կարևոր
16633 դիտում, 1 ամիս առաջ - 2025-10-10 11:59
Տնտեսական

Շիրակի մարզում արձանագրվում է լուրջ գնաճ, հատկապես՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի շուկայում․ Մհեր Մելքոնյան

Շիրակի մարզում  արձանագրվում է լուրջ գնաճ, հատկապես՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի շուկայում․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է.

«Վերջին օրերին Շիրակի մարզում արձանագրվում է լուրջ գնաճ, հատկապես՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի շուկայում։ Սա լրջագույն սոցիալական խնդիր է, որը անմիջական ազդեցություն է ունենում մեր քաղաքացիների վրա։

Սոցիալապես անապահով մեր քաղաքացիների համար, ովքեր առանց այն էլ ապրում են ծանր պայմաններում, գնաճը դառնում է հավելյալ ծանրաբեռնվածություն։

Ցավալին այն է, որ քաղաքացիների եկամուտները չեն ավելացել, մինչդեռ ծախսերը շարունակ աճում են։ Այս անհամապատասխանությունը խորացնում է սոցիալական անհավասարությունն ու անվստահությունը։

Այս իրավիճակում խիստ անհրաժեշտ է վերահսկել գնաճի ընթացքը՝ ի հայտ բերելու դրա պատճառները, կանխելու հնարավոր չարաշահումները և ապահովելու շուկայի կայունությունը։

Պետությունը պարտավոր է ձեռնարկել անհապաղ և համակարգված քայլեր՝

- վերահսկելու առաջին անհրաժեշտության ապրանքների գները,

- բացառել մոնոպոլիաների կամ այլ տնտեսական դերակատարների կողմից արհեստական գնի բարձրացումներ,

- և ապահովելու թափանցիկություն ներմուծման ու վաճառքի ամբողջ շղթայում։

Առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական և զգալի գնաճը լրջագույն սպառնալիք է երկրի սոցիալ-տնտեսական կայունությանը։ Այն առավել զգալի ազդեցություն է ունենում սոցիալապես անապահով և միջին եկամուտ ունեցող խավերի վրա՝ էականորեն սահմանափակելով նրանց կարողությունը բավարարելու առօրյա կենսական կարիքները։

Այս գործընթացը ոչ միայն խաթարում է բնակչության կենսամակարդակը, այլև խորացնում է սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը: Գնաճի պայմաններում, երբ շահույթը կենտրոնացվում է սահմանափակ խմբերի ձեռքում, իսկ լայն զանգվածները բախվում են կենսապահովման հիմնարար խնդիրների, սոցիալական արդարության պահպանման հրամայականը դառնում է առավել քան արդիական։

Այս համատեքստում պետության պարտականությունն է մշակել և իրականացնել համակարգային, պատասխանատու և կանխատեսելի քաղաքականություն, որն ուղղված կլինի ոչ միայն գնաճի զսպմանը, այլև սոցիալական պաշտպանական մեխանիզմների արդյունավետ գործարկմանը՝ ապահովելով համարժեք արձագանք և հասարակական համերաշխություն։

Քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը պետք է լինի պետության առաջնահերթությունը։

Գնաճը վերահսկելն այլևս պարզապես անհրաժեշտություն չէ՝ այն դարձել է հրամայական»։