կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-14 11:46
Հասարակություն

Ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է, մինչդեռ հացի գինը` ընդամենը 10 տոկոսով. Արտակ Շաբոյան

Ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է, մինչդեռ հացի գինը` ընդամենը 10 տոկոսով. Արտակ Շաբոյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին` ներկայացնել մանրամասներ սպառողական շուկայում կատարված ուսումնասիրությունների մասին:

Շաբոյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն անցած տարվա վերջին խիստ վերահսկողություն է սահմանել շուկայի մի շարք ոլորտներում, դրա նպատակն է եղել թույլ չտալ, որպեսզի խոշոր ընկերություններն Ամանորի նախաշեմին  օգտվեն առիթից եւ կատարեն գների անհիմն բարձրացումներ:

«Այդ նպատակով հանձնաժողովը զգուշացրել է բոլոր խոշոր ընկերություններին, որ գների անհիմն բարձրացումները համարվելու են գերիշխող դիրքի չարաշահումներ, եւ պատասխանատվության խիստ միջոցներ են կիրառվելու այդ ընկերությունների նկատմամբ: Այնուհետեւ հանձնաժողովի աշխատակիցները Ամանորի նախաշեմին, ամենօրյա կտրվածքով, գնային մոնիտորինգ են իրականացրել Երեւանի մի շարք խոշոր սուպերմարկետներում»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Ուսումնասիրվել է շուրջ քսան ապրանքների գներ, մասավորապես` կաթնամթերքի, շաքարավազի, կարագի, ձեթի, հավի ձվի, ալյուրի: Շաբոյանն ասաց, որ դիտարկել են նաեւ բենզինի եւ գազի գները: Նրա խոսքով` այս ապրանքատեսակների գները չեն բարձրացել, հակառակը` եղել են ապրանքներ, որոնց գները նվազել են:

Միեւնույն ժամանակ, Արտակ Շաբոյանի խոսքով, գնային բարձրացումներ եղել են, որոնց վրա ազդել է ռուսական ռուբլու եւ հայկական դրամի անկումը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շաբոյանից հետաքրքվեց` եթե ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է, ինչո՞ւ հացի գինը չի նվազում: Շաբոյանը նշեց, թե նվազել է, բայց` 10 տոկոսով: Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկեց, որպեսզի այս ոլորտում խոշոր դիրք զբաղեցնողներին եւս մեկ անգամ հորդորեն` չկատարել անհիմն թանկացումներ: