կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-05 15:36
Քաղաքական

Վերահսկիչ պալատի բացահայտումները տեղին էին. տրանսպորտի փոխնախարար

Վերահսկիչ պալատի բացահայտումները տեղին էին.  տրանսպորտի փոխնախարար

ԱԺ-ում շարունակվում են 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումները:

 

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանից հետաքրքրվեց, թե ո՞ր կառույցն է պատասխանատու ֆինանսների արդյունավետության համար: Փոխնախարարը նշեց, որ որակական, ծավալային խնդիրների պատասխանատուն ծրագրերի կառավարման խորհրդատուն է, բայց դա որեւէ կերպ պատասխանատվությունը չի հանում ծրագրերի իրականացման կազմակերպության վրայից:

 

«Ծրագիրն արդեն երեք ամիս ուշացել է, եւ լուրջ խնդիրներ են առաջացել: Տեղյակ եք, որ նաեւ կադրային որոշակի փոփոխություններ են կատարվել»,- նշեց փոխնախարարը եւ հստակեցրեց, որ մեկ ամսից պարզ կլինի` շարունակո՞ւմ է այդ ընկերությունը աշխատանքները, թե՞ ոչ:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, սակայն, այդքան էլ առաջնային չի համարում Վերահսկիչ պալատի բացահայտումները: «Կինո ենք սարքում, թե` ժողովո'ւրդ, տեսեք-տեսեք, մենք վարկային փողերը վերահսկում ենք»,- հայտարարեց Բագրատյանը եւ ընդգծեց, որ Վերահսկիչի զեկույցը համարում է ուշադրություն շեղելու փորձ:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ նախարարությունն այս հարցում անթերի է աշխատել, լավ չէ, որ, ասենք, ծրագրի տնօրենն էլ կարող է մտածել` դե, երկու տարի կաշխատեմ, հետո պաշտոնից կազատվեմ, ի՞նչ է եղել որ: «Ո՞ւմ են վերաբերում Վերահսկիչ պալատի այդ խիստ գնահատականները, կոնկրետ` ո՞ւմ: Դուք համաձա՞յն եք այդ գնահատականների հետ»,-հետաքրքրվեց ՀՀԿ-ական պատգամավորը փոխնախարարից:

 

Հ. Բագրատյանն էլ նշեց, որ կոնկրետ վերաբերում են  շինարարական կազմակերպություններին, արձանագրվել է եւ պարտադրվել, որ շինարարները վերադարձնեն գումարները:

 

Ուշագրավ է, որ Վերահսկիչ պալատի բացահայտումների վերաբերյալ փոխնախարարը հայտարարեց, որ այդ բացահայտումները տեղին է համարում, նաեւ նորմալ է, որ աղմուկ բարձրացավ, որ շինարարական կազմակերպությունը չմտածի, թե ինչ ուզի, կարող է անել: