Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում երեկ ՔՊ-ական ոհմակն ավելի քան երկու ժամ զբաղված էր մարդատյացության մաստեր կլաս ցուցադրելով` մարդուն զրկելով կարծիք հայտնելու սահմանադրական իրավունքից։ Իսկ հանձնաժողովում քննարկվում էր ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հարցը։ ՔՊ-ում ով չէր ալարել, ներկայացել էր նիստին՝ մոտ 30-40 պատգամավոր, մինչդեռ այս հանձնաժողովում ՔՊ-ի անդամներն ընդամենը չորսն էին՝ Կնյազ Հասանովը, Արթուր Հովհաննիսյանը, ով, ի դեպ, նիստի սկզբից մինչեւ վերջ իրեն պահեց փողոցայինի պես, թեկնածուի հետ «արա»-ով ու ձեռքերով խոսելուց բացի, նաեւ անընդհատ պիտակավորում էր Ղազարյանին ու դիրիժորություն անում իրենց խմբակցությանը, թե ինչպես պահեն իրենց, որտեղ ծափ տան կամ գոռան, հա՞րց տան, թե՞ «գազ տան»։
Իսկ մյուսները, ըստ ամենայնի, «բարձրյալի» հրահանգով էին նիստին եկել, որ կողքից «դամ պահեն», իրենց բաժին վիրավորանքը, ռեպլիկն ու փողոցային ժարգոնով ելույթներն ունենան Ղազարյանի ու ընդդիմության հասցեին՝ քննարկումը վերածելով նողկալի ներկայացման։ ՔՊ-ականների այս ակտիվությունն ի սկզբանե հուշում էր, որ «երեկոն ուրախ» է անցնելու․ առաջին իսկ րոպեներից Արթուր Հովհաննիսյանը գործի անցավ՝ արգելելով թեկնածուին՝ իրենց իշխանության վերաբերյալ օգտագործել «հանցավոր» բառը։ Գնալով իրավիճակն այնքան սրվեց, որ ՔՊ-ականները խմբակային գրոհի անցան։ Քննասենյակում իրավիճակը լարվեց, երբ Ղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ երկրում ծանր իրավիճակ է 2018 թվականին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետեւանքով։
Է՛լ «խեղկատակ», է;լ «արա», է՛լ «չաթլախ», «անասուն»` իշխանական օրենսդիրները չէին հանգստանում, մինչեւ անգամ անցան բացահայտ սպառնալիքի Արթուր Հովհաննիսյանը սպառնաց՝ «լեզուդ կկտրենք»։ «Դուք ուղեղ չունեք, որ մեզ վիրավորեք։ Ձեզ ձեռք առնելու համար բերել են այստեղ, պարոն Ղազարյան, քեզ ինչո՞ւ են այստեղ բերել, պարոն խեղկատակ»,- նետեց պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ «Դու պետք է հրապարակային ներողություն խնդրես, դու ո՞վ ես, արա, որ նման բան ասես։ Հերիք չի՝ նոյեմբերի 9-ից հետո հրապարակներում անվանարկում էիք, հետո մտաք մկան ծակերը, նայի` դու էլ չմտնես մկան ծակերը, լեզուդ կկտրենք»,- գոռում էր Արթուր Հովհաննիսյանը՝ շարունակելով. «Լո՞ւրջ ես ասում, այ տղա, չխառնես, արա։ Ով փորձի ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական խումբ, լեզուն կկտրենք, ականջներն էլ՝ հետը»։
Տպավորություն էր, որ «տեցի կռուգում» քրեական հեղինակությունների «բազառ» է գնում, որտեղ ակամայից հայտնվել է, ինչպես դասականը կասեր, մի «կուլտուրական» մարդ` ի դեմս Էդգար Ղազարյանի, որ ակնապիշ կուլ էր տալիս ՔՊ-ականների վիրավորանքները: Հետո, երբ կրքերը հանդարտվում էին, եւ նա հնարավորություն էր ստանում շարունակել ելույթը, հընթացս իրականության մասին իր գնահատականներով, արձանագրումներով էլ ավելի էր գազազեցնում իշխանականներին։ Եվ չնայած ընդդիմությունը Ղազարյանին միայնակ էր թողել, եւ քննարկմանը միայն հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր ներկա, այդուհանդերձ, Ղազարյանն աննկարագրելի հավասարակշռվածությամբ կարողացավ բոլորին իրենց տեղը ցույց տալ՝ շահած դուրս գալով ՔՊ-ական ոհմակի դեմ անհավասար մարտում, ուր գործի էր դրվել իշխանության ողջ արսենալը։ Նողկալի էր տեսնել, թե ինչպես են ՔՊ-ական տղամարդկանց «բազառին» «դամ պահում» նաեւ իշխանական տիկնայք, ցուցադրաբար հռհռում էին թեկնածուի ելույթի ժամանակ, իբր փորձում էին ծաղրել Ղազարյանին։ Իհարկե, տեղ-տեղ Ղազարյանի նյարդերը տեղի էին տալիս, բայց, մեծ հաշվով, նա չէր տրվում սադրանքներին։ Օրինակ, երբ Արթուր Հովհաննիսյանը սպառնում էր, ընդդիմության թեկնածուն արհամարհական նետեց, թե պլանքյաշ է, իր ասածներին լուրջ չի վերաբերվում, ՔՊ-ականները սկսեցին հաշիվ պահանջել, Վլադիմիր Վարդանյանը հանգստացրեց կրքերը՝ գործընկերներին ասելով, որ պետք է թույլ տալ՝ մարդը կարծիք հայտնի, որ տպավորություն չլինի, թե քարանձավային ժամանակներում ենք ապրում։ Մենք նկատեցինք, որ մինչ Վարդանյանը ելույթ էր ունենում, Արթուր Հովհաննիսյանը գլխով ձգվեց դեպի Ղազարյանը, երկուսի մեջտեղում Վիգեն Խաչատրյանն էր, եւ Ղազարյանին շարունակեց սպառնալ, թե իրեն դեռ մոտիկից կճանաչի, ապա նրան «չաթլախ» անվանեց։
ՔՊ-ականները երեկվա վարքագծով ապացուցեցին նաեւ, թե որքան դեմոկրատ ու հանդուրժող էին Սերժ Սարգսյանի իշխանությունում, երբ իրենց այսօրվա շեֆը՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, խոսում էր այն, ինչ խելքին փչում էր, ամենավերջին վիրավորանքներն ու գնահատականներն էր հնչեցնում խորհրդարանի թիվ մեկ ամբիոնից իշխանությունների հասցեին: Այն իշխանությունների, որը ո՛չ Արցախ էր հանձնել, որի պաշտոնավարման ժամանակ ո՛չ հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ էինք ունեցել, ո՛չ էլ ադրբեջանցիները եկել ու հարմար տեղավորվել էին Հայաստանի սուվերեն տարածքում։ Սակայն նույնիսկ այդ պարագայում նախկինները չեն սպառնացել կտրել Փաշինյանի լեզուն ու ականջները, որեւէ մեկի մտքով չի անցել արգելել Փաշինյանին՝ գործածել ինչ-որ բառեր։
Ինչեւէ, ընդդիմության թեկնածուին մերժեցին, փոխարենը ՄԻՊ թեկնածուի պաշտոնում հաստատեցին ՔՊ-ի առաջադրած Անահիտ Մանասյանին, ով դեռեւս գլխավոր դատախազի տեղակալն է։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում