կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-06 12:49
Տնտեսական

Գազի գինը կձևավորվի բանակցությունների արդյունքում. նախարարը չգաղտնազերծեց հայկական կողմի ակնկալած գինը

Գազի գինը կձևավորվի բանակցությունների արդյունքում. նախարարը չգաղտնազերծեց հայկական կողմի ակնկալած գինը

30 տոկոսով  գազի գնի իջեցման հնարավորության մասին հայտարարությունները էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ոչ պրոֆեսիոնալ է համարում, քանի որ դա, ըստ նրա, կախված է, թե ներմուծման ինչ գին կունենանք:

Նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «այս պահին ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում, տեղեկանքների տեսքով բոլոր փաստաթղթերը ներկայացված են,  Սանկտ Պետերբուրգում բոլոր հարցադրումները բարձրացվելու են»: Թե ինչ գին է ակնկալում հայկական կողմը, նախարարը նշեց. «Բանակցությունների արդյունքում կձևավորվի, մի քիչ սպասեք»:

Անդրադառնալով «Գազպրոմ»-ի` վնասով աշխատելուն, ինչից և կախված է գազի գինը, Գարեգին Բաղրամյանն ասաց,  որ պետք է ուսումնասիրվեն ընդհանուր գնագոյացման խնդիրները: «Կարծում եմ, որ ներքին գնագոյացման հարցում լինում են խնդիրներ, որոնք նվազեցնելու տեղ կա»,- շեշտեց նա:

Դիտարկմանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ չե՞ն ազդի գազ-էլեկտրաէներգիա հայ-իրանական պայմանավորվածության  վրա,  Բաղրամյանը վստահեցրեց՝ ոչ: «Մենք հանդիպել ենք պետդեպարտամենտի աշխատակիցների հետ, քննարկել ենք խնդիրը, ներկայացրել, որ այդ պրոյեկտը ենթադրում է  շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում ՝ էլեկտրահաղորդման գծեր, ջերմակայանի կառուցում, և այդ ներդրումների վերադարձն ապահովվում է նաև գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակում: Նրանք էլ դա ընդունում են: Որևիցե խնդիր չունենք այդ մասով, ինչպես կա, այնպես էլ շարունակվելու է»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Նա տեղեկացրեց նաև, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում 150-160 աշխատակից է կրճատվելու: «Պաշտոնանկություններ, կառուցվածքային փոփոխություններ բոլոր ընկերություններում լինում են: Այս պահին ամենաակտիվ աշխատանքները «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» են տեղի ունենում: Արդեն նոր տնօրեն է ընտրվել, շուտով նաև հաստիքացուցակը կներկայացնենք, նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակցի կրճատում, որոնք, կարելի է ասել, այդքան էլ զբաղված չէին բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հիմնական գործունեությամբ»,- մանրամասնեց Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծեց, որ, հաստիքային աշխատակիցներին զուգահեռ, կա նաև արտահաստիքային 90 պայմանագրային աշխատող: «Ուղղակի անհասկանալի է` եթե կան հաստիքային աշխատակիցներ, ինչո՞ւ ենք արտահաստիքային 90 աշխատակից պահվում»,- նշեց նա: