Փոխարժեքներ
11 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Եվ այսպես, Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպից հետո, Yerkir.am-ի լրագրողը հարցախույզ է արել Օհանավանում, խոսել մի քանի գյուղացիների հետ՝ հասկանալու, թե ինչ կարծիք ունեն օհանավանցիները ծագած աղմուկի, Տեր Արամի վարքագծի և դրանից ածանցվող խնդիրների վերաբերյալ։
Որքան էլ զարմանալի է, գյուղացիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, իրարանցման մեջ որոշ չափով մեղադրեց գյուղի դպրոցի տնօրենին, մի քանի ակտիվ ուսուցիչների և մանկապարտեզի տնօրենին ու դայակներին՝ ասելով, որ հենց նրանք են միջամտում Հովհաննավանքի ներքին գործերին։ Ըստ մեր զրուցակցի՝ դպրոցի տնօրենի ուղղորդմամբ, մի քանի ակտիվ ուսուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև մանկապարտեզի տնօրենի ուղղորդմամբ և դայակների մասնակցությամբ մշտապես աղմուկ է բարձրացվում այն ժամանակ, երբ, ասենք, բացի Տեր Արամից եկեղեցի է մտնում մեկ այլ քահանա՝ փորձելով կարգ կատարել, հոգևոր ծառայություն իրականացնել։
Ըստ մեր լսածի՝ հենց այս խումբ մարդկանց «դիրիժորությամբ» էլ վերահսկվում է գյուղի եկեղեցու ներքին կյանքը։ Օրինակ, երբ կիրակնօրյա պատարագիչը Տեր Սարգիս քահանա Սարգսյանն է, ոչ թե՝ Տեր Արամ քահանա Ասատրյանը, մի խումբ գյուղացիներով հավաքվում են եկեղեցու բակում, սկսում են աղմկել ու միտումնավոր խանգարել Տեր Սարգիսի մատուցած պատարագը։ Նույնիսկ մի դեպքում էլ, երբ սարկավագը փորձել է փակել դուռը, որպեսզի բակի աղմուկով չխանգարեն պատարագը, սկսել են ավելի աղմկել ու կռիվ տալ, թե բա՝ մեր երեսին եկեղեցու դռներն եք փակում։
Փաստացի, ստացվում է գյուղի «էլիտան»՝ դպրոցի ուսուցիչներով, տնօրենով, մանկապարտեզի դայակներով միջամտում են Եկեղեցու ներքին կյանքին հերիք չէ, դեռ քահանաների հարցում էլ «լյուբիմչիկներ» են խաղացնում, ասես՝ Հովհաննավանքը, ինչպես ժողովուրդը կասեր, իրենց «հոր դուքյանն է»։
Էս ամբողջի մեջ ամենահետաքրքիր դրվագը Օհանավանի դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Վաչիկ Ասատրյանի մասին լսելն էր․ ասում են՝ տղան մարզպետարանի աշխատակից է, ինքն էլ՝ Եկեղեցու ներքին կյանքին խառնվող ամենաակտիվ դերակատարներից։ Հետաքրքրության համար ուսումնասիրեցինք նրա ՖԲ էջը, բացի Հ1-ի ու Сivic.am-ի հրապարակումներից, այլ բան էջում գրեթե չգտանք։ Սա արդեն խոսում է նրա քաղաքացիական դիրքորոշման մասին ցանկացած հարցի վերաբերյալ։
Ինչևէ, որպեսզի համոզվենք մեր լսածը որքանով է իրականությանը մոտ, փորձեցինք կապ հաստատել դպրոցի տնօրեն Անուշ Ալեքսանյանի հետ, բայց չստացվեց, հանրային հարթակում գրանցած հեռախոսահամարներն անհասանելի էին։ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջից մի հեռախոսահամար պեղեցինք, զանգահարեցինք և ինչպիսի զուգադիպություն, հեռախոսին պատասխանեց նույն ինքը՝ Վաչիկ Ասատրյանը։ Ամփոփ ներկայացնում ենք հեռախոսազրույցը։
-Պարոն Ասատրյան, ստացվում է, որ ձեր բանուգործը թողած, դպրոցի անձնակազմով միջամտում եք եկեղեցու ներքին գործերին, ամեն դեպքում սա Ձեր համագյուղացիների խոսքն է։
-Ես պատրաստվում եմ անջատել հեռախոսը։
-Պարոն Ասատրյան, խնդրում եմ հարցիս պատասխանեք, ասում են, որ Դուք միջամտում եք եկեղեցու ներքին գործերին, Հովհաննավանքի, ճի՞շտ է։ Տեղեկացնեմ, որ մեր զրույցը ձայնագրվում է, և նյութի տեսքով հրապարակվելու է։ Գուցե այս ամենը հերյուրանք է, բայց այստեղ կարևոր է Ձեր կարծիքը, ինչո՞ւ եք եկեղեցու գործերին միջամտում՝ ըստ Ձեր համագյուղացիների։
-Ձեր տեղեկությունները ճիշտ չեն, և ինչպես Դուք նախապես ասացիք, դա հերուրյանք է, չգիտեմ որտեղից եք վերցրել նման բաները։
-Մենք երեկ ձեր գյուղում էինք, գյուղի սկզբնամասում հարցումներ էինք անում։
-Այս թեման շարունակելու ցանկություն չունեմ, ընդամենը ձեր տեղեկությունները սխալ են։
-Իսկ ճի՞շտ է, որ Ձեր որդին աշխատում է Արագածոտնի մարզպետարանում։
-Ո՛չ։
-Ամեն դեպքում, ճի՞շտ եք համարում, որ դպրոցի ուսուցիչը միջամտի եկեղեցու ներքին գործերին։
-Իմ կարծիքով չի միջամտել եկեղեցու գործերին ոչ մեկը։
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ մեկ այլ քահանա է գործուղվում Հովհաննավանք՝ Տեր Արամի հետ ծառայություն մատուցելու։
-Գիտեք ինչ, բերեք սահմանափակենք այսքանով, ես ասացի, որ ձեր տեղեկությունները ճիշտ չեն, և ավարտենք այսքանով։
Մեր հաջորդ զրուցակիցը Օհանավանի մանկապարտեզի տնօրեն Շուշան Միրզախանյանն է։ Նրան ևս տեղեկացրինք, որ զրույցը ձայնագրվում է և նյութի տեսքով հրապարակվելու է։ Շուշան Միրզախանյանը, լսելով հարցը, նախ ասաց, որ հրաշալի հարաբերություն ունեն Տեր Սարգիս քահանա Սարգսյանի հետ, նույնիսկ, մանկապարտեզի սաներն օրհնություն են ստացել քահանայից։ Իսկ հետո հերքեց, որ իր ուղղորդմամբ դայակները միջամտում են Եկեղեցու ներքին գործերին, մասնակցում աղմկոտ «ակցիաներին»։
-30 տարի և՛ ապրում եմ, և՛ աշխատել եմ դպրոցում, և՛ արդեն վեց տարի աշխատում եմ մանկապարտեզում որպես տնօրեն, և բոլորը գիտեն, որ ես և՛ Տեր Եփրեմի, և՛ Տեր Օշինի, և՛ Տեր Մամփրեյի, և Տեր Արամի ժամանակներում եղել եմ մեր եկեղեցու հավատավորը։ Ինչ վերաբերվում է եկեղեցու ներքին գործերին, նույնիսկ Տեր Արամի հետ այս հարցով զրույց չեմ ունեցել։
-Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերվում, երբ բացի Տեր Արամից այլ քահանա է եկեղեցի մտնում, մի խումբ գյուղացիներ աղմուկ են բաձրացնում, միջամտում են եկեղեցու ներքին գործերին։
-Ես դրան բացասական եմ վերաբերվում։ Գյուղի հասարակությունը շատ կապված է եկեղեցու հետ, դա պայմանավորված նաև Տեր Արամով։ Չեմ ուզում քաղաքական աստառ տալ, ես ինքս էլ բարձրաստիճան հոգևորականի քույր եմ, այնպես չէ, որ չենք հասկանում ինչը՝ ոնց։
-Ներողություն, կարո՞ղ է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի քույրն եք։
-Այո։
-Ուրախ եմ, իսկ Ձեր դայակներն այդ խժդժություններին մասնակցե՞լ են, թե՞ ոչ։
-Բացարձակ, բացարձակ․․․Նույնիսկ դայակներ ունենք ընդհանրապես եկեղեցի չեն գնում, ուր մնաց, թե խառնվեն։
-Տիկին Միրզախանյան, Ձեր եղբայրը՝ Վազգեն Սրբազանը, հայտնի է իշխանամետ, իշխանասեր դիրքորոշմամբ։ Նա նույնիսկ Էստոնիայում բավական ջերմ ընդունելության է արժանացրել Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ ոտնձգություն կատարող Նիկոլ Փաշինյանին։
-Ձեր պես այսպես վստահ չեմ կարող ասել իշխանամետ կամ իշխանասեր, Դուք այնպիսի բառեր ասեցիք․․․
-Փաստն ենք ֆիքսում։
- Ի՞նչ ասեմ, ասենք օտար երկրում ի՞նչ պիտի աներ, դուռը պիտի փակե՞ր որոշ հոգևորականների պես ու ասեր՝ չմտնե՞ք ներս։
Տիկնոջը հուշենք, որ խնդիրն ամենեևին դուռը փակելը չէ, այլ՝ Փաշինյանի ուղեգիծը խանդավառված ողջունելն ու բարձր օրհնանքի արժանացնելն է։
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռի դեմ իշխանությունների կողմից արվող այս ոտնձգություններին, երբ որ Փաշինյանն ասում է՝ զորք հավաքենք գնանք հանենք Վեհափառին։ Որպես շարքային հավատացյալ, ինչպե՞ս եք վերաբերվում սրան։
-Միանշանակ՝ բացասական է իմ վերաբերմունքը, որովհետև կարծում եմ, որ, ամեն դեպքում, պետության հիմքը հավատքով և եկեղեցիով է ամրապնդված եղել դարեր շարունակ։ Դրա համար, կարծում եմ, որ այս մոտեցումը ճիշտ չէ, բարեփոխում, փոփոխություն այլ կերպ կարելի է անել, եթե ինչ-որ խնդիր կա օղակներում, բայց ոչ՝ այդ տարբերակով։