Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավատանք գուշակություններին կամ աստղերի միջոցով կանխատեսումներ անելու հավանականությանը, թե' ոչ, միեւնույն է, Ուկրաինայի մասնատումն աստղագուշակները կանխատեսել էին դեռեւս 4-5 տարի առաջ:
Ռուսաստանցի հայտնի աստղագուշակ Պավել Գլոբան դեռեւս 2009 թվականին էր գուշակել Ուկրաինայի մասնատումը երեք մասի: 2009 թվականին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, նշել էր, թե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, ըստ էության, կշարունակվի մինչեւ 2020 թվականը: Այդ ընթացքում աշխարհաքաղաքական զարգացումներում էական փոփոխություններ կգրանցվեն: Օրինակ' ԱՄՆ-ը, ճիշտ է, չի վերանա, բայց էականորեն կթուլանա, ԵՄ-ն, ֆորմալ պահպանելով միասնականությունը, կբաժանվի ավելի մանր միությունների ու միավորումների եւ այլն: Գլոբայի կանխատեսումներով' ճգնաժամից չի խուսափի նաեւ Ուկրաինան, որին սպասվում է մասնատումը 3 մասի: Այդ մասերից 2-ը, ինչպես նշել էր աստղագետը 5 տարի առաջ, ամենայն հավանականությամբ, կմտնեն «Ռուսական կայսրության» մեջ:
«Մասնատումը կիրականանա` ոչ այժմ: Բայց 2014 թվականին Ուկրաինայում գոյություն կունենան դե ֆակտո երկու' իրարից անկախ ադմինիստրացիաներ` տարածքային ամբողջականության ֆորմալ պահպանմամբ, մոտավորապես այն նույն ֆորմատով, որը այսօր Մոլդովայում է: Արեւելաուկրաինական ֆեդերացիան չի ենթարկվի Կիեւին եւ դե ֆակտո կդառնա Ռուսական կայսրության մաս: Ղրիմն էլ կդառնա ուկրաինական Չեչնիա»,- այդ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Պավել Գլոբան:
Ռուս աստղագուշակից 1 տարի հետո' 2010 թվականի հոկտեմբերի 22-ին, նույնաբովանդակ կանխատեսում էր արել Ուկրաինայի աստղագետների միության անդամ Ելենա Մաքսիմովան: Նրա կանխատեսումներից մեկը վերաբերում էր հենց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու մասնատմանը, թեեւ, ըստ նրա, դա տեղի էր ունենալու 2013 թվականին: Մաքսիմովան նշում էր. «Ուկրաինա պետությունը այսօրվա սահմաններով գոյություն կունենա 22 տարի եւ 8 ամիս: 2013 թվականին այն կբաժանվի 2 մասի: Լուգանսկի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի մարզերը, Ղրիմն ու Մերձսեւծովյան տարածքը ունեն բոլոր շանսերը' մտնելու Ռուսաստանի կազմի մեջ, թեեւ, հավանական է, որ կմնան ինքնավար: Հավանական է, որ այդ տարածքը կունենա այլ անվանում: Ուկրաինային կմնան մնացած մարզերը: Երկիրը կունենա նոր նախագահ, մարդ, ով ներկայումս քաղաքական դաշտում առանցքային պաշտոն չի զբաղեցնում»:
Գաղտնիք չէ, որ պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր երկրների ղեկավարներ, առաջնորդներ դիմել են գուշակների ու պայծառատեսների օգնությանը: Առաջին հերթին ոչ թե նրա համար, որ կանխատեսեն ապագան, այլ բոլորովին այլ' «քարոզչական» նկատառումներից ելնելով: Մասնավորապես' օգտագործելով մարդկանց սնահավատությունն ու ապագան կանխատեսելու, գուշակելու` երբեք չմարող ձգտումը, խնդրահարույց ծրագրերը գուշակների ու աստղագուշակների միջոցով են մատուցել հանրությանը' նրանց նախապատրաստելու, տրամադրելու նպատակով, որպեսզի հետագայում, երբ իրենց ծրագրերի իրագործման փուլը սկսվի, ոչ ոք չկասկածի գործընթացների' «ի վերուստ նախանշված» լինելուն:
Բոլոր դեպքերում, խոսելով Պավել Գլոբայի ու Ելենա Մաքսիմովայի կանխատեսումների մասին, արժե հիշել նաեւ, որ մարտի 8-ին ռուսական լրատվամիջոցները հրապարակեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովի խոսքերը, որ Ղրիմի դեպքերը մի ծրագրի իրականացման սկիզբն են, որը մշակվել է դեռ 6 տարի առաջ: Անդրեյ Իլարիոնովի խոսքերով՝ այդ ծրագրի իրականացումը սկսվել է 2013-ի ամռանը: «Ղրիմը միայն սկիզբն է: Հետո հերթը հարավինը եւ արևելքինն է»,- զգուշացնում էր նա:
Գեւորգ Ավչյան