կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-18 10:14
Քաղաքական

Անկեղծության պակաս

Անկեղծության պակաս

«Առավոտն»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն իր խմբագրականում գրում է.

 

«Անհայտ ուժերի» կողմից գաղտնալսված երկու պատգամավորների մասնավոր զրույցի բովանդակությանը մենք պայմանավորվեցինք չանդրադառնալ՝ կարծես թե այս հարցում որոշակի կոնսենսուս կա: Բայց պետք է, հավանաբար, անդրադառնալ գաղտնալսման փաստին, ինչպես նաև նրան, թե ինչու է իշխանությունը (միամիտ ձևանանք և չասենք՝ ԱԱԾ-ն) որոշել այս գաղտնալսումը հրապարակել: Նախ՝ ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ մեր երկրում դեռ գոյություն ունի քաղաքական լրտեսություն, որը կար խորհրդային շրջանում: Եթե Սովետի ժամանակն արդեն անցած լիներ, այդ ձայնագրությունն իրականացրած և ինտերնետում տեղադրած մարդիկ կկանգնեին դատարանի առաջ:

 

Քանի որ իմ այդ ենթադրությունը քմծիծաղով կընդունվի, մնում է եզրակացնել, որ Սովետը դեռ շարունակվում է: ՀՀԿ համագումարում արմավիրցի «կթվորուհու» և նման այլ ելույթները դրա վկայությունն են: Մյուս կողմից՝ պարզ է, որ մեր փառապանծ չեկիստները (այդ բառը հասկացեք լայն իմաստով) հազար ու մի բան են ձայնագրում և տեսագրում, բայց ոչ բոլորն են հրապարակում: Այս մի նյութը, հավանաբար, նրանց շատ պետք եղավ նախընտրական պայքարում, դրա համար էլ հրապարակվեց: Այդ ակցիայի հեղինակներին թվում է, որ դրանով վարկաբեկվում է ՀԱԿ-ը:

 

Թե որքանով է այդ հաշվարկը ճիշտ՝ առայժմ դժվար է ասել: Բայց հաշվարկը հիմնված է այն փաստի վրա, որ ՀԱԿ-ի, ինչպես և մեր բոլոր մնացած կուսակցությունների քաղաքականությունը թափանցիկ չէ, այստեղ բացակայում են բաց մրցակցությունն ու հրապարակային բանավեճը: Հակասությունները արհեստականորեն կոծկվում են ու հանդես են գալիս ասեկոսեների, բամբասանքների, ակնարկների տեսքով, ինչից հմտորեն օգտվում է իշխանությունը՝ մենաբանելով այդ հակասություններն ու ակնարկներն այնպես, ինչպես իրեն է հարմար:

 

Խնդրո առարկա ձայնագրությունն էլ ես ընկալում եմ որպես յուրահատուկ բամբասանք և «անոնիմկա»: Այդ ժանրի «ստեղծագործությունները» պետք է խստորեն դատապարտել: Բայց դրանց ազդեցությունը չեզոքացնելու միայն մի ճանապարհ կա՝ անկեղծությունը: Իսկ դրա համար պետք է մի կողմ թողնել գաղտնիության շղարշը և վերջ տալ «բուզանդական արքունիք» խաղալուն:

 

Ի վերջո՝ խոսքը ղարաբաղյան կարգավորման մասին չէ, որին, ինչպես հայտնի է, փորձագիտական մակարդակով տիրապետում էին 4 թե 5 հոգի: Նախագահական ընտրությունների հնարավոր չէ գնալ «փորձագիտական մակարդակով», հաշվի առնելով հայաստանյան ընտրությունների յուրահատկությունները՝ այստեղ պետք է հասարակության լուրջ մոբիլիզացիա: Մեկ տարի մարդկանց համոզել, որ իրենց փրկողը, նյութական բարեկեցություն և արդարություն պարգևողը կլինի Գագիկ Ծառուկյանը և հիմա այդ մարդկանց հիասթափության ֆոնի վրա ոչ մի բան չձեռնարկել, շարունակել ինչ-որ անհասկանալի «գաղտնի բանակցություններ» վարել՝ ես այստեղ որևէ տրամաբանություն չեմ տեսնում:

 

Եվ այսօր ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ Զուրաբյանն է, ոչ Բագրատյանը, ոչ էլ Նիկոլը: Կռահեք, թե ով»: