կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-09 12:35
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան 15 օր առաջ. Նիկոլ Փաշինյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան 15 օր առաջ. Նիկոլ Փաշինյան

Ստվերի դեմ պայքարի հետ կապված՝ մենք ունենք ե՛ւ լավ, ե՛ւ վատ նորություններ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը նախորդ տարիներին ընդունված իր զեկույցներից մեկում արձանագրել է, որ, որպես ստվերի կրճատման ցուցանիշ, եթե ՀՀ-ում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3 տոկոսի շարժ ունենա, դա կհամարվի լավագույն հաջողությունը ՀՀ-ի համար։ Այսօրվա վիճակով  հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մենք բարելավել  ենք մոտ 1.2 տոկոսով։ Այսինքն՝ ԱՄՀ–ի նշածից 4 անգամ ավելի։ Իհարկե, տարվա արդյունքներով տեմպը գուցե որոշակի փոփոխություններ կրի,  բայց ուզում եմ ասել, որ կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ մենք ստվերի կրճատման հետ կապված աննախադեպ իրավիճակ ունենք»,– նշել է նա։

Վարչապետի պնդմամբ՝ վատ նորությունը վերաբերում է վարքագծային կոմպոնենտին: «Սակայն, վատ նորություններ էլ կան, որոնք վերաբերում են վարքագծային կոմպոնենտին։ Այստեղ նշվեց, որ վարքագիծը երբեմն շատ դժվար է փոխել, բայց մյուս կողմից էլ այդ վարքագծի փոփոխությունը, եթե հետեւողական լինենք, պետք է ընդունենք, որ ժամանակ է պետք»,- ասաց նա։

Փաշինյանը իր համար մի ցավալի օրինակ բերեց, որը վերաբերում էր Գյումրիին. «Տեղյակ եք, որ այս տարի անկախության տոնակատարությունները եղել են Գյումրիում, 15 հազար մարդ է այցելել Գյումրի, ամբողջ օրը ռեստորաններում եւ սրճարաններում ընդհանրապես տեղ չկար, շատ մեծ տնտեսական շարժ կար։  Ինձ համար հետաքրքիր էր, թե սեպտեմբերի 21-ին Գյումրիում առեւտուրն ինչ շարժ է գրանցել, եւ ինձ համար անսպասելի մի բան պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները տպվել են նույն չափով, ինչ նախորդ օրերին»։

Նա ընդգծեց՝ գործընկերություն ասելով՝ նկատի ունեն նաեւ, որ բիզնեսն էլ իր քայլն անի. «Սա իրականում շատ վատ նորություն է։ Ես, գործընկերություն ասելով, սա նկատի ունեմ։ Կառավարությունն իր գործողություններով այսպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիում բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն է, բայց այդ բիզնեսը մի կես քայլ իր կողմից պե՞տք է անի, թե՞ պետք է չանի։ Տնտեսական հեղափոխությունը չի կարող մենախոսություն լինել, երկխոսություն պետք է լինի։ 2019 թվականի առաջին 8 ամիսների ցուցանիշներով, նախորդ տարվա համեմատ, 75 մլն հատ ավելի ՀԴՄ կտրոն է տպվել։ 10 ամիսների տվյալներով՝ հասել է 85 միլիոնի։ Այսինքն՝ դինամիկան կա, եւ լավ նորությունն առկա է»։