Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թաթուլը երբեք չէր հանձնի Գետաշենը, դա քաղաքական պայմանավորվածության հետևանք էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը նրա հիշատակի օրը՝ ապրիլի 30-ին։
«Դա քաղաքական որոշում էր, որն ընդունեցին այդ ժամանակվա իշխանությունները և այդ որոշմանը ոչ ոք չէր կարող ընդդիմանալ: Միակ մարդը, որն ընդդիմացավ, Թաթուլ Կրպեյանն էր և տեսանք՝ ինչ եղավ․ ընդդիմացողին վերացրին»,-ասաց նա։
Թաթուլի զոհվելուց հետո նրա կինը հսկայական հետազոտական աշխատանք է կատարել՝ ուսումնասիրել է արխիվներ, համադրել իր հուշերի ու ընկերների պատմածների հետ։ Ամբողջական պատկերը, կարծես, ուրվագծվել է։
«Օղակ» գործողության սկսվելուց անմիջապես առաջ՝ նախորդ օրը, Թաթուլ Կրպեյանին ասել են՝ վերցրու ջոկատդ և դուրս արի, բայց նա ասել է իր հայտնի խոսքը․ «Ես չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի»։
Իրինային ամուսնու հետ կռվողները պատմել են, որ մինչև վերջին պահը Թաթուլը սպասում էր, որ պիտի օգնական ուժ գա․ «Մինչև վերջին պահը, ասում են, անընդհատ նստած էր ռադիոկապի մոտ, որ տեսնի՝ ինչ պատասխան է ստանում, բայց այդ ուժը չեկավ։ Այսինքն, ինքը մնաց մենակ՝ այնտեղ եղած մի քանի ջոկատներով»։
Նա համոզված է, որ Գետաշենն ու Մարտունաշենը կպահեին, եթե օրվա իշխանությունները աջակցեին․ «Եթե Թաթուլ Կրպեյանը միայն ջոկատով՝ այդ փոքրիկ ուժերով, կարողացավ 8-9 ամիս իրականացնել ինքնապաշտպանությունը և ետ մղել Ադրբեջանի ՕՄՕՆ-ի ու ռուսական զորքի հարձակումները և ստեղծել ուժեղ պաշտպանական ճակատ, ինչ կլիներ, եթե իրեն ավելի շատ ռազմական տեխնիկա կամ միջոցներ տրամադրեին և աջակցության ջոկատներ ուղարկեին»։
Թաթուլը վճռական էր, որ չի հանձնելու Գետաշենը, դեմ էր, որ գյուղից որևէ մեկը հեռանա, բոլորին ասում էր՝ ես թողել եմ իմ ընտանիքը, բայց շուտով իրենց էլ եմ բերելու՝ իմ երեխային և իմ կնոջը, մենք ապրելու ենք այստեղ, և որևէ մեկը թող չհեռանա գյուղից, սա մեր պապենական հողն է՝ մենք պետք է պահենք։
Նրա մտքով չէր անցնում, որ պետք է գյուղը հանձնի՝ ասում է Իրինա Բարսեղյան-Կրպեյանը, այդ պատճառով էլ բնակչությունը մնաց։ Ինչ իմաստ ուներ գյուղն առանց բնակչության, գյուղը պահողը, հողը պահողը մարդն է, եթե այդ հողից մարդիկ շուտ դուրս գային, ինչպես դա տեղի ունեցավ կողքի գյուղերի՝ Կամոյի, Ազատի և Գետաշենի ենթաշրջանի մի քանի այլ գյուղերի դեպքում, որոնց ղեկավարները նախորդ տարիներին թողել, գնացել էին, նրանց հետևից էլ բնակիչներն էին իրենց տները վաճառել ադրբեջանցիներին և տեղափոխվել, այդ գյուղերը առանց կրակոցի և որևէ զոհի հանձնել էին, իսկ Թաթուլը չէր ուզում, որ Գետաշենն ու Մարտունաշենը նույն ճակատագիրն ունենան։
Նրա զոհվելուց հետո արդեն ուղղաթիռներից թռուցիկներ թափեցին երկու գյուղերի վրա, որոնցով պահանջեցին 48 ժամվա ընթացքում թողնել հողը, ասացին՝ սա ձեր հողը չէ։
Դատախազության արխիվում՝ ականատեսների վկայություների մեջ, Իրինա Բարսեղյան-Կրպեյանը սարսափելի մանրամասներ է կարդացել՝ ինչ ծաղրուծանակի են ենթարկել Գետաշենի ու Մարտունաշենի բնակիչներին տարհանելիս, ինչպես են նրանցից խլել ունեցվածքը և միայն իրենց վրայի հագուստով թույլ տվել դուրս գալ։
«Թաթուլի աշակերտուհին՝ Օլյան, մի դրվագ պատմեց հենց այդ օրվանից․ ասում է՝ մինչև ուղղաթիռին մոտենալը թույլ չէին տալիս ուղիղ կանգնած՝ քայլելով, հասնել ուղղաթիռի դռանը։ Երեխաներ էին, կանայք էին, ծերեր էին, ասում է՝ մեզ խորհրդային բանակի և Ադրբեջանի ՕՄՕՆ-ի հրամանատարությունը ասում էր ծնկաչոք պետք է մոտենաք ուղղաթիռին։ Ասում է՝ ես ընդդիմացա, մայրիկիս ասացի՝ ո՛չ, իմ մեջ Թաթուլի ոգին է, մայրս ձեռքիցս քաշեց, ասաց՝ նստիր, հիմա կկրակեն։ Որովհետև հայտարարում էին, որ կկրակեն»։
Թաթուլը Գետաշենի ենթաշրջանի երկու գյուղերում պատմության ուսուցիչ էր աշխատում։ Նրա աշակերտները, գործընկեր ուսուցիչները ընտանիքի հետ կապը պահում են։ Աշակերտներից մեկը պատմել է՝ ինչ գաղափարներ էր սերմանում Թաթուլը իրենց մեջ․ մեզ ասում էր, որ դեպի Մասիս տանող ճանապարհը սկսվում է Գետաշենից երեխաներ, միշտ հիշեք։
Մորուքավոր ուսուցիչ․ այսպես էին նրան անվանում Գետաշենում։ Իմանալով, որ պետանվտանգության մարմինների հսկողության ներքո է, այնտեղ գնաց որպես ուսուցիչ, բայց բոլորը գիտեին, որ նա՛ է ինքնապաշտպանության կազմակերպիչը և ընդհանուր հրամանատարը, այնտեղ եղած բոլոր ջոկատները ենթարկվում էին Թաթուլ Կրպեյանի հրահանգներին։
Մորուքավոր ուսուցիչը ցերեկները դպրոցում էր՝ աշակերտներին էր կրթում հայրենասիրական, իմաստուն քարոզներով, գիշերները հսկողություն էր իրականացնում տղաների հետ։ Արդեն եղած մարտական հսկողության կետերը թարմացրել էին, նորերը կառուցել։
«Տղաները հիշում են՝ մարտական հերթապահությունից հետո, որպեսզի վառոդից կամ հողի հետ շփումից եղունգների տակ մնացած մնացորդները մաքրի, որ աշակերտները վտանգ չզգան, ավազի մեջ եղունգները քսում էր, հետո աղբյուրի ջրի տակ մինչև գոտկատեղը լվացվում և առավոտյան մաքուր, կոկիկ գնում էր դասի և երեխաներից որևէ մեկը չէր կասկածում, որ իրենց ուսուցիչը գիշերը չի քնել և իրենց գյուղը վտանգի մեջ է»,-պատմեց Իրինա Բարսեղյան-Կրպեյանը։
Նա պահում է Թաթուլի Կարմիր օրագիրը, որն ընկերները այլ իրերի հետ ընտանիքին են հանձնել զոհվելուց հետո։ Մի օր կհրապարակի օրագիրը, երբ համարի, որ ժամանակն է։ Այնտեղ մանրամասներ շատ կան։
Թաթուլ Կրպեյանը Հայ Յեղափոխական Դաշնակցությանը անդամագրվեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ երդում հանձնելով՝ պատմում է կինը։ Ֆիդայիները նրա համար օրինակ էին, ազգային նկարագիրը՝ ուղենիշ։
«Օղակ» գործողության հենց սկզբում՝ 1991 թ-ի ապրիլի 30-ին, Գանձակում տեղակայված խորհրդային բանակի դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ առավ Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Ժամեր անց Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատները մտան գյուղերի տարածք։
Թաթուլի գլխավորությամբ՝ ինքնապաշտպանական ուժերը սկզբում որոշել էին զինված դիմադրություն ցույց տալ, բայց քանի որ տեսան՝ արվարաձաններում տներ են այրվում, մարդիկ են սպանվում և բոլորին հավաքում են կենտրոնում, վիրավորներ և զոհվածներ են բերում, արդեն այլևս ոչինչ չէր մնում, քան այլ բան մտածել։
«Այլընտրանքը այդ պահին գյուղի կենտրոնում հայտնված խորհրդային երկու զրահամեքենաների դեմ ինչ-որ գործողություն անելն էր։ Ականատեսները պատմում են, որ Թաթուլը ընթացքի ժամանակ վազելով բարձրացավ զրահամեքենայի վրա և իր մոտ եղած միակ նռնակի օղակը քաշեց, այդ բացած օղակով նռնակը, մտցնելով զրահամեքենայի վերևի փոքրիկ դռնակից ներս, ասաց՝ հիմա ես էլ ձեզ հետ կպայթեմ, եթե դուրս չգաք և չզինաթափվեք և չդադարեցնեք գործողությունը»,-պատմեց Իրինա Բարսեղյան-Կրպեյանը։
Երկու զրահամեքենաներից նա 17 խորհրդային զինվորական և 1 ադրբեջանցի ուղեկցորդ է հանում ու, քանի որ ռադիոկապը չէր ստացվում Ադրբեջանի հրամանատարության և խորհրդային ընդհանուր հրամանատարության հետ, որոնք Գետաշենի արվարձանում հետևում էին գործողությունների ընթացքին, Թաթուլը գրություն է պատրաստում իր պահանջներով, տալիս զինվորներից 3-ին, որոնք գնում են դեպի շտաբ, որպեսզի Թաթուլի պահանջները ներկայացնեն։
Մնացյալ 14 զինվորականներին հետագայում նկուղներում պահում են ու, արդեն Թաթուլի զոհվելուց հետո, փոխանակում խորհրդային բանակային հրամանատարության մոտ պատանդ մնացած 27 հայերի հետ։
Թաթուլն ու իր զինակիցները դեռ զրահամեքենաների մոտ կանգնած՝ գյուղամեջ է գալիս ռուս զորահրամանատար Մաշկովը։ Գնդապետ Մաշկովի հետ բանակցային առաջին քայլերն են տեղի ունենում՝ ռադիոկապով հայտնեք ձեր հրամանտարությանը, որ դադարեցնեն գործողությունը, այլապես դուք պատանդներ ունեք՝ մտածեք նրանց ճակատագրի մասին։
«Սակայն այդ ընթացքում անընդհատ վիրավորներ էին բերում, զոհվածների մասին լուրեր, մարդիկ ահաբեկված էին, գոռում-գոչյուն, մի սարսափելի բան էր կատարվում, գյուղի ծայրում տներ էին վառվում, վերևից «Կոբրա» տեսակի 6 ուղղաթիռ պտտվում էր՝ անմիջապես կպչելով գյուղի տանիքներին, այդ վիճակում պետք էր ճիշտ որոշում կայացնել։ Գնդապետ Մաշկովը փորձում է ռադիոկապով կապ հաստատել հրամանատարության հետ, սակայն չի ստացվում։ Ու որոշում են գնալ անմիջական բանակցությունների»,-ականատեսների պատմածը փոխանցում է Թաթուլի կինը։
Թաթուլը, մի ձեռքում բաց օղակով նռնակը, մյուսով՝ Մաշկովի օձիքից բռնած, հետևում՝ Արթուր Կարապետյանը և Հրաչ Դանիելյանը՝ ավտոմատներով, գնում են բանակցությունների։ Ճանապարհին ՕՄՕՆ-ականներն ու խորհրդային բանակի ստորաբաժանումները սկսում են կրակել։
«Թաթուլը այդ պահին էլ այնքան է մտածում գյուղի ճակատագրի մասին, որ նռանկն իրենից որքան հնարավոր է հեռու է նետում, որպեսզի գնդապետ Մաշկովը չմահանա, որովհետև նա գիտակցում էր, որ եթե Մաշկովը մահանա, ապա ամբողջ գյուղը սրի կքաշեն»,-ասաց Իրինա Բարսեղյան-Կրպեյանը։
Մաշկովը թեթև վիրավորվում է ձեռքից և ոտքից, բայց ՕՄՕն-ականները անմիջապես տանում են։ Արթուր Կարապետյանն և Հրաչ Դանիելյանը զոհվում են Թաթուլ Կրպեյանի հետ։
Թաթուլը մինչ այդ՝ գնդապետ Մաշկովին զինաթափելու ժամանակ, կարողացել էր նրանից կորզել «Օղակ» ռազմական գործողության պաշտոնական պլանը՝ պայմանականչերով, որտեղ նշված էին՝ ինչ չափի, ինչ կարգի ստորաբաժանումներ են մասնակցում։
Թաթուլ Կրպեյանը Գետաշեն գնալուց առաջ ընտանիքին՝ կնոջն ու դստերը, Երևանից տարել էր Թալին՝ ծնողների տուն։ Չէր ասել, որ երկար ժամանակով է գնում։ Կնոջն առաջարկել էր տեղի դպրոցում պատմության ուսուցիչ աշխատել․ այդպես էլ արել էր։ Դրանից հետո երկու անգամ եկավ, երկար զրուցեցին։ Կինը նամակներ էր գրում, բայց Թաթուլը հեռախոսազանգերով էր պատասխանում։
Նրանք ծանոթացել էին ուսանող ժամանակ։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում Թաթուլը ազգագրական երգի-պարի խումբ էր բացել՝ «Կարս» անունով։ Իրինան խմբի անդամներից էր։ Մի անգամ հենց Իրինայի համար Թաթուլը երգ է գրում, որի նաև երաժշտության հեղինակն էր ինքը։ Կոչվում էր «Կռունկ հայու»։ Բայց երբ բեմի վրա երգելու ժամանակը գալիս է, Իրինան չգիտես ինչու ասում է՝ չեմ կարող կատարել, հուզվում եմ։ Թաթուլն ասում է, ոչինչ, ես կկատարեմ։ Ու Թաթուլն ինքը 88 թ-ի շարժման օրերին բեմի վրա ազգային տարազով կատարում է Իրինայի համար գրած երգը։ Տեսագրությունը մինչև այժմ էլ պահպանվել է՝ ինչպես է Թաթուլը երգում․ «Դու էլ չլա՛ս, հայու կռունկ, քո բալեքը զինվոր են, նրանք ելել՝ կռիվ կերթան, նրանց սիրտն է եռագույն»։
Աննա Բալյան