Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան ազատամարտի մասնակից, արցախյան շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և հետագա քաղաքական զարգացումների մասին: Նա նախ կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները տեղավորվում են այդ պետության վարքագծի մեջ` այդպես են վարվում բարձրաստիճան հանդիպումներից առաջ:
Իսկ թե ո՞րն է այդ ագրեսիայի իրական նպատակը, ազատամարտիկի կարծիքով` հավանաբար, բանակցային գործընթացը ուզում են տանել նրան, որ չպահպանվի ստատուս քվոն, և փաստացի չսկսվի ճանաչման պրոցես, այսինքն` որքան երկարի սառեցված կոնֆլիկտը, միջազգային հանրությունը մի օր ճանաչման գործընթաց է սկսելու:
Գագիկ Ավանեսյանը կարծիք հայտնեց, որ աշխարհում հերթով ընթանալու է չճանաչված պետությունների ճանաչման գործընթաց, օրինակ` Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան, ԱՄՆ-ը` Կոսովոն: «Արցախն էլ ճանաչելու է Ֆրանսիան: Եվ դա բոլորի համար շատ լավ բան կլինի, եթե Ֆրանսիան սկսի այդ գործընթացը: Ավելի քան համոզված եմ, որ Ալիևը գիշեր-ցերեկ մտածում է` երբ կլինի, որ մի օր իր ուսերից այդ բեռը գցի: Արցախն իրենց պետք էլ չի»,- ծիծաղելով հավելեց ազատամարտիկը:
Իսկ թե ինչու է կարծում, որ Ֆրանսիան կնախաձեռնի ճանաչման պրչոցեսը, Գագիկ Ավանեսյանը կարծիք հայտնեց, որ Ֆրանսիան պատմականորեն ապացուցել է, որ համամարդկային արժեքների գեներատոր երկիր է:
«Մեզ ընդամենը պետք է դիմանալ ու սպասել»,- ասում է ազատամարտիկը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ, երբ ասում է Հայաստան, նկատի ունի, որ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է», Գագիկ Ավանեսյանը չբացառեց, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարության ամենակարևոր ուղերձն այն էր, որ Հայաստանը թույլ չի տալու Արցախին վտանգի դնել և իր զինված ուժերով ունակ է պաշտպանելու Արցախը:
«Իմ կարծիքով, Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը նաև ենթատեքստում ուղղված էր Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, որովհետև ՀԱՊԿ-ի պետությունները ավելի ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան Հայաստանի հետ , ու վատն այն է, որ հայ հասարակության մի մասը իր հույսը կապում է Ռուսաստանի հետ, ինչը չարժե` հաշվի առնելով թե պատմության բերած օրինակները, թե Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանը»,- ասաց ազատամարտիկը` հավելելով, որ ցավոք, միշտ էլ հայկական շահերը Ռուսաստանը առևտրի առարկա է դարձրել:Գագիկ Ավանեսյանը վստահ է, որ ռազմական գործողությունների էսկալացիա չի լինելու, հակառակը, կգնա սառեցման պրոցես` հայկական կողմի համարժեք պատասխաններից հետո: