կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-03 18:19
Քաղաքական

Սուրեն Խաչատրյանին դա հատուկ չէ, պահի տակ է ասել. ՀՀԿ-ական

Սուրեն Խաչատրյանին դա հատուկ չէ, պահի տակ է ասել. ՀՀԿ-ական

Թեեւ այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից հայտարարություն է տարածվել, որում Սուրեն Խաչատրյանը «ցավով» նշում է, որ չկարողացավ կանխել իր առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, բայց ընդամենը երեկ նույն Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր` «Լավ ա քնած եմ եղել, թե չէ՝ մի 20 հատ շարելու էի գլխին»:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի երեկվա հայտարարությանը, ասաց. «Էմոցիոնալ պահին կարող է` մի բան էլ ասի, որն իր էությանը հարիր չէ, դրանով մարդուն գնդակահարել չի կարելի: Իհարկե, մարդը նաեւ պետք է կարողանա իր զգացմունքները զսպել, բայց դա չի նշանակում, որ երբ մարդը նման զգացմունքային պահի ինչ-որ բան է ասել, դարձնել գնդակահարության հոդված: Ես ճանաչում եմ Սուրեն Խաչատրյանին եւ համոզված կարող եմ ասել, որ իրեն հատուկ չէ նման բան ասելը: Կարծում եմ` պահի ազդեցության տակ է ասել, ինքն էդ բանը անողը չի»:

 

Պարզվում է, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, ՀՀԿ-ական մարզպետն ամենեւին էլ կոպիտ մարդ չէ, ինչպես ներկայացնում է մամուլը, ընդամենը` պահանջկոտ է, պահանջկոտ` իր եւ շրջապատի հանդեպ, կարգուկանոն սիրող մարդ:

 

Գորիսում հնչած կրակոցների մասին ՀՀԿ-ական պատգամավորը գիտի այնքան, որքան գրել է մամուլը: «Գիտեմ, որ կենցաղային հողի վրա միջադեպ է եղել, եւ որոշ մարդիկ տուժել են»,- ասաց պատգամավորը:

 

Մկրտիչ Մինասյանը վստահ է, որ եթե մարզպետի մեղքը բացահայտվի, նա կպատժվի: «Վստահ եմ, որ օրենքը գործելու է` անկախ նրանից` ովքեր են խախտել` լինի նախարար, մարզպետ, թե` քաղաքապետ, էական չէ, կպատժվի: Հիմա երկրում քրեական տարրերի առկայությունը չհանդուժելու մթնոլորտ է: Եթե նախկինում շատ բաների ընթացք չէր տրվում կամ ուշադրություն չէր դարձվում, ապա հիմա` վերջին տարիների ընթացքում, օր օրի ավելի շատ ընթացք է տրվում նման հարցերին»,- հայտարարեց պատգամավորը:

 

Նա նաեւ վստահեցրեց, որ քաղաքական գնահատական կլինի միայն իրավական գնահատականից հետո: