կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-17 12:35
Մշակույթ

Հայաստանը պատրաստվում է «Տիկնիկները` հանուն խաղաղության» համաշխարհային երթին ու փառատոնին

Հայաստանը պատրաստվում է «Տիկնիկները` հանուն խաղաղության» համաշխարհային երթին ու փառատոնին

Այսօր կառավարության նիստում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց «Տիկնիկները` հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթ և տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն և համաժողով» ծրագրի շրջանակներում արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման` 2015թ. պետական բյուջեում և ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:

«Տիկնիկները` հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ս.թ. ապրիլի 19-27-ը Կուբայի Վարադերո քաղաքում՝ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության խորհրդի նիստի ժամանակ, ՀՀ պատվիրակության առաջարկությամբ և ՀՀ մշակույթի նախարարության համաձայնությամբ:

Նախատեսվում է 2015 թ. ամառ-աշուն ժամանակահատվածում, ՅՈՒՆԻՄԱ-ի 97 Ազգային կենտրոնների մասնակցությամբ, անցկացնել «Տիկնիկները` հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթը՝ նվիրելով այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին:

Եզրափակիչ արարողությունը կայանալու է Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: ՅՈՒՆԻՄԱ-ի անդամ բոլոր ազգային կենտրոնները երթն իրենց երկրներում անցկացնելու են տիկնիկային թատրոնների մեկշաբաթյա փառատոների տեսքով: Երթին մասնակից երկրների մայրաքաղաքներում փառատոներն ավարտվելու են հանդիսավոր արարողությամբ, որի ավարտին օդ են բարձրանալու մեծ օդապարիկներ, որոնց զամբյուղներում զետեղվելու են խաղաղության և բարեկամության, հանդուրժողականության և մշակույթների մերձեցման, ինչպես նաև պատերազմի քարոզը, բռնությունը, այլատյացությունն ու խտրականության բոլոր ձևերը դատապարտող կարգախոսներ:

Բացօթյա տոնախմբության ձևով անցկացվող արարողությունը բեմադրվելու է աշխարհի հինգ մայրցամաքներից հրավիրված հինգ լավագույն բեմադրիչների կողմից` այդ մայրցամաքների խորհրդանիշերով ձևավորված հինգ բեմահարթակների վրա:

Տարբեր տարածաշրջաններից բեմադրիչներ հրավիրելու և Հայաստանում համատեղ բեմադրություն իրականացնելու առաջարկն արվել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից՝ 2012թ. սեպտեմբերին ՅՈՒՆԻՄԱ միջազգային կառույցի նախագահ Դադի Փուդումջիի հետ հանդիպման ժամանակ: Տոնախմբության ընթացքում Հայաստանը` որպես համաշխարհային երթի նախաձեռնող և կազմակերպիչ, հանդես է գալու մեծ դիմակ-տիկնիկներով, երգուպարով, ազգային մշակույթը և տիկնիկային արվեստը ներկայացնող բեմականացմամբ: Մասնակիցների թվում են լինելու նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Տոնախմբության անցկացման ավարտին կտնկվի «Խաղաղության ծառը»՝ հինգ մայրցամաքներից բերված հողով և ջրով:

Հանդիսության մասնակիցներին բաժանվելու են համաշխարհային երթի խորագրով և կարգախոսներով թերթիկներ, որոնց վրա ցանկացողները ավելացնելու են իրենց բարեմաղթանքները: Բոլոր այդ գրություններն ամփոփվելու են հինգ մայրցամաքները խորհրդանշող օդապարիկների զամբյուղներում: Հանդիսավոր երաժշտության հնչյունների ներքո օդապարիկները օդ են բարձրանալու՝ փառատոնի կարգախոսներն ու պատգամները իրենց հետ տանելով դեպի աշխարհի բոլոր անկյունները:

Հաջորդ օրվանից Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սկսվելու է տիկնիկային թատրոնների մեկշաբաթյա փառատոնը: Այդ օրերին անցկացվելու են բազմաբնույթ միջոցառումներ՝ տիկնիկային ներկայացումներ, տիկնիկային արվեստի վարպետության դասեր, կլոր սեղաններ, ինչպես նաև «Տիկնիկային արվեստը փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանս: