կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-27 11:38
Իրավական

Նոր մանրամասներ` ոստիկանության ֆինանսական բուրգի մասին

Նոր մանրամասներ` ոստիկանության  ֆինանսական բուրգի մասին

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է.

 

«ՀՀ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված և տարիներ շարունակ գործունեություն ծավալած հայտնի ֆինանսական բուրգի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

 

Սա այն պատմությունն է, որի շրջանակներում պաշտոնից ազատվեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս տարվա ապրիլի 9-ին մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և որոշ մանրամասներ նկարագրել ֆինանսական այդ «կառույցի» մասին։ Տարբեր քաղաքացիներից խաբեությամբ մոտ 2.5 միլիոն դոլար հավաքելուց հետո կառույցը անհետացել էր՝ իր փողերով հանդերձ։

 

Մեր ունեցած տեղեկություններով՝ գործն արդեն ՀՔԾ-ում է, բայց դա չի նշանակում, որ շատ շատերին հայտնի այդ պատմությունը կբացահայտվի և մեղավորները կպատժվեն։ Ավելին՝ գործի ընթացքը ցույց է տալիս, որ ամեն ինչ արվում է պատմությունը կոծկելու համար։ Մինչ օրս այս գործով չկան ձերբակալվածներ։

 

Ավելին, բացի Ներսիկ Նազարյանից ուրիշ ոչ մի բարձրաստիճան ոստիկան պաշտոնանկ չի արվել նույնիսկ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ գործը չի բացահայտվում իբր այն պատճառով, որ բազմաթիվ վկաներ վախենում են ցուցմունքներ տալուց։ Եվ այդ վախը պայմանավորված է համակարգում համառորեն «քցվող» այն լուրերով, թե Ներսիկ Նազարյանը իբր շուտով նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ և կարող է ցուցմունքների հեղինակների համար մեծ պրոբլեմներ ստեղծել։ Ու երբ որ այդ վախը վերանա, ցուցմունք տվողները հերթ կկանգնեն:

 

Ի դեպ, այդ վախի մասին։ Սուպերմարկետների հայտնի ցանցը, որը ըստ Ներսիկ Նազարյանի՝ բոլորովին կապ չունի իր հետ, ահռելի պարտքեր է կուտակել։ Մատակարարները ամիսներով չեն ստացել ցանցին մատակարարած ապրանքների գումարները, բայց շարունակում են մատակարարել և շարունակում են մեծացնել այդ պարտքը։ Եվ պատճառը կրկին այն մտավախությունն է, որ ոստիկանապետ դառնալուց հետո, նա այդ մատակարարների հախից կգա։ Եթե այդ մտավախությունները ցրվեն, պարտատերերը նույնպես հերթ կկանգնեն՝ իրենց գումարները ամեն գնով ետ ստանալու համար։

 

Ըստ ամենայնի, վերը նշված ֆինանսական բուրգի և սուպերմարկետների հայտնի ցանցի պարտքային խնդիրները սերտ կապված են իրար։

 

Ըստ մեր տեղեկությունների՝ կուտակված պարտքից բացի, այս պատմության մեջ շրջանաովում է նաև 6.5 միլիոն դոլար ծավալով մի վարկի մասին, որի ընթացիկ մարումների համար տոկոսադրույքն ու «մայր գումարը» միասին կազմում է հենց այնքան, որքան գումար հավաքագրելուց հետո՝ «սկել» է վերը նշված ֆինանսական բուրգը՝ 2.5 միլիոն դոլար։

 

Այս ամբողջ պատմությունը բոլոր մանրամասներով հայտնի է՝ թե ոստիկանությանը, թե դատախազությանը և թե ՀՀ բարձրագույն իշխանությանը, ու բնական հարց է ծագում, թե ինչու, ի վերջո, չի բացահայտվում գործը: Խնդիրն այն է, որ այս գործով անցնող բարձրաստիճան ոստիկանները և մի քանի այլ անձինք տարբեր թելերով կապված են շատ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այսինքն՝ սա ՀՀ իշխանություն կոչվող համակարգում առկա փոխհարաբերությունների մի դետալ է ընդամենը, որը տարբեր գործոնների ազդեցության տակ պարզապես կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Եվ այդ ժամանակ շատ դժվար կլինի բացատրել, թե այդ ինչպես պատահեց, որ իրավապահներն ու ամենաբարձր իշխանավորները միայն հիմա իմացան, որ նման պատմություններ են եղել։ Բայց կա մի հարց, որը կարող է այս գործի՝ գոնե մասամբ բացահայտելու լուրջ խթան հանդիսանալ»։



Հայկական Ժամանակի  տեղեկություններով՝ ներկայումս ստուգվում է, թե Երևանի վարչական շրջանների ոստիկանության ղեկավարները, որքան են մուծվել պաշտոնի նշանակվելու կամ այդ պաշտոնը պահպանելու համար։ Լուրջ կասկածներ կան, որ նրանց «մուծված» գումարների մի որոշակի մասը «լռվել է» Երևանի ոստիկանության ղեկավարության մակարդուկում ու «վերև» չի հասել: Այսինքն հենց իրենց լեզվով ասած, ճանապարհին «կռաիտ է» արվել։ Այ եթե այդ կասկածները հաստատվեն, դա լրիվ կփոխի իրավիճակը։

 

«Սա «քեշի բազար է», որը գործող իշխանության մեջ սրբության պես մի բան է։ Դրա համար իրոք կարող են գլուխներ թռչել, արյուն թափվել, դատեր ու դատաստաններ լինել։ Նման «պրոմխների» համար ներում բեկում չկա։ Իսկ եթե դա չհաստատվի, ապա մեծ է հավանականությունը, որ գործը այդպես էլ կլղոզվի ու կփակվի։ Այն կառույցների ղեկավարները, որոնք պետք է բացահայտեին այս գործը մի քիչ էլ կհարստանան, ձեռքի հետ էլ ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ կազատվեն աշխատանքից… և վերջ»: