կարևոր
2680 դիտում, 6 օր առաջ - 2025-04-09 19:51
Աշխարհ

Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններն անվանել է Վաշինգտոնի մտադրությունների անկեղծության ստուգում

Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններն անվանել է Վաշինգտոնի մտադրությունների անկեղծության ստուգում

Օմանում ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունները կստուգեն Թեհրանի հետ ազնիվ և բարեխիղճ երկխոսություն վարելու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը։ Այս մասին  հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ալժիր կատարած այցի ժամանակ։

«Մենք կանգնած ենք անվստահության մեծ պատի առաջ և լուրջ կասկածներ ունենք մտադրությունների անկեղծության վերաբերյալ. կասկածներ, որոնք ավելի են սրվել ԱՄՆ-ի կողմից ցանկացած դիվանագիտական գործընթացի մեջ ​​ներգրավումից առաջ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը վերսկսելու պնդմամբ։

Դեպի ապագա շարժվելու համար մենք նախ պետք է հասնենք այն փաստի ընդհանուր ըմբռնմանը, որ սկզբունքորեն գոյություն չունի «ռազմական տարբերակ», առավել ևս՝ «ռազմական լուծում», ֊ Արաղչիի խոսքն է մեջբերում Իրանի արտաքին գործերի նախարարությունն իր Telegram ալիքում։

Նախարարը նաև նշել է, թե ինչ են երկու կողմերը քննարկելու բանակցությունների ընթացքում։«Կքննարկվի բացառապես միջուկային հարցը, հատկապես՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հավաստիացումներն ու երաշխիքները՝ անարդար պատժամիջոցների չեղարկման դիմաց, – նշել է Արաղչին։

– Մենք նախկինում չենք հանձնվել սպառնալիքներին, չենք հանձնվելու հիմա կամ ապագայում։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց երբեք չենք ընդունի հանձնվելը»։

Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ։ Մարտի վերջին Թեհրանն Օմանի միջնորդների միջոցով պատասխանել էր Թրամփի նամակին:

Ապրիլի 7-ին հայտնի է դարձել, որ նամակագրությունից հետո կողմերը պայմանավորվել են բանակցությունների առաջին փուլն անցկացնել ապրիլի 12-ին Օմանում։ Հիմնական բանակցողները կլինեն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։