կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-13 17:29
Առանց Կատեգորիա

Զրոյացման սահմանագծին. ընդդիմության ընտրությունը

Զրոյացման սահմանագծին. ընդդիմության ընտրությունը

ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանն այսօր հայտարարել է, թե ընդդիմությունը Հայաստանում գտնվում է զրոյական վիճակում: Նման գնահատական տալու հիմքը, բնականաբար, անցած երեք համապետական ընտրություններում իշխանության տարած հաղթանակն էր, որից ընդդիմությունը փաստացի դուրս եկավ ձեռնունայն, գործնականում պարտված: (Երևանի ավագանու ընտրությունները էությամբ ևս համապետական էին` հաշվի առնելով, թե այդ ընտրություններում ինչ ծավալով էր իշխող կոսւակցությունը բացահայտ մոբիլիզացրել իր մարզային, հանրապետական մասշտաբի ռեսուրսները):

 

Ընդդիմությանը չհաջողվեց լուծել առաջադրված թե' ռազմավարական և թե' մարտավարական խնդիրներից և ոչ մեկը, իսկ դա այլ կերպ, քան պարտություն, դժվար է անվանել, անկախ այն հանգամանքից, թե որքանով էր իշխանության տարած հաղթանակը ազնիվ կամ ավելի ճիշտ անազնիվ: Գալուստ Սահակյանն, ըստ այդմ, ոչ այնքան նկարագրում է ընտրություններից հետո ընդդիմության ունեցած գերհամեստ ռեսուրսը, ժողովրդականությունը կամ հեղինակությունը, որքան,  մի կողմից, ընդդիմության նկատմամբ իշխանության մոտ հաստատված վերաբերմունքը, իսկ մյուս կողմից` անվերջ հաղթանակների և դրանց ձգտումների թողած բարոյալքող ազդեցությունը բուն իշխանության վրա:

 

Ժողովրդավարական ցանկացած երկրում իշխող քաղաքական ուժի ներկայաւցուցչի համար ոչ թե հպարտության, այլ գլուխը ամոթից կախելու առիթ պետք է լիներ ընդդիմության զրոյականության մասին հայտարարություն անելը, եթե անգամ դա այդպես է: Որովհետև իշխանության զորեղությունն ու անհաղթելիությունը ոչ թե ամենուր ու ամեն գնով հաղթանակ ապահովելու մեջ է, այլ ուժեղ ու իրական ընդդիմություն ունենալու: Ըստ այդմ` ընդդիմության զրոյականությունը ուղիղ համեմատական է իշխանության բովանդակության զրոյականությանը: Մանկական ինքնախաբեություն է հրճվել այն փաստից, որ թագավորում ես ավերակների վրա, երբ շրջակայքում ոչինչ ու ոչ ոք չկա, այսինքն` զրոյական վիճակում են, այն էլ այն դեպքում, երբ շրջապատի զրոյական լինել-չլինելը մեծապես կախված է քեզանից: Հետևաբար, այս միտքը հպարտորեն արտահայտող իշխող կուսակցության փոխնախագահը գուցե խորապես չի էլ ըմբռնում, որ դրանով որակում է նաև ամբողջ իշխանությանը:

 

Բայց Գալուստ Սահակյանի գնահատականում պարզորոշ հնչում է ընդդիմության համար հիմնական ահազանգը` մարգինալացման իրական վտանգը: Երևանյան ընտրություններից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր այլընտրանքային ուժերը կանգնել են պարզ հարցադրման առջև` ի՞նչ անել հիմա: Ակնհայտ է, որ Երևանի ավագանու ընտրություններով ավարտվել է քաղաքական մի շրջափուլ և սկսվել է բոլորովին նորը, որտեղ, սակայն, ընդդիմադիր ուժերն իրենց տեղն ու անելիքը պարզելու խնդիր ունեն: Այդ իրավիճակի նոր լինելը պայմանավորված է նրանով, որ կայացած երեք ընտրություններով Սերժ Սարգսյանը ամբողջականացրեց իր բացարձակ, տոտալ իշխանությունը, ապահովագրեց իրեն քաղաքական այլ ուժերից հնարավոր կախվածությունից և դա արեց` արտաքուստ պահպանելով խաղի իմիտացիոն ժողովրդավարական կանոնները, որով խաղալու ձևը ընդդիմությունը դեռևս չգիտի:

 

Առաջին պլան է մղվում հենց ձևը գտնելու խնդիրը: Առ այսօր քաղաքականությունը կառուցվել է հիմնականում ընտրությունների շուրջ: Նման մոտեցումն ակնհայտորեն սպառել է իրեն: Քաղաքականությունը ոչ թե ընտրություններով ավարտվում, այլ սկսվում է: Դա նշանակում է, որ ընդդիմությունը այլընտրանք ուղղակի չունի, քան հաջորդ ընտրություններին նախապատրաստվելը և, որ շատ ավելի էական է, հասարակությանը նախապատրաստելը. դա ներկայիս նախալուսանցքային վիճակից դուրս գալու միակ ճանապարհն է, որտեղ արդեն իսկ ուրվագծվում են հիմնական անելիքները:

 

Նախ`ամբողջությամբ պետք է փոխել ընտրախախտումների դեմ պայքարի փիլիսոփայությունը: Քվեարկությանը օրը ընտրատեղամասում իշխանությանը վերահսկելու մոդելն այլևս չի աշխատում: Ամեն ինչ տեղի է ունենում քվեարկությունից առաջ և ընտրատեղամասից դուրս: Դրա դեմն առնելու ոչ մի մեխանիզմ առ այսօր չի մշակվել, անգամ փորձ չի արվել մշակելու: Ընտրողը մնացել է իշխանության վարչական, թաղային, օլիգարխիկ հզոր մամլիչի դեմ մեն-մենակ ու կուլ է գնում դրան: Ընտրողն ուզում է, որ իր փոխարեն իր գրպանը 5 կամ 10 հազար խցկող հանցագործի ձեռքը ոչ թե ինքը բռնի, այլ ուրիշները, որովհետև վստահ չէ, որ եթե բռնի այդ ձեռքը, ինքը չի հայտնվելու մեղադրյալի աթոռին: Ընտրողն այս իմաստով օգնության կարիք ունի: Ու այս գործառույթը ընդդիմությունը պետք է վերցնի իր վրա` տուն առ տուն, ընտրող առ ընտրող աշխատելով:

 

Սա ենթադրում է նաև նախաձեռնողականություն ընտրական օրենսդրությունը փոփոխելու ուղղությամբ: Ոչ վաղ անցյալում ընդդիմությունը ընտրական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես էր գալիս ընտրությունների նախաշեմին, ինչը իշխանության համար պատրվակ էր դառնում դրանք մերժելու համար: Այս պրակտիկան փոխելու անհրաժեշտություն կա: Կայացած ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների, կազմակերպությունների արած դիտողությունները, արձանագրած թերություններն առավել քան ամուր բազա են ստեղծում հավակնոտ փոփոխությունների նախագծով հանդես գալու համար: Քաղաքական մեծամասնությունը դրանք մերժելու հիմքեր չպետք է ունենա, իսկ մերժելու դեպքում ստիպված լինի գործ ունենալ ոչ թե ներսի քաղաքական ուժերի, այլ միջազգային հանրության հետ: Իշխանությանը մերժողականության դեմ պետք է պայքարել նրա իսկ զենքով:

 

Թերևս մյուս ուղղությունը կարող է լինել քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը: Ակնհայտ է, որ քաղաքական գործընթացների հանդարտեցումից հետո սկսվելու է քաղաքացիական նախաձեռնությունների, դիմադրողական շարժումների նոր փուլ, որոնք քաղաքական աջակցության կարիք ունեն: Այս պրոցեսն արդեն սկսված է. ազատամարտիկների բարձրացրած բողոքի ակցիան` կապված սոցիալական խնդիրների լուծման պահանջի հետ, դրա առաջին վկայությունն է, որը սակայն, քաղաքական ուժերի կողմից առայժմ գրեթե բացարձակապես անտեսված է: Այդ խնդիրները պետք է վերածել քաղաքական հստակ ձևակերպված ու իշխանություններին ներկայացված պահանջների: Քաղաքացիական օղակները, որոնք պայքարում են իրենց այս կամ այն իրավունքի համար, ենթագիտակցորեն պետք է ըմբռնեն, որ ընդդիմությունն իրենց կողքին է, և պայքարը լոկալ բնույթի չէ: Ըստ էության` խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ընդդիմության և հասարակության միջև նոր որակի հարաբերությունների ձևավորմանը: Քանի դեռ ընդդիմությունը իր նեղ շահերի, ամբիցիաների կապանքներից դուրս չի եկել, այս խնդիրը լուծել չի կարող:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ