կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-08 00:44
Քաղաքական

Շարմազանովն իմ տեղակալն է. Հովիկ Աբրահամյան

Շարմազանովն իմ տեղակալն է. Հովիկ Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների խնդրանքով եւս մեկ անգամ անդրադարձավ իր եւ ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի միջեւ առկա հակասությունների վերաբերյալ լուրերին:

 

«Լուրեր են շրջանառվում, որ ներկա եւ նախկին շտաբի պետերի միջեւ անհամաձայնություն կա, ասում են` երիտասարդ ՀՀԿ-ականները շատ ավելի լավ աշխատեցին, այդպե՞ս է»,- հետաքրքրվեց լրագրողներից մեկը, ինչին ի պատասխան ԱԺ նախագահը, գրեթե ծիծաղելով, նախ խորհուրդ տվեց ավելի լուրջ գործով զբաղվել, բայց, այդուհանդերձ, պատասխանեց:

 

«Իմ եւ Շարմազանովի մեջ չի կարող հակասություն լինել, քանի որ նա իմ տեղակալն է: ԱԺ նախագահի տեղակալը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները: Եվ երկրորդ` ոչ մի հակասություն չի եղել եւ չի լինելու ապագայում եւ ընդհանրապես, դա մեր բոլորի խնդիրն է: Ուղղակի դեղին մամուլը փորձում է սեպ խրել, որը չի հաջողվի ի սկզբանե»,- հայտարարեց Աբրահամյանը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, որ ամեն ընտրությունից հետո ՀՀԿ-ն հայտարարում էր, որ բարեփոխումներ են լինելու, բայց մարդիկ այդպես էլ իրենց մաշկի վրա դա չեն զգում, Աբրահամյանը համաձայնեց: «Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ երկրում կան խնդիրներ, կա գոնե 37 տոկոս դժգոհ մարդ: Իմ կարծիքով` սա նաեւ ահազանգ էր մեզ, որպեսզի մենք վեր հանենք բոլոր խնդիրները եւ այն օբյեկտիվ դժգոհությունները, որոնք որ կան, ծառացած են մեր հանրության առջեւ, միասնական լուծում փորձենք տանք: Ժողովուրդը կոնկրետ սպասում է այդ բարեփոխումներին, ժողովուրդը պետք է զգա իր վրա խնդիրների լուծումը, որ լավ ապրի»,- նշեց նա:

 

ԱԺ նախագահը նաեւ հայտարարեց, որ նախագահն արդեն հանձնարարական է տվել նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով հուլիսի 1-ից բարձրացնելու մասին: Հունվարի 1-ից, առհասարակ, աշխատավարձերի բարձրացում է սպասվում:

 

Ի դեպ, մեր հարցին, թե ԲՀԿ-ի հետ կոալիցիա կլինի՞, նա պատասխանեց, որ իրենց նման առաջարկություն դեռ չի եղել, ոչ էլ իրենք են որեւէ մեկին առաջարկություն արել: