կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 11:12
Հասարակություն

Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով

Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով

1991թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը: 1991թ. ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այդ ուղղությամբ ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին:

 

Մոսկվայում ստեղծված մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձությունները: 1991թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ` ադրբեջանական ՕՄՕՆ-ը հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա: Ադրբեջանցիները, հարձակվելով տեղի բնակիչների վրա, սկսեցին թալանել նրանց տները: Մահացածների մեծ մասը 18-19 տարեկան էին:

 

Արցախյան պատերազմի մասնակից հերոսներից Թաթուլ Կրպեյանը 1990թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ամիսը Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարն էր:

 

Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում: Թաթուլը նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր:

 

1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Հիրավի, թեժ էին մարտերը, սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտածում հող զիջելու մասին: Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա, Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի...»:

 

Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»: Քաջի մահով ընկել է 1991թ. ապրիլի 30-ին` «Օղակ» գործողության ժամանակ: 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման: Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: Գյուղում կանգնեցված է նրա տուֆակերտ հուշարձանը, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը:

 

Թաթուլ մարդը, զինվորը, ռազմագետն ու պատմաբանը նաև գիտեր խոսել բանաստեղծի լեզվով: