|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Մի քանի օր է՝ ՔՊ-ն ողջ կազմով ծանր մարտեր է մղում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ: Վերջինս հայտարարել է, որ քաղաքական հայտ է ներկայացնում` ձեւավորում է կուսակցություն, մասնակցելու է ընտրություններին եւ հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին։
Մեր տեղեկություններով, իշխանական թիմին հրահանգ է իջեցվել՝ «օրորոցում» խեղդել ընդդիմադիր ցանկացած քաղաքական նոր ուժի ծնունդ, կարեւոր չէ, թե այդ ուժն ինչ շանսեր ունի:
Եթե շատ աննշմար է, նրան փչացնելու գործը կարող են անել ֆեյքերը, եթե մի քիչ ծանրակշիռ է` ՔՊ հրետանին: Բացի այդ, 2026 թ. ընտրություններից առաջ խնդիր է դրվել չեզոքացնել բոլոր ընդդիմադիր համայնքներն ու համայնքապետերին, եթե հնարավոր է` ազատվել նրանցից, եթե` ոչ, հնազանդեցնել, հպատակեցնել։ Պատահական չէ այս օրերին Վարդան Ղուկասյանի դեմ արշավը։
Իշխանությունն այլեւս ոչ մի բանի առաջ չի կանգնում` կարող են կալանավորել համայնքապետին, նրա որդուն, զինակիցներին, առաջիկայում հալածանքներ սկսել այլ հայտնի ու ազդեցիկ դեմքերի, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ։
Ի դեպ, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ակնարկեց, որ օրենքում այնպիսի փոփոխություններ պետք է կատարվեն, որ թափանցիկ դառնա կուսակցությունների ֆինանսավորումը:
«Ո՞վ ա ֆինանսավորում մյուս կուսակցություններին, ի՞նչ աղբյուրներից են ֆինանսավորում»` այս հարցերը պետք է օրենքով կարգավորել, «Ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց է ընդհուպ բարձրանում, կոնսպիրատիվ կառույցները պիտի գնան եւ կոնսպիրացիայով զբաղվեն»,- հրահանգ իջեցրեց նա։