Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի հորդորն ուղղված է նրան, որ բոլորը ձգված աշխատեն. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ՏԻՄ-երին նվիրված խորհրդաժողովում նախագահ Սարգսյանի հայտարարությանը, որ գողացող համայնքապետերն այլևս չեն ներվելու, և ամոթ է, որ նման երևույթ կա:
Պատգամավորը չբացառեց, որ որոշ համայնքապետեր իրենց դիրքը չարաշահել են, և այդ մասին է բարձրաձայնել նախագահը: «Մարզպետերը, նախարարները պետք է ոչ թե փորձեն հովանավորել այդպիսի համայնքապետերին, այլ պետք է վերահսկել. ես նախագահի հայտարարությունն այդ ուղղությամբ եմ տեսնում: Սա էլ պետք է կատարվի, կարգավորվի ոչ թե հայտարարություններով, այլ գործողություններով»,- նշեց նա:
Ռուստամյանը նշեց, որ նոր Սահմանադրությունը, նոր համակարգը հենց նման երևույթները բացառելու համար են: «Եղել են ահազանգեր, որոնց մասին բոլորս գիտենք, բայց դրանց հետևից գնացող չի եղել։ Նախագահն ասում է, որ այսուհետ գործընթացն իր հունով ընթանալու է»,- նշեց նա։
Դիտարկմանը` նախագահը հայտարարել է, թե ամոթ է թալանելը, իսկ ամոթը Սահմանադրությամբ սահմանված պատիժ չէ, Ռուստամյանն արձագանքեց, որ Սահմանադրությամբ չէ, որ ամեն մեկը պետք է իր ելույթները կառուցի: «Այս հայտարարությունը նախազգուշացում է, որ պետք է վեր հանվեն նման երևույթները»,- ասաց նա:
Բացի այդ` պատգամավորի կարծիքով` ելույթը նրան էր ուղղված, որ նոր տարուց հետո պետք է բացառվեն նման բաները, իսկ ապրիլից հետո բոլորովին այլ կերպ է լինելու:
«Բոլորս էլ գիտենք, որ տարել են ու չեն բռնվել: Ինչո՞ւ, որովհետև համակարգն է թույլ տալիս: Ես փաստերն եմ արձանագրում: Մենք գիտենք դրա մասին, եղել են այդպիսի դեպքեր ու չեն բռնվել, պատճառներն էլ գիտենք, թե որտեղ են: Ապրիլից հետո դատական իշխանությունը, որ մենք պետք է ձևավորենք, չի ղեկավարվելու մեկ կենտրոնից, դատարանները մտնելու են իրենց ֆունկցիայի մեջ»,- հայտարարեց Ռուստամյանը:
Հարցին` այս պահին դատախազությունը պե՞տք է զբաղվի նախագահ Սարգսյանի հայտարարությամբ, նա պատասխանեց` իհարկե, պետք է արձագանքի: «Ոչ միայն պետք է նախագահի հայտարարությունից հետո արձագանքեին, այլ նրանց սրբազան պարտքը պետք է լիներ, որ ժամանակին դրանով զբաղվեին»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` համակարգի` ամբողջությամբ փոփոխությունից հետո ոստիկանության ամեն մի աշխատող էլ, որ իմանա երկրում բան է փոխվել, մեկ հոգի չի որոշում ամեն բան, հազար կողմից իրեն կարող են վերահսկել, նորմալ կկատարի իր պարտականությունները:
«Նախագահը երևի հորդորում է, որ այդ գործերն իսկապես իրենց ընթացքի մեջ մտնեն, սահուն անցում կատարենք այն համակարգին, որը գալու է: Հին մեթոդներն ու կարգերը վերացել են, Հայաստանը նոր կարգով է ապրելու»,- ասաց Ռուստամյանը:
Նա նաև անդրադարձավ հարցին` արդյո՞ք ՀՅԴ-ական գող համայնքապետեր կան: Պատգամավորն ընդգծեց, որ նախ` նման փաստ չկա, բայց, որպես դաշնակցական, եթե նման բան պարզվի, պատասխանատվության կենթարկեն այդպիսի դաշնակցական գյուղապետին:
Հարցին էլ` համաձա՞յն է, որ ձուկը գլխից է հոտում, Ռուստամյանը պատասխանեց, որ ձուկն ամեն տեղից էլ հոտում է:
Ամփոփելով խոսքը` նա նշեց, որ իրենք միշտ էլ բարձրաձայնել են, որ «բուրգի» մեջ արատավոր երևույթներ կան: