կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-15 03:56
Հասարակություն

Զեկույցը սուր է, բայց` տեղին

Զեկույցը սուր է, բայց` տեղին

Վերջերս «Թրանսփարենսի ինթերնեշընլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակեց զեկույց` տարածաշրջանի երեք երկրներում կոռուպցիայի վիճակի վերաբերյալ: Հայաստանի առնչությամբ զեկույցում արտահայտված բավական սուր եւ բացասական եզրահանգումների վերաբերյալ զրուցեցինք Ամերիկյան համալսարանի դասախոս, քաղաքագետ Եվգենյա Պատուրյանի հետ:

Փորձագետը նշեց, որ գնահատականներն ու բացասական եզրահանգումները տեղին են եւ կարեւոր: «Օրինակ` դատական համակարգի վերաբերյալ մեր ժողովուրդը բավական բացասական կարծիք ունի, չի վստահում: Այդ տեսակետից, երբ այնպիսի զեկույց կա, որն ասում է, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան այդ համակարգի հետ, ես միայն կարող եմ ողջունել: Դատական համակարգը մեր երկրի ամենալուրջ ու խնդրահարույց օղակներից մեկն է, քանզի այն մարմինները, որոնք կոչված են պաշտպանելու մարդկանց իրավունքները, մեզ մոտ իրենք են խախտում այդ իրավունքները կամ վստահություն չեն ներշնչում ժողովրդին»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ շատ դեպքերում, որպես կոռուպցիայի նկատմամբ հակում ունեցող անձինք, դիտարկվում են հենց պաշտոնյաները, Ե. Պատուրյանը նկատեց, որ իսկապես կա այդպիսի կարծիք, որ ով ուժ ունի, կարող է օգտագործել այդ ուժն ու ազդեցությունն իր օգտին:

«Քանի որ Հայաստանում շատ թույլ են այն մեխանիզմները, որոնք մարդկանց կսթափեցնեն, ապա պաշտոնյաները բավական հաճախ գնում են այդ քայլերին. նրանք չեն վախենում, որ վաղն իրենց ձեռքից կբռնեն եւ կդատեն: Միայն այն պարագայում են վախենում, երբ պարզվում է, որ ինքը ինչ-որ մի խմբավորման անդամ է, եւ այն մյուս խմբավորումն է ուզում իրեն ճնշած լինել: Այսինքն` միայն կլանային պատերազմների դեպքում են մարդիկ պատժվում, իսկ եթե ինքը հարում է այն կլանին, որը ներկա կառավարության կողմից վստահելի է, բացարձակապես ո'չ վախ կա, ո'չ սթափություն: Երկրում հակակոռուպցիոն մեխանիզմները շատ թույլ են, եւ ընդհանրապես պատժվելու վախ չկա»,- նշեց փորձագետը:

Վերջին շրջանում, սակայն, կոռուպցիայի վերաբերյալ քննարկումները գնալով ավելի լայն թափ են հավաքում, այլ հարց է` որքանով են դրանք արդյունավետ: «Ես ուրախ եմ, որ այդպիսի քննարկումներ են սկսվել, եւ ողջունում եմ այն պաշտոնյաներին, ովքեր քննարկումներին մասնակցում են,- նշեց փորձագետը:- Կարծում եմ, որ դրանք արդյունավետ են, որովհետեւ մենք արդեն ունենք օրինակներ, երբ պետական պաշտոնյաները փորձում են իրենց պատիվը պաշտպանել: Իհարկե, բոլորին չէ, որ կարելի է միանման փնովել, եւ պաշտոնյան սկսում է լուրջ մտածել, որ ժողովուրդը չի լռելու, որ ինչ-որ ուժեր են հայտնվելու, որոնք բացահայտելու են այդ դեպքերը, եւ իրենք են քայլեր ձեռնարկում` պաշտպանելու իրենց, ընդ որում` քայլերի մի մասը նաեւ ռեալ փոփոխությունների մասին են վկայում»:

Ե. Պատուրյանը նաեւ հավելեց, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի ժողովրդի վստահությունն աստիճանաբար վերականգնվի ռեալ դեպքերի հիման վրա, որ «այո', այսինչը պատժվեց, այո', այսինչ օրենքը փոխվեց, այսինչ նոր մեխանիզմը մտցվեց»: