կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 17:49
Առանց Կատեգորիա

Իսկ տիկնիկները չեն բողոքում

Իսկ տիկնիկները չեն բողոքում

Որոշ ԶԼՄ-ներ շատ ճիշտ են նկատել, որ ՀՀ նախագահի թեկնածուները, պատվախնդրության ամենաննշան չափաբաժին ունենալու պարագայում պետք է ամենակոշտ ձևով պատասխանեին Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ, 100-ից սկսած, որքան տոկոս ուզենա` կխփի: Հատկապես տարօրինակ է, այսպես կոչված, մրցակցային թեկնածուների լռությունն ու նրանց կողմից նախագահի այդ արտահայտությունը անպատասխան թողնելու փաստը:

 

Կա երկու բացատրություն: Կա'մ նախագահը ճիշտ է ասում, կա'մ էլ նախագահի խոսքերին վերաբերվում են այնպես, ինչպես էպոսագետ Վարդան Սեդրակյանի՝ 81 տոկոս ձայն տանելու հայտարարությանը: Իրենք, իհարկե, կարող են նաև ասել, որ ոչինչ չեն լսել «տոկոս խփելու՚» այդ պատմության մասին, քարոզչությամբ են զբաղված եղել կամ` անկողնուն գամված: Բայց դրանք, հասկանալի է, բացատրություններ չեն:

 

Իսկ մեր կարծիքով՝ իրենց այս լռությամբ թեկնածուներ Հովհաննիսյանը, Բագրատյանը և Հայրիկյանը փաստում են մի բան՝ այն, որ իրենք ընդամենը խաղարկային տիկնիկներ են և սպասարկում են այս ներկայացումը: Այլապես չէին լռի, ինչպես լռում է սենյակի անկյունում դրված աթոռը: Սերժ Սարգսյանի հայտարարությունն այնքան պերճախոս է, որ ո'չ ավելացնելու և ո'չ էլ պակասեցնելու տեղ ունի: Նա ասել է այն, ինչ կա իրականում՝ ինքը մրցակից չի տեսնում:

 

Այսօր, երբ հետադարձ հայացք ես գցում այն օրերին, երբ նախագահի թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը իրենց առաջին քայլերն էին անում առաջադրվելու ուղղությամբ, տեսնում ես, որ ոչ մեկի մոտ էլ առաջադրման ընթացքը խաղաղ ու սահուն չի եղել: Րաֆֆի Հովհաննիսյանը խճճված էր «Ժառանգություն» ֆրակցիայի խնդիրների մեջ և ստիպված եղավ իր ցուցակով ԱԺ բերել ազատ դեմոկրատներին ու Թևան Պողոսյանին, Բագրատյանը հակասությունների մեջ էր ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի ԲՀԿ-ամետ քաղվերլուծությունների հետ, իսկ Պարույր Հայրիկյանն էլ օրումեջ հայտարարություններ էր անում, որ Սերժ Սարգսյանին հնարավոր չէ հաղթել, քանի որ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն թաթը դրել է բոլոր սֆերաների վրա: Ի դեպ, Հայրիկյանի պարագան հետաքրքիր է նաև նրանով, որ մի ժամանակ նա Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի և Խոսրով Հարությունյանի «կռուգում» հայրենասեր էր խաղում, մասնակցում այդ խմբակի քաղաշխատանքներին և այլն: Իսկ թե ինչու Հայրիկյանն էլ այդ երևելիների հետ չմտավ ՀՀԿ ցուցակ, ավելի լավ է ինքը բացատրի, միայն թե չասի, որ Սերժ Սարգսյանի հետ ունեցած գաղափարական տարաձայնություններն էին պատճառը: Կարծում ենք` սխալված չենք լինի, եթե ասենք, որ Սերժ Սարգսյանն այն ժամանակ Հայրիկյանին պահեց նախագահական ընտրությունների համար, որպեսզի, կներեք բառի համար, օգտագործի ընդդիմությունից ձայն փախցնելու հատուկ նպատակով:

 

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նա, առաջին անգամ նախագահական ընտրություններին թեկնածուի կարգավիճակով մասնակցելու բուռն ցանկությամբ տարված, այդպես էլ չկարողացավ իրենից դուրս մեկ այլ, բոլորի կողմից ընդունելի միասնական թեկնածու տեսնել: Րաֆֆիի այդ էքսցենտրիկ պահվածքն այնքան ձեռնտու էր իշխանություններին, որ նրան անմիջապես հասկացրեցին՝ դու երկրորդն ես լինելու ընտրությունների արդյունքով:

 

Իշխանությանը ձեռնտու էր նաև ՀԱԿ անդամ (թեկուզ սառեցված վիճակում) Հրանտ Բագրատյանի մասնակցությունն այս նախագահական ընտրություններին, ինչն, անշուշտ, աչք շոյող բան է, եթե հաշվի առնելու լինենք ՀԱԿ-իշխանություն գզվռտոցի ողջ ընթացքը: Այդ հակամարտությունը գրեթե վերացել էր ԱԺ ընտրություններով, իսկ հիմա արդեն ՀԱԿ ներկայացուցիչն իր ուժերն է փորձում նախագահական ընտրություններում:

 

Սերժ Սարգսյանը ժամանակին հենց այս երեքի անունն է տվել ու գովաբանել նրանց՝ որպես արժանի մրցակիցների՝ ցանկանալով ընդգծել, որ ընտրություններն այնքան էլ անմրցակցային չեն, ինչպես պնդում են թեկնածու չառաջադրած ուժերը: Եվ հիմա ի՞նչ սպասես այս մրցակցային եռյակից, որ ո'չ հռում, ո'չ բռում է, երբ Սերժ Սարգսյանը նույն անվրդով տոնով հայտարարում է, թե քանի տոկոս ուզի, այնքան էլ գրելու է նրանց: Կարծում ենք՝ վերամբարձ տոներն ու պայքարի նետվելու, երկիրը փոխելու, տնտեսությունը փրկելու, մարդկանց կյանքը լավացնելու կոչերն այլևս առոչինչ են նշյալ թեկնածուների պարագայում: Նրանք այս ընտրություններին մասնակցում են մեկ նպատակով՝ որպեսզի ունենան այն, ինչ գուցե և կտան իրենց: Իսկ գուցե և ոչինչ չտան, չի բացառվում: Բայց նույնիսկ այդ դեպքում նրանք խոսելու, բողոքելու տեղ չունեն: Գիտեն, որ իրենք չեն որոշողը և, բացի այդ, գիտեն՝ իրենց կամքով են դարձել այս ներկայացման տիկնիկները:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ