կարևոր
1573 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-09 22:23
Հասարակություն

Ամեն ինչ բողոքարկելու` ՀՀ դատախազության մոլուցքն արդեն ծիծաղելի չէ. փաստաբան

Ամեն ինչ բողոքարկելու` ՀՀ դատախազության մոլուցքն արդեն ծիծաղելի չէ. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․

«ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազի հերթական բողոքը վարույթ ընդունելը։ Ամեն ինչ բողոքարկելու ՀՀ դատախազության մոլուցքն արդեն ոչ միայն ծիծաղելի է։ Ընդհուպ, ՀՀ գլխավոր դատախազի, նրա տեղակալների վճռաբեկ բողոքների տրաֆարետային, անտեղյակ բովանդակությունը զարմանք է պատճառում (բացառությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի բողոքների գերակշիռ մասի)։ Ակամա հիշեցի տարիներ առաջ, երբ, որպես ավագ սպա-իրավաբան, ծառայում էի ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսում, դե մասնագիտությամբ զինվորական չէի, երիտասարդ տղա, անընդհատ ձգտում էի Երևան գալ, շաբաթ-կիրակի օրերին բացակայում էի կայազորի տարածքից, նույնիսկ հերթապահությունը հանձնելու օրերին արագ գալիս էի Երևան, մյուս օրն առավոտյան շուտ վերադառնում, իհարկե նաև մշտապես սովորում էի ավագ ծառայակիցներից, մասնակցում էի մարտական հերթափոխի կազմակերպմանը, ուղեկցմանը, ենթակա զորամասերի, մարտական հենակետերի պլանային և հանկարծակի ստուգումներին։

Մի անգամ, երբ առավոտյան ուշացած ներկայացա ծառայության, կորպուսի շտաբի պետ, երկարամյա կադրային զինվորական, գնդապետ Վարդան Շառյանը կիսակատակ ասաց՝ Ասլանյան, քեզ նման մի 50 տարի էլ կծառայեմ։

Հիմա ուզում եմ նույնն ասել հարգարժան գործընկերներիս, այ ձեր ցավը տանեմ, եթե դատախազությունում աշխատանքի տարիներին ձեր նման աշխատեի՝ առանց փաստաթղթի բովանդակության մեջ խորանալու այն ստորագրեի, առանձին դեպքում դրա հիմնական բովանդակությունն անձամբ համակարգչով չկազմեի, քրեական գործը երբեմն անձամբ չուսումնասիրեի, մշտապես հավատայի բոլոր ենթակաների զեկուցմանն ու խոսքին, երբեմն չփորձեի դրանցում հակասականությունը վերհանել, ապա մի 50 տարի էլ հանգիստ կաշխատեի, առողջությունս էլ չէի փչացնի»։