կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-08 17:38
Արցախ

«Դիրքերից Գետաշենը երևո՞ւմ է…». Քարվաճառում գիտակցում են՝ պատերազմն անավարտ է

«Դիրքերից Գետաշենը երևո՞ւմ է…». Քարվաճառում գիտակցում են՝ պատերազմն անավարտ է

Թարթառ գետի վերին հոսանքով սլանում ենք դեպի Արցախի հյուսիսարևմուտք՝ կուսական փարթամ բուսականությամբ, իր հանքային, բուժիչ ջրերով ու երբեմնի առողջարանային համալիրով հայտնի հայոց միջնաբերդ՝ Քարվաճառ:

Քարվաճառ անունն առաջացել է օտարների կողմից  Մեծ Հայքի Արցախի Ծար գավառում գտնվող Քարավաճառ գյուղի անվան աղավաղումից։ Անտիկ դարաշրջանում Քարվաճառի տարածքը մտնում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի Վայկունիք գավառի մեջ: 9–16-րդ դարերը Քարվաճառը համարվում էր հայկական Խաչեն իշխանության մասը,  իսկ նրա փլուզումից հետո՝ հայկական Ջրաբերդ մելիքության մասը։ Քարվաճառն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ռազմավարական կարևոր նշանակություն ունի,   բարձադիր այս վայրից են սկիզբ առնում Արցախի գրեթե բոլոր գետերը:  Քարվաճառն ունի նաև կարևոր պատմական նշանակություն.  այստեղ է գտնվում Ղարաբաղի հայկական ճարտարապետության մարգարիտը՝ դեռևս առաջին դարի սկզբում հիմնադրված Դադիվանքը:

Քարվաճառի ազատագրումը Արցախյան գոյամարտի բեկումնային հաղթանակներից մեկն էր: 

Արցախ տանող երկու հիմնական ճանապարհների՝ Լաչինի և Քարվաճառի տիրապետումը կենսական նշանակություն ուներ: Քարվաճառն իր դիրքով չափազանց կարևոր էր:  Այստեղից էր հրետանակոծվում Մարտակերտը, Քարվաճառում տեղակայված թշնամու զինուժը մեծ վտանգ էր ներկայացնում Շահումյանի պարտիզանական ջոկատների համար համալրում հասցնող ինքնաթիռների համար: 

Քարվաճառի ազատագրումը մեկ ուղղությամբ իրականացնել հնարավոր չէր,  այն իրագործվել է երեք ուղղություններով՝ միաժամանակյա հարձակմամբ: Մեր ազատամարտիկների խիզախության շնորհիվ Եռագույնը վերստինծածանվեց աննվաճ թվացող Օմարի բարձրունքում: Ականատեսները պատմում են, որ հակառակորդը մեծաթիվ զոհեր ունեցավ այդ մարտի ընթացքում,  թշնամու զինվորներից շատերը փախուստի ճանապարհին ցրտահարվել էին լեռնանցքի ստորոտում:  Անիրագործելի թվացող ռազմական այս գործողությունն իրականացնելիս հայկական ջոկատները ևս, ցավոք, մեծաթիվ կորուստներ ունեցան:   Եվ զարմանալի էր ժամանակի մամուլում շրջանառվող այն լուրը, թե 1993 թ. հունիսին Լևոն Տեր-Պետրոսյանի,  ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Գեորգի Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ Գորիսում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Քարվաճառը հանձնելու հարցը` փաստարկելով, որ կա միջազգային հանրության ճնշումը… Քարվաճառի ազատագրումը, Օմարի լեռնանցքի անառիկ պաշտպանությունն այսօր ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունի: 

Բարձրադիր լեռներում ծվարած անառիկ Քարվաճառն իր հարակից գյուղերով դեռևս մասամբ է վերաբնակեցված՝ ազատագրված տարածքների բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ոչնչացված լինելու,  բնակելի տների շինարարության դանդաղ ընթացքի պատճառով: Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններից մարդիկ եկել են այստեղ, ավերակներից տներ կառուցել, դպրոցներ հիմնել… 

Այստեղ հանդիպեցինք Գետաշենից տեղահանված մի պապիկի,  նա հարցնում էր զրուցակից զինվորականին. «Դիրքերից Գետաշենը երևո՞ւմ է…»:  Եվ անսփոփ տխրությունն ու արցունքները աչքերի խորքում թաքցնելով՝ խոստովանեց,  որ հեռադիտակով հաճախ է նայել՝ փորձելով գտնել Գետաշենում թողած իր տունը… 

Ազատագրված հողում հիմնադրված Քնարավան համայնքում ուրախության մի անթաքույց զգացողություն համակեց մեզ, երբ տեսանք անտառի բացատում խաղացող երեխաների: Նրանց հայացքը պարզ էր ու անաղարտ,  նրանց մանկական խաղերն առանց պլանշետների ու գաջետների էին,  նրանք ծառերի դալար շիվերից տնակներ էին կառուցել ու այդպես էին խաղում…

Քարվաճառ այցելելով՝ ադրբեջանցիների կիսաքանդ տների շարքում ես ակամայից փնտրում էի հայտնի լուսանկարի տունը,  երբ Քարվաճառի ազատագրման օրերին լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը նկարել էր ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին և ադրբեջանցի Շեյխա Խանումին:

Ինչպես պատմում էր ազատամարտիկը.  «Քարվաճառի ազատագրման օրերին այնտեղ հարյուրավոր խաղաղ բնակիչներ կային։ Մոտեցա դռան շեմին նստած կանանց և թուրքերեն ողջունեցի։ 80-նանց ծեր կինը հանդիմանանքով նայեց ինձ ու ասաց.  «Ինչո՞ւ այսքան ուշացաք, հայերը շուտով քաղաք կմտնեն։ «Հայերն արդեն եկել են»,- պատասխանեցի։ Ես ռազմագերիների պատասխանատուն էի, բոլորը հրահանգված էին հարգալից լինել խաղաղ բնակչության հետ։ Եվ նրանք անվնաս ճանապարհվեցին մոտակա քաղաքը` Գանձակ (Կիրովաբադ)։ 81-ամյա Շեյխա խանումին բոլորն ակնածանքով էին վերաբերվում։ Շեյխա խանումը բանաստեղծ էր, աշուղ, բանասաց։ Նա ասաց.  «էս կռիվը մեր երկու ժողովուրդների կռիվը չէ, մենք սիրում ենք հայերին և գիտենք, որ սա հայերի երկիրն է, ամենուր հայկական գերեզմաններ են, խաչքարեր, հայկական մշակույթի հետքեր…»:

Քարվաճառի բարձրունքում երկինքն ու ամպերն այնքան մոտ են թվում,   աննկարագրելի հպարտություն է մեր հայրերի սխրանքով ազատագրված այս հողի վրա քայլելը․․․ Այստեղ օրն անցնում է որպես բացահայտում՝ նոր գույների, հույզերի,  ծնունդ առնող զգացմունքների… 

Քարուքանդ ճանապարհներով բարձրանալով անտառի խորքերը՝ Թարթառ գետի ափին՝ գեղատեսիլ մի վայրում, ականատես եղանք բնության իրական հրաշքի.    Ջերմաջուրը տաք ջրի հոսող ավազան է բաց երկնքի տակ:  Ժամանակին այնկոչվել է հանքային բուժիչ ջրերով «Բաղնիք արքունականք»: Ջերմաջուրը գտնվում է 2200-2400 մ բարձրության վրա, հարուստ է բուժիչ հատկություններով բնական տաք աղբյուրներով: Տաք,  թթու և հանքային այս ջրերի ջերմաստիճանը, անկախ տարվա եղանակից, հասնում է մոտ 60º: Նրանցում առկա են ծծումբ, քլոր ու ռադոն գազ, իրենց բաղադրությամբ նման են Ջերմուկի, Կարլովի Վարիի, Ժելեզնավոդսկի հանքային ջրերին:

 

Ձյունածածկ ժայռերով ու սաղարթախիտ անտառներով շրջապատված հանքային ջրերի ավազանում բուժական լոգանք ընդունելն անկրկնելի զգացողություն է:  Կիսավեր շինությունները վկայում են, որ ժամանակին այստեղ գործել են բազմաթիվ առողջարաններ, որոնց աշխատանքի համար հորատվել են տասնյակ հորատանցքներ,  տաք հանքային ջրերը խողովակաշարերով հասցվել են առողջարաններ։ Հիմնական բուժիչ միջոցները եղել են թերմալածխաթթվային, հիդրո-կարբոնատո-քլորիդո-ծծմբա-նատրիումային ջրերը: Ասում են` խորհրդային տարիներին «Իստի-Սու» կոչվող առողջարանային այս վայրը Ադրբեջանի նախկին առաջնորդի՝ Հեյդար Ալիևի սիրած հանգստավայրն է եղել,  և մինչ այժմ պահպանվել են նրա ամառանոցի կիսավեր կլոր պատերը:

Արցախյան ազատամարտի ժամանակ առողջարանային այս հսկա համալիրը և հարակից ենթակառուցվածքները, ցավոք, անգթաբար ոչնչացվել են և մինչ այժմ չեն վերակառուցվել:

Լավատեսությամբ ես տոգորվում մտածելով, որ ճանապարհաշինությունը, զբոսաշրջության զարգացումը,  կիսավեր առողջարանների վերակառուցումը,  հանքային ջրերի գործարանի վերականգնումը երբևէ հրաշալի հնարավորություններ կընձեռեն հինավուրց Քարվաճառը զարգացնելու և լիովին վերաբնակեցնելու համար…

Ազատագրված Արցախի աննկարագրելի հարուստ տեղանքով գողտրիկ այս հատվածը անառիկ են պահում օր ու գիշեր Օմարի ձյունածածկ լեռնանցքում մարտական հերթապահություն իրականացնող հայ սպան ու զինվորը:

Հայ մարդն այստեղ ապրում է անավարտ պատերազմի իրողությունը գիտակցելով,  ապրում ու արարում է կենսատու այս հողի վրա՝ հայոց եզերքին խաղաղ երկինք մրմնջալով իր աղոթքներում…

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ