կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-14 18:08
Առանց Կատեգորիա

Ծառուկյանի անկեղծության գինը

Ծառուկյանի անկեղծության գինը

«Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին եւ ժողովրդին»,- Աբովյանում այսօր հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

 

Դեռևս Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, թե պետք է ԱԺ կանոնակարգ-օրենքից հանել ընդդիմություն լինելու մասին հայտարարություն անելու դրույթը: Տրամաբանությունը շատ պարզ էր. նման հայտարարության պահանջի բացակայության ֆոնին ԲՀԿ-ն լիարժեք հնարավորություն էր ունենալու ոչ թե դառնալ, այլ խաղալ ընդդիմություն: Այս իմաստով Գագիկ Ծառուկյանի խոստովանությունն ավելի ազնիվ է, քան Զոհրաբյանինը, որովհետև Ծառուկյանը հիմա բացահայտ ասում է, որ ԲՀԿ-ի միակ գործառույթը ստեղծման պահից ի վեր եղել և մնում է անհրաժեշտ պահին ընդդիմություն խաղալը, և որ դա ոչ միայն նրա ուժերի առավելագույնն է, այլև առաքելությունը` իբրև քաղաքական խմբավորում:

 

Ստեղծման պահից ի վեր այս կուսակցության միակ խնդիրը եղել է իշխանության վերարտադրության բուֆերի դեր կատարելը և ընդդիմադիր դաշտը խառնաշփոթի մեջ պահելը: Ծառուկյանը ընդդիմություն լինելու մասին խոսում է այնպես, կարծես այն տառապում է բորոտությամբ և չի կարող «երկրին ու ժողովրդին» օգուտ տալ: Այսինքն` նրա պատկերացմամբ ընդդիմություն դարձողի սուրբ պարտականությունը ամեն ինչ սևացնելն է, սուբյեկտիվիզմի դաշտ տեղափոխելը, հետևաբար` այս դաշտում գտնվող ուժերը, ըստ նրա, ունակ չեն երկրին ու ժողովրդին օգուտ տալ: Սա կա'մ քաղաքագիտական տարրական հասկացություններից հեռու լինելու, կա'մ խոր մոլորության արգասիք է: Որովհետև իրականում ժողովրդին ու երկրին հավասարապես օգտակար և վնասակար կարող է լինել թե' ընդդիմադիր և թե' իշխանական ուժը: Միակ նախապայմանը տվյալ դեպքում մոտիվների ու նպատակների ազնվությունն է ու լարախաղացությամբ չզբաղվելը: 

 

Իրականում Ծառուկյանի այս հայտարարությունը դեռևս նախորդ տարվա մայիսին այլընտրանք լինելու հայտարարության կրկնությունն է: Սակայն այն արվում է բոլորովին այլ քաղաքական իրավիճակում և ԲՀԿ-ի` անցած մեկ տարվա ընթացքում որդեգրած տարբերվող տակտիկայի խորապատկերին, ինչով էլ պայմանավորվում է դրա ունիկալությունը: Այս տեսանկյունից Ծառուկյանը հարվածում է երկու կոնկրետ թիրախի: Առաջինը` նա հստակեցնում է, որ ԲՀԿ-ն ոչ թե հասարակության, այլ գործարար ու կիսաօլիգարխիկ շրջանակների շահերի ու հետաքրքրությունների սպասարկուն է և ի զորու չէ հաղթահարելու այդ կապանքները: Ընդդիմություն չլինելու մասին Ծառուկյանի հայտարարությունն առաջին հերթին բխում է ԲՀԿ կոչվող խմբավորման մեջ հանգրվանած հատկապես այդ շրջանակի շահերից, որոնց համար գոյություն ունի ընդամենը մեկ արժեք` սեփական բիզնեսները իշխանամերձ տարածքում ապահովագրելը: 

 

Երկրորդ թիրախն այն է, որ սրանով Ծառուկյանը նաև վերահաստատում է, որ ԲՀԿ-ն խմբավորումից քաղաքական կուսակցություն դարձնելու, հետևաբար` նաև իր առջև լուրջ ու հավակնոտ նպատակներ դնելու ո'չ ցանկություն ունի, ո'չ էլ` քաջություն: ԲՀԿ-ի` իրական կուսակցության վերածվելու միակ ճանապարհն անցնում էր ընդդիմության` լրջագույն փորձություններ ենթադրող անդաստաններով: Նա հարվածեց առաջին հերթին ԲՀԿ-ի այն շրջանակների թիկունքին, ովքեր անկեղծորեն հավատում էին ԲՀԿ-ի այդ ուղիով գնալու հնարավորությանը և քաղաքական ուժ, ընդդիմություն դառնալու հեռանկարին, ուստի և հոգեբանական ճնշում էին գործադրել Ծառուկյանի վրա` այդ պատասխանատու քայլին մղելու համար: Խոսքն առաջին հերթին վերաբերում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ով ընդամենը օրեր առաջ էր հայտարարել, թե ԲՀԿ-ն պետք է հայտարարի ընդդիմադիր ուժ դառնալու մասին: Հիմա ԲՀԿ-ի քաղաքականացված մասը, որը նաև որոշակի դիմագիծ ու բնավորություն էր հաղորդում այս խմբավորմանը, ոչ մի հենման կետ, մոտիվացիա այլևս չունի: Նրանք ստիպված են կա'մ հարմարվողականություն դրսևորել ու սպասարկել խմբավորան կիսաօլիգարխիկ շրջնակաների շահերը, կամ' հակադրվել Ծառուկյանին ու դուրս գալ կուսակցություն կոչվածից:

 

Ժամանակին Ծառուկյանի արած պնդումները, թե պատրաստ է անհրաժեշտության դեպքում նաև զոհողությունների գնալ, փաստորեն, ընդամենը դատարկ կաթսայից դուրս եկած զնգոցներ էին, որոնք արվեցին ԲՀԿ-ի` չհայտարարված ընդդիմադիր լինելու դերն ավելի համոզիչ խաղալու համար: Հիմա, երբ քաղաքական պրոցեսները դուրս են եկել ընտրությունների տրամաբանությունից, դերասանություն անելու և պոպուլիզմով ինքնախաբեությամբ զբաղվելու անհրաժեշտություն այլևս չկա: Ու Ծառուկյանն աստիճանաբար ԲՀԿ-ին դուրս է բերում այդ դերից: Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է, որոհետև հակառակ դեպքում ԲՀԿ-ն դադարում է պահանջարկ ունենալ թե' իշխանության և թե' իր ներսում ծվարած գաճաճ օլիգարխների մոտ:

 

Մինչդեռ Ծառուկյանը դեռ չի համարում, որ իր առաքելությունն ավարտել է: Եկել է իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում ստանալու ժամանակը, և ԲՀԿ-ն սկսում է նախապատրաստվել 4 տարի անց կայանալիք համապետական ընտրություններին, որոնք ծավալվելու են, իշխանությունը ժառանգելու, փոխանցելու գործոնով պայմանավորված, բոլորովին նոր տրամաբանությամբ:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

Հ.Գ. Լևոն Տեր-Պետրոսյանը, թերևս, ստիպված կլինի նոր քաղաքագիտական, տվյալ դեպքում` արդեն ինքնաարդարացմանն ուղղված վերլուծություններով հանդես գալ` «Ինչու Հայաստանում հնարավոր չէ բուրժուադեմոկտատական հեղափոխություն» կամ «Ինչու Ծառուկյանը բորժուա չէ» թեմատիկայով: Հակառակ դեպքում` նա նմանվում է այն խեղճուկրակին, ում քթից բռնած շարունակ դեսուդեն են քարշ տալիս, մինչդեռ վերջինիս այդ ամենը ընդամենը ծաղկափոշու մեջ թաթախված բզեզի հեքիաթ է թվում: