կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-18 22:15
Քաղաքական

Հանձնաժողով եք ստեղծում, որ ի՞նչ անեք. Արթուր Բաղդասարյանն ընդդիմադիր լեքսիկոն է օգտագործում

Հանձնաժողով եք ստեղծում, որ ի՞նչ անեք. Արթուր Բաղդասարյանն ընդդիմադիր լեքսիկոն է օգտագործում

Այսօր' ՕԵԿ-ի հրավիրած` էլեկտրաէներգիայի եւ դրա հետեւանքով շղթայական թանկացումներին դեմ ուղղված հանրահավաքի ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը  մի ուշագրավ ժեստ արեց:

 

Նշելով, թե էլեկտրաէներգիայի թանկացման հարցում ուրույն տեղ ունի գազի' անցյալ տարվա թանկացումը, այնուհետեւ Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ ԱԺ-ում գազի սակագների բարձրացման հարցն ուսումնասիրելու համար ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովին ու, նշելով, թե այդ հանձնաժողովի աշխատանքներն ու աշխատանքի արդյունքները ոչ մի էական նշանակություն չեն ունենում, հրապարակային ընդդիմադիրի պես խաղարկեց դա` շեշտելով. «Ո՞ւմ է պետք այդ հանձնաժողովը, այդպիսի հանձնաժողով ստեղծում եք, որ ի՞նչ անեք...»:

 

Մի խոսքով' Արթուր Բաղդասարյանը նույնպես անցավ, Սերժ Սարգսյանի «ՄԵՄ» դարձած խոսքերը կրկնելով, քաղաքական հայտարարություններ անելու գործելաոճին:

 

Արթուր Բաղդասարյանը ակնարկեց, որ ՕԵԿ-ը գնում է' լրացնելու ընդդիմադիր դաշտը: Նրան լսողը կմտածեր, թե ՕԵԿ-ը վերջին 10 տարիներին արմատական ընդդիմություն է եղել...

 

Իր ելույթը, որի միայն մի փոքրիկ մասն էր ուղղված օրվա խորհրդին' էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին, Արթուր Բաղդասարյանը սկսեց` իշխանություններին քննադատելով: Նա զարմանալիորեն սկսեց իշխանություններին քննադատել թանկացումների, սոցիալական վիճակի, տնտեսական վիճակի համար: ՕԵԿ նախագահը նույնիսկ իր քննադատությամբ հասավ այնտեղ, որ արտագաղթի թեման շոշափելիս հայտարարեց, թե արդեն պետության ապագան է վտանգված եւ այլն:

 

Այնուհետև իր երկարաշունչ ելույթն ավարտեց կոչ-առաջարկով' ուղղված ընդդիմադիրներին իր կողմից թվարկված խնդիրների շուրջ համաձայնության հասնելու եւ միասնական պայքար ծավալելու կապակցությամբ:

 

«Հայտարարում եմ նաեւ, որ, անկախ այս առաջարկների շուրջ ձեւավորվող դիրքորոշումներից, մենք շարունակելու ենք մեր հետեւողական պայքարը թվարկված խնդիրների լուծմանը հասնելու նպատակով»,- ելույթը եզրափակեց Արթուր Բաղդասարյանը: