Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
- Տիկի'ն Պետրոսյան, մի քանի օրից Երեւանի ավագանու ընտրություններն են: Ինչպիսի՞ ընտրություններ եք կանխատեսում եւ ինչպե՞ս եք գնահատում Տարոն Մարգարյանի շանսերը:
- Ճիշտն ասած` ես այս շրջանում զբաղված էի ուրիշ գործերով, բայց ամեն դեպքում, շփվելով ժողովրդի հետ, ես գիտեմ եւ հստակ տեսնում եմ, որ ժողովուրդն օբյեկտիվորեն շատ սիրում է Տարոն Մարգարյանին: Կարծում եմ, որ նա հաղթելու բավական մեծ շանս ունի, որովհետեւ իսկապես շատ լավ քաղաքապետ է, այն առումով, որ իսկապես սիրում է իր գործը, աշխատասեր է շատ, իսկապես Երեւանի նվիրյալ է:
- Քարոզարշավի հիմնական շեշտը դրվեց Տարոն Մարգարյան անձի վրա, ՀՀԿ-ի անունը շատ քիչ է շոշափվում…
- Իհարկե:
- Բայց սրանք համամասնական ընտրակարգով ընտրություններ են, եւ ընտրում են ոչ թե անձի, այլ կուսակցություններ: Այն, որ ՀՀԿ-ն քարոզչության շեշտը դրել է Տարոն Մարգարյանի վրա, հնա՞րք է:
- Հնարք չէ, պարզապես իր տեսակն է այդպիսին, Տարոնի տեսակն է այդպիսին: Ինքը, քաղաքապետ լինելով, որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ չի մոտեցել հարցին, ինքը որպես քաղաքի տեր է մոտեցել հարցին, այսինքն` բոլոր հարցերին, բոլոր կողմերից:
- Բայց նա գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը:
- Ի՞նչ կապ ունի դա, ես էլ եմ Հանրապետական կուսակցության անդամ:
- Տիկի'ն Պետրոսյան, մայիսի 5-ին ընտրվելու են կուսակցություններ, այս ընտրությունները համամասնական ընտրակարգով ընտրություններ են:
- Շատ լավ, ես Ձեզ բացատրեմ, Դուք դարձյալ ուզում եք կապել… Այո, շեշտը չի դրվում ՀՀԿ-ի վրա, որովհետեւ ինքն առաջին հերթին երեւանցի է, եւ ինքը հենց այդպես է մոտենում հարցին:
- Փաստորեն, դա է պատճառը` առաջին հերթին երեւանցի է, հետո` ՀՀԿ-ական:
- Ես այդպես եմ կարծում, որովհետեւ ինքն իր տեսակով այդպիսին է` երեւանցի է նախեւառաջ: Ես` ինքս, այդպիսին եմ իմ տեսակով, մենք նույն քաղաքում մեծացել ենք իրար հետ: Ես առաջին հերթին հայ եմ, երեւանցի եմ, հետո նոր` ՀՀԿ ներկայացուցիչ:
- Բայց ամեն դեպքում, ուզի, թե չուզի, իշխող կուսակցության քաղաքապետն է, իշխանության ցուցակն է գլխավորում:
- Հետո ինչ, իսկ ո՞վ է ասել, որ իշխող կուսակցությունն անպայման վատն է, ո՞վ է ասել, դա ի՞նչ քառակուսի տրաֆարետային մոտեցում է:
- Բայց չէ՞ որ դուք` ՀՀԿ-ականներդ, ամեն կերպ փորձում եք թաքցնել այն պարզ իրականությունը, որ նա ՀՀԿ-ական է:
- Իսկ չե՞ք կարող հարցին ուղղակի մոտենալ որպես երեւանցի… Ինքը լավ քաղաքապետ է, եւ ես ուզում եմ, որ նա անցնի: Կարո՞ղ եք ուղղակի այդ տեսանկյունից մոտենալ հարցին:
-Ոչ:
-Ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ…
- Տիկի'ն Պետրոսյան, ասածն ընդամենը այն է, որ ընտրում ենք կուսակցություններ, ոչ թե Տարոն Մարգարյանին…
- Շատ լավ, ընտրում ենք քաղաքապետի:
- Հնարավոր է` Տարոն Մարգարյանը բավարար չափով ձայներ չհավաքի եւ քաղաքապետ չընտրվի, ավելի ճիշտ` ՀՀԿ-ն բավարար չափով ձայներ չհավաքի:
- Դուք, փաստորեն, համառում եք...
Երբ կրկին «համառեցինք», որ մայիսի 5-ի ընտրությունները համամասնական ընտրակարգով են, մեր զրուցակիցը պարզապես հեռացավ…
Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ