կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-01 11:20
Հասարակություն

Ո՞վ է սիրում իր աշխատանքը

Ո՞վ է սիրում իր աշխատանքը

Սեփական աշխատանքից հաճույք ստանալու եւ այն առավելագույնս արդյունավետ կատարելու համար հաճախ կարևոր է ոչ այնքան դրանից բարձր եկամուտ ունենալը, որքան դրա՝ սեփական նախասիրություններին եւ հետաքրքրություններին համապատասխանելը: Սակայն միշտ չէ, որ կարող ես աշխատել մասնագիտությամբդ, ունենալ լավ աշխատանքային միջավայր, գործընկերներ, տնօրեն եւ ցանկալի աշխատավարձ:

 

Gallup-ը պարզել է, որ ԱՄՆ բնակիչների 70 %-ը չի սիրում իր աշխատանքը կամ հետաքրքրություն չունի դրա նկատմամբ: Կա՞, արդյոք, սեփական աշխատանքը չսիրողների նման մեծ թիվ Հայաստանում: Այս հարցի պատասխանը հստակ եւ ճշգրիտ թվերի տեսքով ստանալու համար մեզանում դեռևս չեն կատարվել համապատասխան սոցիոլոգիական հետազոտություններ: Լավ աշխատանք ձեռք բերելու նպատակը կյանքի կոչելու առաջին կարևոր քայլը  մասնագիտության ճիշտ ընտրությունն է:

 

Հաշվի առնելով Հայաստանի բուհերում որոշ մասնագիտությունների մասով պատրաստվող կադրերի մեծ թիվն ու աշխատաշուկայում դրանց սահմանափակ հնարավորությունները՝ կարելի է ասել, որ սա այն դեպքն է, երբ պահանջարկը եւ առաջարկը չեն համապատասխանում: Շատ դիմորդներ, տուրք տալով ծնողների՝ իրենց զավակին այս կամ այն մասնագետը տեսնելու երազանքին, հարեւանության եւ բարեկամության կարծիքին, ընտրում են, այսպես կոչված, բարձր հեղինակություն ունեցող եւ «թանկարժեք» մասնագիտություններ՝ հաճախ խեղդելով սիրած գործով զբաղվելու իրենց ցանկությունը: Այնինչ, աչքի անցկացնելով աշխատանքի գործակալությունների առաջարկները, ակնհայտ է, որ միջին մասնագիտական կրթություն ունեցողներն առավել պահանջարկ ունեն:

 

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մեծ է տնտեսագետ, իրավաբան, դիվանագետ եւ լեզվագետ դառնալ ցանկացողների թիվը: Մինչդեռ Հայաստանի տնտեսության զարգացումն անհնար է առանց գյուղատնտեսության եւ այդ ոլորտին առնչվող մասնագետների, իսկ համապատասախան մասնագետներ պատրաստող ֆակուլտետներում ուսանողների ակնհայտ պակաս կա: Հայկական տոնավաճառները ամենաբազմազան մասնագիտությունների տեր մարդկանց հավաքատեղիներ են՝ բուժքույր, բանասեր, ծրագրավորող, իրավաբան... Հանապազօրյա հացը առեւտրով վաստակող եւ հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող վաճառականներից շատերը կարծում են, որ Հայաստանում իրենց մասնագիտությանը համապատասխանող աշխատանքները կա'մ չափազանց քիչ են եւ չնչին գումարով վարձատրվող, կա'մ այդ ոլորտներում աշխատելու եւ արժանապատիվ կյանք ապահովելու համար մեծ փողեր ու ծանոթությունների լայն շրջանակ է հարկավոր: Ըստ ամենայնի՝ ամեն տարի հայաստանյան բուհեր են ընդունվում երիտասարդներ, որոնք մասնագիտություն ընտրելիս արդեն պոտենցիալ գործազուրկներ են, եւ բուհն ավարտելուց հետո պարզապես կարող ենք ունենալ դիպլոմավոր բանվոր: Եվ մանավանդ Հայաստանում, ուր կա 35 տոկոսից ավելի աղքատության պաշտոնական ցուցանիշ, մեծածավալ գործազրկություն, մարդը, բնականաբար, չի կարող զբաղվել նրանով, ինչով ցանկանում է, եւ հարցման ժամանակ էլ հայտարարել, թե իրեն դուր է գալիս իր աշխատանքը: Աշխատողների մեծամասնության դեպքում, համենայն դեպս, այդպես է:

 

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ