Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանն այսօր կդառնար 20 տարեկան: Այսօր Կամարիս գյուղում գտնվող նրա տանը հավաքվել են հարազատները, բարեկամներն ու ընկերները` ոգեկոչելու հայրենիքի համար հերոսացած Ազատի հիշատակը: Նա ծառայում էր Արցախի Ջրական բնակավայրի մոտ /Ջաբրայիլ/:
Մայրը` Վեհանուշ Ենոքյանը, բնականաբար, չի հաշտվում միակ որդու կորստի հետ, դեռ սպասում է նրա զանգին` այնպես, ինչպես ամեն առավոտ զորամասից էր զանգում մորը, ասում. «Բարի լույս, մա'մ»:Մինչ հիմա նրա ձայնը, նրա ասած «բարի լույս»-ը մոր ականջներում է:
Մայրը պատմում է, որ Ազատը սիրել է ծառայությունը, անհամբերությամբ սպասել, թե երբ պետք է գա բանակ գնալու օրը: Երբ մայրը համոզել է որդուն` 6 ամիս հետո գնալ ծառայության, իսկ այդ ընթացքում ավարտին հասցնել խոհարարական մասնագիտացումը, Ազատը մերժել էր մոր խնդրանքը` ասելով, որ գնալու է ծառայության, կվերադառնա ու կշարունակի ուսումը:
«Այնքան ուրախ էր, որ պետք է գնա ծառայության, այնքան անհամբեր, որ ասում էր. «Մա'մ, վայենկոմատն ինձ մոռացել է»: Հետո, երբ գնաց ծառայության, միշտ ասում էր, որ գոհ է թե' տեղից, թե' ծառայությունից»,- ասում է Վեհանուշ Ենոքյանը:
Ազատը շատ էր սիրում լուսանկարվել, շատ է սիրել նաև իր ծննդյան օրը: Ուրախ տղա էր, միշտ ժպիտը դեմքին, և շատ խղճով, բարի, հասնող: Մայրը պատմում է նաև, որ ամեն օր գնում էր եկեղեցի ու մոմ վառում:
Մարտի 31-ին էր վերջին անգամ զանգահարել մորը, մեկ օր անց` ապրիլի 1-ին, պետք է բարձրանային դիրքերը: «Մենք չգիտեինք, որ Ազատն առաջնագիծ է մեկնելու, նա մեզ չէր ասել, դիտավորյալ թաքցրել էր, որ չանհանգստանանք: Ասել էր, թե պահեստներում է: Ընկերներին զգուշացրել էր, որ հանկարծ մեզ չասեն առաջնագիծ բարձրանալու մասին: Ասել էր` Վեհանուշը չի դիմանա: Բա ինչպե՞ս եմ 8 ամիս դիմանում առանց Ազատի»,- լալիս է մայրը:
Ազատը երկու քույր ունի: Մայրն ասում է, որ ամբողջ կյանքում վախեցել է միմիայն Ազատի համար, աղջիկների համար երբեք չի անհանգստացել, բայց որդու համար… Ծնված օրվանից մայրն իր կյանքը նվիրել էր Ազատին:
«Ամեն տուն մտնելիս գալիս, թուշս էր համբուրում, ասում. «Մա'մ ջան, քեզ էնքան շատ եմ սիրում»,- հիշում է մայրը:
Այսօր` Ազատի ծննդյան օրը, նրա գերեզմանին դրվեց հուշաքար: Մայրն արցունքների միջից միայն մի բան էր անվերջ կրկնում. «Ես քեզ շատ եմ սիրում, բալե'ս»:
Ոգեկոչմանը ներկա` Կոտայքի մարզպետի տեղակալ Համլետ Հայրապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Ազատի հետ դիրքերում գտնվող ընկերները պատմել են, որ Ազատը զոհվելու օրը, երբ հակառակորդը սկսել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունները, բարձրաձայն երգել է` «Ես սիրում եմ քեզ, մամա'», երևի կանխազգացել է ամեն ինչ:
Ազատը զբաղվել է նաև սպորտով: 10 օրից գյուղի դպրոցի դահլիճում անցկացվող մրցույթը, որին մասնակցելու են հանրապետության լավագույն մարզիկները, նվիրված է լինելու Ազատի հիշատակին: Շուտով դպրոցի ռազմական դասարանը կանվանակոչվի Ազատի անունով:
«Ողջ մնացածներս պարտավոր ենք մեծարել հանուն հայրենիքի զոհվածներին: Ես փոխել եմ իմ կարգախոսը: Այսուհետ հանուն հայրենիքի պետք է ապրենք, որ շենացնենք մեր երկիրը: Գյուղում Ազատի հիշատակը հավերժացնող էլի հուշակոթողներ կբարձրանան»,- ասաց Համլետ Հայրապետյանը` հավելելով, որ ապագա պլաններում է գյուղի կենտրոնական փողոցը և դպրոցը Ազատի անունով անվանակոչելը:
Իսկ թե որտեղի՞ց 18 տարեկանների մոտ այդքան նվիրում ու հայրենասիրության զգացում, Համլետ Հայրապետյանը նշեց. «Կամարիսի բնակիչների նախնիները Արևմտյան Հայաստանից ներգաղթյալներ են եղել, այստեղ գենետիկան է խոսում, արյան կանչը: Մեր գյուղում կենդանի լեգենդներ կան, որ Արցախյան պատերազմի մասնակիցներ են: Իսկ Ազատը շատ կարդացող, բանիմաց տղա էր, գիտեր այս բոլոր մարդկանց մասին, բացի այդ` արյունն ու գենետիկան են նրա մեջ վառ արտահայտված եղել, նա լավ տոհմի զավակ է, լավ պապիկի թոռ, լավ ծնողների երեխա: Չկար մեկը, ով Ազատին չսիրեր»:
Գյուղի դպրոցի տնօրեն Արամայիս Ենոքյանն էլ նշեց. «Այս տարիքի երեխաներին բախտ վիճակվեց հայրենիքի համար իրենց կյանքը տալ: Ազատը բոլորի կողմից սիրված էր, բարի, մարդասեր: Երևի իր ամբողջ կյանքի բարությունը նա ամփոփել էր այդ 19 տարվա մեջ»:
Ոգեկոչմանը ներկա` Արցախի պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանը Ազատի ծնողներին հանձնեց հետմահու պարգևատրումը` Հայրենիքի պաշտպանության համար մեդալը:
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ, ՀՀ նախագահի «Դուք մենակ չեք» ծրագրի համաձայն, 101 կուրսանտ ու ազատամարտիկ ամեն տոներին ու քառօրյա պատերազմում զոհված 101 զինվորների ծննդյան օրերին այցելում են նրանց շիրիմներին:
Մելանյա Մելքումյան
’