Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցունքի ու տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը:
Շատերը չէին հավատում նրան. «անկախություն» ու «հանրապետություն» բառերը նրանք դնում էին չակերտների մեջ: Այդպես վարվելու հիմքերը շատ էին զորավոր, իրոք, որ զարհուրելի էին պայմանները, եւ անկախությունը այդ պայմաններում հեգնանք էր թվում:
Փաստորեն, հայերի ձեռքը մնացել էր մի փոքրիկ հողաշերտ, հազիվ 12 000 ք.կմ աղքատ ու կիսակործան մի երկիր` կծկված ցամաք լեռների մեջ, աշխարհի խուլ անկյունում, ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կրճացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական:
Սիմոն Վրացյան
«Հայաստանի Հանրապետություն»
Հիշում եմ, 70-ականներին «Արմենիա» հյուրանոցի ռեստորանի սրահի վարիչը ամեն տարի մայիսի 28-ին տոնական էր հագնվում, եւ փողկապը, որ կրում էր, պարտադիր եռագույն երանգներով էր: Անկախությունը, ինչպես նաև մեր անկախության խորհրդանիշ հանդիսացող եռագույնը, արգելված թեմա էր, բայց մարդը գտել էր այդ օրվա խորհուրդը սրտում վառ պահելու ձևը:
Հաշված մարդիկ գիտեին, թե ինչու էր հատկապես այդ օրը նա այդ փողկապը կրում եւ ինչու էր հպարտ կանգնում հրապարակի կենտրոնում եւ ժպտերես բարեւում անցորդներին: Ես չգիտեի՝ փոքր էի, բայց լուսահոգի հայրս վստահ եմ` գիտեր: Նրանք ջերմ բարևում էին, ժպտում և զրուցում էին ինձ համար անծանոթ թեմայից:
Հայրս մտավորական շրջանակից չէր, դիսիիդենտ չէր, չարքաշ բանվոր էր: Նա ամեն երեկո առանձնանում էր ռադիոընդունիչի հետ և պարտադիր ունկընդրում էր «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների թողարկումները:Դա դժվար գործ էր: ԿԳԲ-ի խլացուցիչները այնպես էին խառնում ռադիո հաճախականությունները, որ ուղղակի անտանելի էր դառնում լսելը: Ես չէի հասկանում հետաքրքրության շարժառիթը, հորս համառությունն ու այդ հաղորդումները լսելու ցանկությունը:
Հետո հպարտությամբ պատմում էր արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունների, Հայ դատի պայքարին նվիրված մարտիկների սխրանքների, հայ դիսիդենտների, Պարույր Հայրիկյանի, դրսում գործող դաշնակցական կառույցների մասին: Պատմում էր, իսկ ես ականջի պոչով լսում էի եւ նկատում, թե պատմելիս ինչպես էին աչքերը փայլում:
Թե' այն մարդը, որի անունը ցավոք, չեմ հիշում եւ թե' հայրս, դաշնակցականներ չէին, ավելին` հիմա նույնիսկ ինձ թույլ եմ տալիս մտածել, որ մարդը, որը «Արմենիա» ռեստորանի սրահի վարչն էր, իսկ այդ հյուրանոցը, գիտեք, «Ինտուրիստ»-ի ցանցին էր պատկանում, չէր կարող կոմունիստական կուսակցության անդամ չլինել, մայիսի 28-ը նշում էին որպես պարզ հայեր, որոնց համար Հայաստանի անկախությունը ուղղակի հպարտություն էր եւ հեռավոր երազանք: Անկախությունը ազգի հավաքական պայքարի արդյունք է. ոչ ոք առանձին այն չի կարող սեփականաշնորել: Անկախության սեփականատերը ժողովուրդն է՝ իր պետականությամբ, իր գործող օրենքներով եւ պետական ինստիտուտներով: Եւ, քանի դեռ, մենք չենք հասկացել այս պարզ ճշմարտությունը, քանի դեռ անկախությունը մեզ համար միս ու արյուն չի դարձել, քանի դեռ ազատ կամքի ընտրությունը կատարվելու է վաշխառուների և խուժանի թելադրանքով, քանի դեռ աղքատը ավելի կաղքատանա, իսկ հարուտը ավելի կհարստանա, քանի դեռ հայկական բանակում ծառայությունից խուսափած մարդը կարող է դառնալ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ պաշտոնյաի զավակներն էլ արհամարած կուենան թե' բանակը և թե' օրենքները, քանի դեռ պաշտոնյա դառնալը հարստանալու լավագույն և միակ ճանապարհն է մնալու, քանի դեռ պոպուլիզմը շարունակելու է մնալ պետության միակ հայեցակարգը, քանի դեռ համակերպված կլինենք, որ մենք «ֆորպոստ» ենք, իրական անկախությունը կմնա երազանք:
Այսօր հերթական անգամ նշում ենք ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ծնունդը: Չի լինում առաջին, երկրորդ, երրորդ հանրապետություն: Հայաստանի Հանրապետությունը մեկն է, որ ծնվեց 1918-ին, ինչպես Սիմոն Վրացյանը կասեր` «Արցունքի ու տառապանքի ծովից»: Եթե համարակալում ենք հանրապետության տարբեր ժամանակաշրջանները, ապա միայան նրա համար, որ 1918-20-ին մեր պետական այրերը սովի, գաղթականության, համաճարակի առկայութմաբ երկիր էին ստեղծում, ներգաղթ կազմակերպում, համալսարան հիմնում: Պետական այերի որդիները կռվում էին վասն հայրենիքի և զոհվում ռազմաճակատում: Եվրոպական ճարտարապետության բոլոր կանոնների պահպանմամբ քաղաք էին նախագծում, կառուցում: Իրենց համար նախատեսված դեղամիջոցից հրաժարվում էին, որպեսզի համաճարակի ճիրաններում հայտնված գեթ մեկ գաղթական ընտանիք փրկվի, որովհետեւ այդ ընտանիքին էին համարում ապագա Հայաստանի սյունը:
Այսօր մեր անկախությունը հիվանդ է, ախտորոշումն էլ կա, պարզ է, բայց մատնված է անուշադրության: Սակայն դա չի խանգարում, որ աշխարհով մեկ սփռված հայությունը նշի Հարապետության օրը: Հատկապես Սփյուռքում միշտ են նշել: Ասում են՝ նախկինում՝ սովետական տարիներին, կռիվներ էլ են եղել: Դաշնակցականները եռագույնն են պարզել, իսկ Սովետական Հայաստանի հետ համագործակցող կառույցները այն անվանել են «լաթի կտոր», և դաշնակցակնների ջգրու թափահարել են սովետական Հայաստանի դրոշը: Եթե այստեղ, մեզ մոտ մարդիկ շշուկով են խոսել անկախության մասին, իսկ մեծամասնությունը որակել է այն «դաշնակցակն հանրապետություն», այնտեղ էլ եղել են ուժեր, որ անարգել են առաջին հանրապետության ծնունդը: Այդ մասին գրել են չակերտներով: Սովետական պրոպագանդան խոր հետք է թողել թե' մեր` հայաստանցիներիս, և թե' սփյուռքահայության որոշակի հատվածի վրա: Պատճառը մեր օտարամոլությունն է և կույր հնազանդությունը: Հավանաբար դա է պատճառը, որ այսօր դեռ կան քաղաքական պետական գործիչներ, ովքեր քամահրանքով են խոսում Հայաստանի Հանրապետության եւ այդ անկախությունը կերտած պետական այրերի մասին: Ծավալապաշտական քարոզչամեքենան իր սև գործը արել է, այնպես է արել, որ մենք դեռ երկար ժամանակ չենք կարողանալու ձերբազատվել նման մտածողությամբ օժտված գործիչներից և ուզենք թե չուզենք, դեռ երկար պարտադրված ենք լինելու բեռնակրի պես տանել նրանց ծանր ներկայությունը:
Հայրս մեզանից հեռացավ անկախությունից մեկ տարի առաջ: Աստված հոգին լուսավորի: Չտեսավ այնքան երազած անկախ Հայաստանը, բայց նրա ընկերներից շատերը, փառք Աստծո, ողջ են, թոշակառուներ են և իրենց ուսերին կրում են «անկախության բեռը»:
Շատերը նույնիսկ հաճույքով...
Հարություն Հարությունյան