կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-03 15:00
Հասարակություն

Տեղին չէ՞ խոսել չարաշահումների մասին

Տեղին չէ՞ խոսել չարաշահումների մասին

Կրթության եւ գիտության նախարարությունն ամենաշատ ստուգված եւ ուսումնասիրված նախարարություններից մեկն է եղել. այսօր, արձագանքելով ՎՊ հաշվետվությանը, նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

Ըստ նրա` 4 խոշոր ծրագրեր են ստուգվել ՎՊ-ի կողմից` ավագ դպրոցների, դպրոցներին ինտերնետի տրամադրման, ԵՄ-ի եւ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերը:

 

«ՎՊ կողմից ներկայացված դիտողությունների մի մասը մեր կողմից ընդունվել է, օգտակար ենք համարել այդ դիտողությունները: Մյուս մասով մենք ունացել ենք առարկություններ: Պետք է ասեմ, որ արձանագրված խնդիրները կարելի է դասակարգել ֆինանսական, վարչական եւ մեթոդական խնդիրների: Տեղի չէր եւ տեղին չէ խոսել չարաշահումների մասին»,- ասաց Արմեն Աշոտյանը:

 

Նրա ներկայացմամբ` կան այնպիսի խնդիրներ, որոնցից է, օրինակ, դպրոցներին ինտերնետի սարքավորումների համար հայտարարված մրցույթը: Աշոտյանը նշեց, թե այդ սարքավորումները ուշ են տեղ հասել, ուստի 2011 թվականին դպրոցներում տեղադրելու փոխարեն տեղադրվել են 2012 թվականին:

 

«400-ից ավելի դպրոցներ ավելի ուշ են միացել ինտերնետ համակարգին, որի արդյունքում մոտ 300 միլիոն դրամի տնտեսումներ էին առաջացել, ու մենք որոշել էինք այլ ուսումնական հաստատություններում ինտերնետին միացնելու ծրագիր իրականացնել, սակայն ՎՊ-ն ասաց, որ այդ գումարները պետք է վերականգնվեն պետբյուջե, ու վերականգնվել են»,- նշեց Արմեն Աշոտյանը:

 

ԵՄ կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում, տեղեկացրեց ԿԳ նախարարը, ստուգվել է չորս քոլեջ, այդ ընթացքում առաջացել են որոշ խնդիրներ: Օրինակ` Արտաշատի պետական քոլեջում 116 հազար դրամի անորակ աշխատանքներ են արձանագրվել, մոտ 500 հազար դրամի էլ` հավելագրումներ:

 

Ամենաշատ խնդիրները, Աշոտյանի ներկայացմամբ, արձանագրվել են Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրում. այստեղ արձանագրվել են մի շարք մեթոդական սխալներ: Խոսքը ուսուցիչների վերապատրաստման ժամանակ վերապատրաստվողներին տրամադրվող ճանապարհածախսի ու սննդի համար հատկացված գումարներին է վերաբերում:

 

Աշոտյանը նշեց, որ արձանագրվել է նաեւ, որ հիսուն միավոր համակարգչային տեխնիկա նախարարությունն իրեն է պահել: «Այդպիսի բան եղել է, բայց ավելի էժան տեխնիկա մատակարարելու պայմանագիր ենք կարողացել կնքել, որի ընթացքում էլ ձեռք է բերվել ավելի մեծ քանակությամբ տեխնիկա` նույն գումարով, ինչի արդյունքում դպրոցների համար նախատեսված խմբաքանակը մատակարարվել է, եւ հիսուն միավոր էլ ավելացել է, որը պահվել է նախարարության աշխատակիցների կարիքների համար»,- ասաց ԿԳ նախարարը:

 

Վերահսկիչ պալատի կողմից արձանագրվել են նաեւ ավագ դպրոցներում աշակերտների հավելագրումներ, որոնք համապատասխանում են իրականությանը, եւ այս հարցի կապակցությամբ, հավաստիացրեց Աշոտյանը, որոշակի քայլեր են ձեռնարկվում` ներդրվում է միասնական տեղեկատվական համակարգ, ու մի քանի տարուց այս խնդիրն իսպառ կվերանա:

 

Լրագրողների խնդրանքով Արմեն Աշոտյանը խոսեց նաեւ կուսակցական գործերից` չխորանալով ներկուսակցական հարցերի մեջ: