Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՕԵԿ-ը մտադիր է արագորեն վերականգնվել: Նրան համոզել են, որ ԱԺ բրիֆինգների օրերին ՕԵԿ-ն այսուհետեւ ավելի կհետաքրքրի լրագրողներին, քան կոալիցիոն գործընկեր լինելու` վերջին 6 տարիներին, մտածել են, որ Սերժ Սարգսյանի հետ աշխատած կուսակցությանը պետք է համապատասխան դեմք հաղորդել` 2018-ին մրցունակ տեսք տալու համար:
«Ընդդիմադիր» ՕԵԿ-ը «ազատ, արդար եւ թափանցիկ» ընտրությունների նման անհնարին է: Ավելի ճիշտ` վերջինն ավելի հնարավոր է, քան ՕԵԿ-ի` վերստին ընդդիմադիրացումը: Մասիսն ավելի շուտ հայերինը կլինի, քան Արթուր Բաղդասարյանի գլխավորած ՕԵԿ-ը երբեւէ կրկին կլինի ընդդիմադիր: Նույնն է, որ Արտաշես Գեղամյանը եւ Հայկ Բաբուխանյանը ազատագրվեն «դհոլի» եւ Քաջ Նազարի կարգավիճակից: Նույնն է, որ ՍԴ նախագահի մտքերը հայերեն ու հասկանալի լինեն: Նույնն է, որ Ղարաբաղը Ադրբեջանի գիրկը վերադառնալու հրամայականով հանրաքվե անի:
Ինչ-որ մեկը պետք է լքի Սերժ Սարգսյանի շրջապատը, եթե մտածում են, որ ՕԵԿ-ն արդեն երրորդ անգամ կարող է դառնալ ընդդիմադիր: Ավելին` նա, ով այս թատրոնի մտահղացման հեղինակն է, գիշերը գլուխը բարձին չի դնում, մարդուն բնորոշ նախաքնային մտքեր չունի, խղճի հետ մեն-մենակ մնալու անկողին չունի: Ինչ-որ մեկը նման առիթով կասեր՝ ՕԵԿ-ից ընդդիմություն եք սարքում, «որ ի՞նչ անի»:
Ուրեմն վերջին 6 տարիներին, պաշտոնական տվյալներով, 250 հազար մարդ հենց այնպե՞ս է արտագաղթել: Ուրեմն Սերժ Սարգսյանին իշխանությունից զրկելու բազմաքայլանի հզոր կոմբինացիաներ են հղացել քառյակի մոտ, որպեսզի վերջին պահին ՕԵԿ-ը միանա ու դափնինե՞ր կիսի: Կա՞ այդպիսի մեկը ընդդիմությունում, որն իրեն համարում է քաղաքական գործիչ եւ պատրաստ է Արթուր Բաղդասարյանի հետ հաղթանակի դափնի կիսել: Քաղաքական «հաղթանակների» գծով Արթուր Բաղդասարյանից հետ չմնացող Րաֆֆի Հովհաննիսյանն անգամ պատրաստ չէ այդպիսի խելագարության: Կրկին մեկին հորիզոն գցելու պահն է, եւ կրկին Արթուր Բաղդասարյանին են ասպարեզ բերում:
Ի՞նչ է պետք լինելու, որպեսզի ՕԵԿ-ը կրկին երեւա ընդդիմադիր: Նախ` իշխանական ամբողջ քարոզչամեքենան լինելու է նրա «ընդդիմադիր» մտքերի խոսափողը, քանի որ ընդդիմադիր մամուլն այդքան պարապ ու անբովանդակ երեւալու զահլա չունի: Երկրորդ` կարիք կզգացվի, որպեսզի մեկ-երկու ՕԵԿ-ականի հանդեպ «քաղաքական» դրդապատճառներով քրեական հետապնդում սկսեն: Որից հետո Սերժ Սարգսյանը Արթուր Բաղդասարյանի` ԱԽՔ-ի պաշտոնում գտնվելու մի քանի բացթողում կհիշի: ՀՀԿ-ական գվարդիան, Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, կլրացնի «հակաՕԵԿ-ական» արշավի ամբողջ դեկորացիան: Եթե նրանք ավելի լավ ընդդիմադիր չեն կարողացել հորինել, ուրեմն հազիվ թե որեւէ նոր բան մտածեն Արթուր Բաղդասարյանից ընդդիմություն կորզելու համար:
Իր հերթին ի՞նչ պետք է անի ԱԽ` դեռեւս գործող քարտուղարը «ընդդիմադիրի» պաշտոնում: Համաձայնեք, այլեւս բառերով համոզիչ լինել չի կարող: Մնում է ֆիզիկական ինքնավնասումը: ՀՀԿ-ն դա կարող է կազմակերպել, ուրիշ ո՞ր ոլորտում է նժդեհական կուսակցության ջիղն այդքան ստեղծագործական, որքան մյուսներին վնասելու գործում: Այնպես չէ, որ Արթուր Բաղդասարյանին վնասելը նրանց հաճույք չի պատճառի: Բյուրեղյա ճշգրտություն է պետք` համը չհանելու համար: Այդպիսի «ոսկերիչների» պակաս ՀՀԿ-ում չի զգացվի: Հասկանո՞ւմ եք` Հայաստանը, որպես կյանքի եւ արարչության արեալ, գրեթե զրոյացվել է, մնում է, որ այն զրոյացվի` որպես քաղաքական պայքարի դաշտ: Արթուր Բաղդասարյանն այդ զրոն է:
Սեյրան Հանոյան