կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-30 17:18
Քաղաքական

Արթուր Բաղդասարյանն "ընդդիմանում է"

Արթուր Բաղդասարյանն "ընդդիմանում է"

Մի քանի կարեւորագույն արձանագրումներ կատարեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօրվա ասուլիսում:

 

Լրագրողները հարց հնչեցրեցին` արդյոք ընտրակեղծիքնե՞րն էին պատճառը, որ ՕԵԿ-ն արդեն երկրորդ անգամ չի կարողանում հաղթահարել Երեւանի ավագանու ընտրություններում անհրաժեշտ շեմը: Անվտանգության խորհրդի քարտուղարը, բնականաբար, չէր կարող ասել` այո’, ժողովո’ւրդ, հենց ընտրակեղծիքներն էին պատճառը: Բայց բավական «լրագրողական» ձեւակերպում գտավ, կարելի է ասել` սենսացիոն. հայտարարեց, որ ընտրությունների համար անհրաժեշտ են մի քանի գործոններ` փող, ռեսուրս` ֆինանսական, վարչական, հեղինակություն: 

 

Դե թող հիմա իշխանություններն իրենց «ճղեն», թե վարչական ռեսուրսներ չեն օգտագործվել: Այս անգամ էլ արձանագրողը հո «սուտասան» լրագրողները չեն… Բայց ավելի զարմանալի էր Բաղդասարյանի պատասխանի շարունակությունը. «Ուղղակի քաղաքային ընտրություններում թաղային հեղինակությունների գործոնը շատ մեծ է. դուք ինձանից լավ գիտեք: ՕԵԿ-ում թաղային հեղինակություններ չկան, իսկ այդ թաղային հեղինակությունները չափազանց կարեւոր են տեղական, քաղաքային ընտրություններ կազմակերպելու համար»:

 

Տպավորություն էր, որ ՕԵԿ-ը դեռ կոալիցիա չի մտել եւ դեռ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, ինչպես «հին ու բարի» ժամանակներում: Yerkir.am-ի հարցին` այդ թաղային հեղինակություններն արդեն ազգային անվտանգության խնդիր չե՞ն առաջացնում, ու չարժե՞ արդեն նրանց դեմ պայքարել, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, թե ամեն ինչ չի կարելի կապել ազգային անվտանգության հետ. «Ես գտնում եմ, որ Հայաստանում կրիմինոգեն իրավիճակը վերահսկելի է, բայց մեր ավանդույթներից մեկն էլ այն է, որ թաղի տղերքը ընտրական գործընթացների մեջ են, դա դուք ինձանից լավ գիտեք: 20 տարի այդ գործընթացը կա…»:

 

Որ 20 տարի այդ գործընթացները կան, կարծես, առաջին անգամ ենք պաշտոնապես լսում: Ախր, հենց ՕԵԿ նախագահի կոալիցիոն գործընկերներն էին ասում, թե թաղային հեղինակությունները ընտրական գործընթացներում տեղ չունեն:

 

Մեկ այլ հետաքրքիր դիտարկում էլ արեց Արթուր Բաղդասարյանը` արտագաղթի թեմայով: Մարդն ուղղակի նշեց, թե արտագաղթը եւ, ընդհանրապես, Հայաստանի ժողովրդագրական անվտանգությունը մտահոգիչ են, ու որ մեր քաղաքացին պետք է լավ ապրի, որ չարտագաղթի: Այսինքն` եթե արտագաղթը մտահոգիչ է, իսկ դրա պատճառն էլ մարդկանց վատ ապրելն է, ուրեմն Արթուր Բաղդասարյանը ընդունում է, որ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը մտահոգիչ է:

 

«Լազաթ». բա ապահով` ավելի բարեկեցիկ Հայաստանը, տնտեսական աճը, մարդկանց սոցիալական վիճակի լավացումը եւ այլնը ո՞ւր մնացին…

 

Ուրիշ ուշագրավ դիտարկում, որ երբեւէ չէինք սպասի, որ կաներ ոչ միայն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, այլեւ իշխանական կոալիցիա կազմած ուժի ղեկավարը: Առավել եւս, երբ այդ դիտարկումները վերաբերում են ոլորտներին, որոնց գերադաս մարմին հանդիսացող նախարարությունները նրա կուսակցության անդամներն են ղեկավարում: Խոսքը կարկտահարության, դրա հետեւանքների վերացման ու, առհասարակ, գյուղատնտեսական ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրման մասին է: Արթուր Բաղդասարյանն արձանագրում է, որ երկրում պետք է ձեւավորել հակակարկտային պաշտպանության միասնական համակարգ: «Այսօր շատ հանայնքներում ում խելքին ինչ հակակարկտային կայան մտածել, դա էլ բերել տեղադրել է: Այդ կայանների միասնական կառավարման մեխանիզմ չունենք»,- ասաց Բաղդասարյանը:

 

Տպավորություն է ստեղծվում, որ, վերջիվերջո, իշխանական կոալիցիայում հասկացել են, որ երկիր կառավարելիս չպետք է թույլ տալ, որ ում խելքին ինչ փչի` անի, այլ պետք է ձեւավորել ոլորտների ընդհանուր, մտածված, համակարգված ծրագրեր իրականացնելու ավանդույթ: Երկրորդը, ըստ անվտանգության խորհրդի քարտուղարի, երկրում գյուղատնտեսության ապահովագրության քաղաքակիրթ համակարգ ներդնելու անհրաժեշտությունն է: «Կառավարությունը պետք է երկրում, իրոք, ներդնի քաղաքակիրթ ապահովագրության համակարգ, որովհետեւ, դրամահավաք անելով, կարող ենք, ենթադրենք, այս փուլում որոշ համայնքների օգնել, բայց դա խնդրի լուծում չէ: Պետք է ներդրվի մի համակարգ, որ երկարաժամկետ կպաշտպանի գյուղացուն աղետներից»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

 

Այս հարցի շուրջ, համենայն դեպս, վերջին 5 տարիներին այնքան է խոսվել, լրագրողները այս մասին այնքան հարցեր են ուղղել հենց ՕԵԿ-ական գյուղնախարարներին, որ ուղղակի որեւէ մեկը չի կարող կոնկրետ թիվ հիշել: Ու ի՞նչ է արել ՕԵԿ-ական գյուղնախարարն այս հարցի առնչությամբ…

 

Սպասենք` տեսնելու համար, թե հետո ինչպես կսկսի մեկնաբանել Արթուր Բաղդասարյանն իր այսօրվա հայտարարությունները եւ ում կմեղադրի իր խոսքերն աղավաղելու կամ ենթատեքստից կտրելու մեջ:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ