Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար հացադուլը՝ որպես պայքարի միջոց, ընդունելի չէ, սակայն ընդունում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն է որոշում, թե պայքարի ինչպիսի միջոց ընտրել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ը Գալուստ Սահակյանին խնդրեց անդրադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի հատկապես այն հայտարարարությանը, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը երդվելու է իր դիակի վրա: Ուշագրավ է, բայց Սահակյանը կարծում է, որ դա, ամենայն հավանականությամբ, լեզվի սայթաքում է:
Նա խոցելի է համարում, որ նույն հարթակում Ղարաբաղը կարող են գավառ անվանել կամ ժողովրդի մեջ թուրքեր որոնել: «Սա ալիեւյան ոճ է, նման հանգույցներով տրամաբանական չէ ժողովրդին առաջնորդելը: Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը երբեք յուրայինների դիակների վրայով չեն անցի: Մանավանդ` Սերժ Սարգսյանը բավական շատ դիակներ է տեսել, եւ այդ հաղթանակի ամբողջ ընթացքում կարողացել է յուրայինների համար ցավել եւ պատերազմը տանել այնպես, որ քիչ զոհեր ունենանք: Մենք զոհերի կողմնակից չենք»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը եւ ընդգծեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է յուրային:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանին ժողովուրդն արդեն «երդվել տվել է, մնում է ցերեմոնիկ իրավիճակը»: Մեր թղթակցի դիտարկմանը, թե` ստացվում է` ՀՀԿ-ն որեւէ քայլի, որեւէ փոփոխության, որեւէ զիջման չի՞ գնա, Սահակյանն արձագանքեց, որ իրենք առաջարկներ արել եւ անում են, նաեւ կրկնում են, որ գնում են ռադիկալ փոփոխությունների, ովքեր կցանկանան մասնակից լինել, կարող են մասնակցել այդ բարեփոխումներին: