Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 55-ամյակի առիթով Yerkir.am-ը ներկայացնում է Արցախյան պատերազմի մասնակից Վարդուհի Խոջայանի հուշագրությունը։ Այն լույս է տեսել հերոսի 50-ամյակի առիթով հրատարակված «Թաթուլը» գրքի (Երևան, 2015) «Հավերժ կենդանի Թաթուլը» բաժնում։
…1990 թ. աշունն էր, Էրեբունի օդանավակայանում կամավորական դաշնակցականներից կազմված հերթական մի ջոկատ պատրաստվում էր գնալ Շահումյան` Շահեն Մեղրյանի կազմակերպած ինքնապաշտպանության ուժերին միանալու: Այնտեղ հասնելու այլ ճանապարհ չկար, միակ փոխադրամիջոցն ուղղաթիռն էր: Ուղղաթիռում ինձ անծանոթ դեմքեր էին, բայց մեկին ճանաչեցի. Օպերայի հրապարակում վրանային հերթապահություն կազմակերպողներից էր: Ուղղաթիռն օդ բարձրանալուն պես սրահում աշխուժություն սկսվեց, բոլորը սկսեցին զգեստափոխվել` հագնելով հատուկ համազգեստ, զենքերը կարգի գցել, փամփշտակալները ստուգել… Մի խոսքով, ես հասկացա, որ տղաները պատրաստվում էին տեղ հասնելուն պես անմիջապես իջնել ու թշնամու դեմ առճակատման անցնել: Օդաչուները զարմացած էին տիրող աղմուկից: Ինձ խնդրեցին, որ տղաներին կարգի հրավիրեմ. ուղղաթիռը չի դիմանա նման աշխուժությանը: Ես ներկայացրի իրավիճակը, և երբ տեղ հասանք, օդաչուները չճանաչեցին տղաներին. նրանք լրիվ կերպարանափոխված էին և բանակային ջոկատ էին հիշեցնում: Օդաչուներից մեկը կատակեց. «Մե՞նք ենք նրանց բերել»: Շահենը դիմավորեց տղաներին, ես էլ գնացի իմ գործերով: Մյուս օրը Շահենը հրավիրեց այցելելու անտառում տեղակայված ջոկատներին (իհարկե, աչքովս տեսնելու, նրանց կարիքներն իմանալու համար): Տղաները վրաններն էին տեղավորում, աշխուժություն էր: Բոլորը բարձր տրամադրություն ունեին, բացի այն հայտնի դեմքով տղայից: Նա շատ լուրջ, մտահոգված դեմքով մոտեցավ ինձ`հարցնելով. «Ճի՞շտ է, որ դու Գետնաշեն էլ ես գնում»: Ասացի. «Այո, ի՞նչ կա»: Ասաց. «Ես եկել եմ էստեղ, որ անցնեմ Գետաշեն»: Ես զարմացած հարցրի. «Ինչպե՞ս»: Նա թե` անտառներով: Ես ցույց տվեցի մեզանից ներքև անտառապատ ձորը`ասելով. «Ուզում ես էդ ձորերով գնալ ու գազանների կե՞ր դառնալ: Սխալ որոշում ես կայացրել»: Ասաց. «Ես մենակ չեմ, ով կուզի, կարող է հետս գալ, որոշել եմ ու վերջ, ինչ գնով էլ լինի, անցնելու եմ»: Վերջին խոսքս էր. «Խորհուրդ չեմ տալիս ռիսկի դիմել և հետդ էլ ուրիշներին վտանգի ենթարկել»: Նա էլ թե. «Հո չե՞մ եկել էստեղ, որ կռվելու իմ հերթին սպասելով` պարապ մնամ, էնտեղ շատ գործ կա»: Իհարկե, հոգուս խորքում ուրախացա, որ Թաթուլի նման մարդ պիտի մտնի Գետաշեն, չնայած նրան ծաղիկներով չէին դիմավորելու: Ես, իհարկե, Թաթուլին ասացի, որ գյուղում իր նմանի, գաղափարի մարտիկի կարիքը շատ կա, բայց այնտեղ հասնելու` ընտրած ճանապարհը սխալ է` հետի տղաների հետ գազանների բաժին կդառնա: Հեռացա ու, դեպի Շահենին գնալով, նկատեցի, որ Շահենը վիճում է մեկի հետ, որը Թաթուլի համագյուղացի Սաքոն էր: Նա բողոքում էր Շահենին իմ ներկայությունից` ասելով. «Մեզ մոտ չպիտի աղջիկներ գան, ինքը ի՞նչ իրավունքով է այստեղ»: Իհարկե, Շահենը նրան բացատրել էր, և նա, ժողովրդական լեզվով ասած «փուշը թողած», մոտեցավ ինձ և ծանոթացավ: Ես էլ Շահենին խնդրեցի, որ ուշադրություն դարձնի մի տղայի, ով որոշել է մի քանի հոգու հետ կամ մենակ գնալ Գետաշեն: Շահենը խնդրեց, որ ցույց տամ աչքերով: Ճանաչեց ու ասաց, որ հանգիստ մնամ, ինքը տղաներին կասի` աչքները վրան պահեն:
Անցավ մի քանի օր, բեռ էի կուտակել ու որոշել Գետաշեն տանել, քանի որ Գետաշենը լրիվ մեկուսացված էր, իսկ ուղղաթիռներն այդքան էլ հաճախակի չէին գնում այնտեղ: Գնացի և գյուղացիներին շատ աշխույժ, երջանիկ, հաստատակամ գտա: Զարմացա: Պարզվեց` Թաթուլն արդեն Գետաշեն էր հասել մի խումբ տղաներով, անմիջապես անցել ինքնապաշտպանության ջոկատները միավորելու և դիրքերում հերթապահություն կազմակերպելու, խրամատներ փորելու գործին ու արդեն վաստակել էր ժողովրդի վստահությունը, սերը և հարգանքը: Ինձ հանդիպող ծանոթներս ականջիս ասում էին, որը գյուղը մնալու է, Թաթուլն ամեն ինչ անելու է: Այդպես ընդամենը մի քանի օրվա ընթացքում Թաթուլը հասցրել էր գրավել գյուղացիների ուշադրությունը: Նրա խոսքը գին ուներ, նրան առանձնացրել էին գյուղի բոլոր ղեկավարներից և պատրաստ էին կատարել նրա յուրաքանչյուր հրահանգ: Ես էլ որոշեցի` ինչքան կարող եմ օգնություն բերել: Հետագայում պարզվեց, որ Թաթուլը գյուղի թիվ մեկ ղեկավարն էր ժողովրդի համար, նրանք պահանջում էին, որ նա դառնա գյուղապետ: Բայց Թաթուլը մերժում էր` ասելով, որ ինքը տղերքի հետ գյուղի սահմաններն է պահում և ժողովրդի անվտանգությունն ապահովում…
…1991 թ. գարնանը` ապրիլին, դեռ մեզ անհայտ «Կոլցո» օպերացիան սկսվել էր, Գետաշեն էին մտնում ռուսական տանկերը, և դրանցից մեկը 10 տարեկան տղաների ստեղծած հնարքով տապալվեց Գետաշեն-Մարտունաշեն տանող կամրջի վրա: Այդ պատճառով գործողությունը հետաձգվեց, մինչև Գանձակից բերվեր հատուկ կռունկը, և ճանապարհը բացեին զրահատեխնիկայի, տանկերի և այլնի համար: Արդեն մի քանի օր էր, որ Գետնաշենը կտրված էր թե՛ Հայաստանից, թե՛ Շահումյանից: Թաթուլը շատ անակնկալի էր եկել, օրը մի քանի անգամ հարցնում էր կապի մասին, և կապը չէր հայտնվում, ու տագնապ կար բոլորիս մեջ: Թաթուլը Գետաշենի ու Մարտունաշենի ինքնապաշտպանության ուժերի հետ պլան էր մշակել, տղաների մի մասն արդեն քաշվում էր անտառները, պատրաստվում էին հերթական անձնագրային ռեժիմին, այսինքն` թուրքերի ու ռուսների ներխուժմանը գյուղ: Թաթուլն ինձ «Վիլիսով» իջեցնում էր գյուղ, որ ես էլ հարմար թաքստոց գտնեմ, որովհետև ռացիան արդեն շատ վտանգավոր էր, և թուրքերը գիտեին այնտեղ հավաքվող ֆիդայական ջոկատների մասին, և հատկապես «Ուչիտելի» որս էր գնում, նրա գլխի համար գումար էին խոստացել: Ամեն իրավիճակի պետք էր պատրաստ լինել: «Վիլիսի» մեջ լռություն էր: Գյուղամեջ չհասած` Թաթուլը կտրուկ կանգնեցրեց մեքենան, գլուխը դրեց ղեկին. շատ մտահոգ ու միայնակ էր իրեն զգում: Ես ասացի. «Թաթուլ, ես եղել եմ Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերում, այնտեղ կան թաքստոցներ, որոնք նախատեսված են նման վտանգի դեպքում մեծերին, կանանց, երեխաներին ապահով թաքցնելու համար»: Նա ինձ ասաց, որ եթե ես կարողանամ օգնել, որ ուղղաթիռի հրապարակը մեր հսկողության տակ անցնի, գյուղը չի դատարկվի, ժողովուրդը չի ուզի փախչել: Ես հետաքրքրվեցի` արդյո՞ք արդեն ուշ չէ: Ասաց. «Երբեք ուշ չէ, իմ ուզածը այն է, որ մենք հսկենք գյուղ մտնող և դուրս եկող բոլոր շարժումները, ժողովուրդն էլ բավարարված կլինի, իր ուզածն էլ է դա»: Լռեց ու նորից ավելի համոզված ու վճռական հայտարարեց. «Կռիվ եմ տալու, կռիվ եմ տալու: Ես էս գյուղն առանց կռվի չեմ հանձնելու: Միայն իմ դիակի վրայով կհանձնեն…»:
Վարդուհի Խոջայան
Ղարաբաղի պատերազմի մասնակից,
Ղարաբաղի վետերանների միության անդամ