|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Գորիսի կրակոցներից հետո Սյունիքի` արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հաճախ է լինում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այսօր նրան տեսել են Մենուա Հարությունյանի հետ: Հիշեցնենք, որ Գորիսի կրակոցներից հետո Մենուա Հարությունյանին մեղադրում էին Սուրեն Խաչատրյանին պաշտպանելու մեջ:
Yerkir.am-ի հետ զրույցում Մենուա Հարությունյանը չհերքեց, որ հանդիպել է Սուրեն Խաչատրյանի հետ, բայց ասաց, որ դա պատահական հանդիպում է եղել. մտել է «Արմենիա Մարիոթ», պատահաբար տեսել Սուրեն Խաչատրյանին, մոտեցել նրա սեղանին, եւ զրույցել են:
Հարությունյանը նշեց, որ օրվա մեջ մի քանի անգամ լինում է «Արմենիա Մարիոթ»-ում, այնտեղ հաճախ է հանդիպումներ ունենում, եւ Սուրեն Խաչատրյանի հետ իր հանդիպումը «պետք չէ տրագեդիա դարձնել»:
Դիտարկմանը, թե` Ձեզ մեղադրում են Սուրեն Խաչատրյանին պաշտպանելու մեջ, նա արձագանքեց, որ ոչ թե պաշտպանում է Սուրեն Խաչատրյանին, այլ ասում է, որ չի ընդունում, երբ որեւէ մեկի տան վրա զինված հարձակում է լինում: Հարցին` ստացվում է ինքը ե՞ւս կարծում է, որ Սուրեն Խաչատրյանի տան վրա զինված հարձակում է եղել, Հարությունյանը պատասխանեց, որ նախնական վարկածն այդպիսին է, պետք է սպասել իրավապահ մարմինների գնահատականին:
«Եթե եղել է զինված հարձակում, ես խստագույնս դատապարտում եմ: Այս պահին որեւէ մեկը չի կարող ասել` եղե՞լ է, թե՞ ոչ: Գուցե դատարանի վճիռն այնպիսին լինի, որ ես ավելի շատ քննադատեմ Սուրեն Խաչատյանին»,- հայտարարեց նա:
Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ բավականին մտերիմ է Սուրեն Խաչատրյանի հետ, Մենուա Հարությունյանը պատասխանեց, որ ինքն էլ է սյունեցի եւ հարաբերություններ ունի Սուրեն Խաչատրյանի հետ:
«Ես նմանատիպ հարաբերություններ ունեմ շատ այլ պաշտոնյաների հետ»,- եզրափակեց նա:
Իսկ իր եւ Սուրեն Խաչատրյանի հանդիպման մասին տեղեկությունը սոցիալական ցանցերում տարածելը, նա փոքրոգություն որակեց: