ըստ ավանդության` երբ Նուրին արտասվում էր, և արցունքները դիպչում էին հողին, բնությունը կենդանանում էր և առատ բերքուբարիք տալիս: Նուրիին դնում էին նաև նորապսակ աղջկա օժիտի մեջ` որպես նրա խորհրդատու և չար աչքից պաշտպանող:
Տիկնիկները եղել են ոչ միայն մարդակերպ, այլ նաև կենդանակերպ: Դրանք պատրաստվել են ամենատարբեր նյութերից` խմորից, փայտից, կտորից, տարբեր մետաղներից, կավից և այլն: Դրանց հետ է հայ ժողովուրդը կապել անձնական կյանքի հաջողությունները, հողի բերքատվության առատությունը և կենցաղային բազմաթիվ այլ նախապաշարմունքներ: Բայց ցավալի է այն փաստը, որ հայոց ծիսական տիկնիկների, ինչպես նաև լարախաղացության, բազմաթիվ այլ ծիսակատարությունների ու գեղեցիկ արժեքների մասին այսօր քչերը գիտեն: Անշուշտ, այս արժեքներով մենք պետք է ներկայանայինք աշխարհին, այլ ոչ թե առանձնապես բարձր մակարդակ չունեցող երաժշտական մրցույթներին մասնակցելով: Այս արժեքների ոչնչացման մասին պետք է ահազանգեր և անհանգստանար մեր հասարակությունը, այլ ոչ թե Եվրոպայի առջև ինքնահաստատվելու համար` ամեն տարի սկանդալներով ուղեկցվող «Եվրատեսիլին» մասնակից ընտրելու մասին: Ի վերջո, ի՞նչ ունենք մենք` ցույց տալու Հյուսիսային պողոտայից անհամեմատ ավելի շքեղ շինություններ տեսած, կեղծավոր, շինծու միջավայրում անցկացվող «գլամուրային» երեկույթներից, բրենդային խանութներից ձանձրացած և հային բնութագրող որևէ բան փնտրող զբոսաշրջիկին:
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ