Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ դժվար է կանխագուշակել, թե ուր են տանում Թուրքիայում ընթացող զարգացումները, բայց ակնհայտ է, որ այստեղ խորքային պայքար է ընթանում աշխարհիկ հայացքների կրողների եւ իսլամամետ կառավարության միջեւ. Yerkir.am-ին կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ նրա` այն, որ ցուցարարների թիվն ու գաղափարական պատկանելությունը խիստ խայտաբղետ է, ցույց է տալիս, որ թուրքական հասարակության մի որոշակի մաս կարիք ունի այլընտրանքային աշխարհիկ ուժի, եւ այսօրվա Թուրքիայի քաղաքական կյանքում առկա աշխարհիկ քաղաքական ուժերը` քեմալականներն ու մյուսները, իրենց սպառել են:
«Հասարակության այդ հատվածն իր բողոքը Էրդողանի գլխավորած կուսակցության իսլամամետ քաղաքականության դեմ այդպես է արտահայտում, եւ կարող եմ ասել, որ սա ցույց է տալիս թուրքական հասարակության խորքային տարանջատվածությունը, քանի որ հասարակության մի հատվածը, որ սատարում է Էրդողանին, ունի հստակ իսլամամետ դիրքորոշում, իսկ մյուս հատվածն էականորեն տարբերվում է: Եվ այստեղ ավելի շատ խորքում կարող ենք տեսնել գաղափարախոսական պայքար»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Մի քանի փոքրիկ զուգահեռներ «արաբական գարնան» հետ, ըստ թուրքագետի, կարող ենք տանել, բայց կան էական տարբերություններ արաբական երկրների եւ Թուրքիայի միջեւ: Մասնավորապես` թուրքական կառավարությունը անհամեմատ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում եւ հասարակության մեծ մասի վստահությունը, ինչը շատ կարեւոր է, երկրորդ` ցուցարարները չունեն Արեւմուտքի այն հստակ աջակցությունը, որն ունեին արաբական երկրների ընդդիմությունները: Երրորդ կարեւոր հանգամանքն էլ` թուրքական բանակի` այս պահին բողոքի ակցիաների հանդեպ խիստ չեզոք լինելն է, ինչը նույնպես էականորեն ամրապնդում է կառավարության դիրքերը:
«Այս երեք հանգամանքները, եթե ի մի բերենք, կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ քիչ է հավանականությունը, որ Թուրքիայի դեպքերը կզարգանան արաբական երկրների սցենարով»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ