կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-15 15:17
Իրավական

Նա սկայպով կապվել է Վանո Սիրադեղյանի հետ և ցուցում ստացել. ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ

Նա սկայպով կապվել է Վանո Սիրադեղյանի  հետ և ցուցում ստացել. ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ֆինանսական բուրգի գործով հերթական դատական նիստը: Այսօրվա նիստում դատավոր Գագիկ Պողոսյանը ներկայացրեց ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի մոր` Փառանձեմ Հակոբյանի` գործով տուժող Արտակ Գալստյանի անիրավությունների մասին դիմումը, որը, սակայն, մերժվեց: Դատավորն առաջարկեց ամբաստանյալի մորը` այդ հարցով դիմել իրավապահներին:

 

Այսօրվա նիստում իր ցուցմունքը կարդաց գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը: Նա հայտնեց, որ ամեն ինչի մեղավորը Արտակ Գալստյանն է, որի համար, ուշ, թե շուտ, պատասխան է տալու: Նա նշեց, որ դատաքննության ընթացքում ապացուցվելու է, որ Արտակը սուտ ցուցմունքներ է տվել: «Արտակը, վստահ լինելով իր անպատժելիության վրա, պատվեր է կատարում: Նրա մեջքին կանգնած են Վանո Սիրադեղյանն ու ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաներ: Նա առաջարկում էր, որ ես էլ միանամ իրան, օգնեմ, որ ինքը կարողանա Ներսիկ Նազարյանի և Կարեն Բաբակեխկյանի` իրա բառերով ասած` գեներալիտետին գործից հանի ու ինչ ունեն-չունեն` ձեռքներից խլի: Բնական է, ես չհամաձայնեցի նրա կեղտոտ խաղերին մասնակցել, որի համար ես մինչև հիմա պատժվում եմ»,- պատմեց ամբաստանյալը:

 

Ըստ Անդրեասյանի` երբ գործը քննվում էր Հատուկ քննչականում, ինքը քննիչին հարցրել է` ինչո՞ւ է, իսկական հանցագործին թողած, ընկել իր հետևից, քննիչը նրան պատասխանել է, թե նրա վախտն էլ կգա: «Քննիչն ասաց` պատմի ինչ-որ ուզում ենք մենք լսել, կորածդ էլ հետ կգա, փողերդ էլ: Երբ արդեն կալանավորված էի, մի քանի անգամ Արտակը եկավ ու հարցրեց` չե՞ս փոշմանել, ասա քեզ բաց կթողնենք»:

 

Ամբաստանյալի խոսքով` Արտակն իրեն այնքան անպատժելի էր զգում, որ քննիչի հետ հեռախոսով քննություն էր վարում, թելադրում էր քննության ընթացքը: «Ֆինանսական բուրգ կոչեցյալն ամբողջովին Արտակի հնարածն ու գծածն էր, դրա համար Հատուկ քննչականում նրա համար մականուն էին դրել` բուրգի ճարտարապետ: Արտակ Գալստյանը հայտարարեց, որ վստահում էր ինձ, այո', նա ինձ վաղուց էր ճանաչում: Այստեղ ամեն ինչ հակառակն է տեղի ունեցել, քանի որ ինձ բոլորը գիտեն` վստահելի անձնավորություն, նա չարաշահել է իմ վստահությունը, խլել իմ հանքը»,- ասաց նա:

 

Ամբաստանյալի խոսքով` Ա. Գալստյանը,  ունենալով Վանո Սիրադեղյանի, այլ պաշտոնյաների և նույնիսկ գեներալների հովանավորությունը, դարձել է անպատժելի: «Արտակին ճանաչում եմ մոտ 10 տարի, նրան ճանաչել եմ որպես Վանոյի Արտակ: Ես չգիտեմ` ինչ է աշխատել նա ներքին գործերի  նախկին նախարարի մոտ, բայց գիտեմ, որ եղել է Վանոյի աջ ձեռքը: Այդ ժամանակ ես աշխատում էի «Ֆիլիպ Մորիս» խանութների ցանցում: Այն ժամանակ, երբ Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ էր, Սուքիասյանները (Գռզո) ֆիրմայի ամբողջ հայաստանյան ցանցի գործառույթների իրականացումը տվել էին Արտակի հսկողության տակ, նա էր զբաղվում դրանց իրացման հարցերով: Ըստ Արտակի խոսքերի` այդ ամենը կատարվում էր, որպեսզի ստացված եկամուտները կարողանար  ծախսել Երևանում` գազանանոցի ճանապարհին գտնվող` Վանո Սիրադեղյանի տան վրա: Ինքը Վանո Սիրադեղյանի վստահված անձն է Հայաստանում: Հետագայում` մի 6-7 տարի, Արտակն անհետացավ, նրա մասին տեղեկություն չկար, 2010-ին Արտակը հայտնվեց, կպավ ինձ, ինձ էլ արեց իր ամուսնության քավոր»:

 

Ամբաստանյալը պատմեց, որ ինքը լսել է, որ նա Հայաստանում շրջանառության մեջ է դրել Վանո Սիրադեղյանի գումարները: «Մարտի 24-ից հետո նա սկայպով կապվել է Վանո Սիրադեղյանի հետ և մանրամասնորեն ցուցում  ստացել հետագա գործունեության համար»,- ասաց նա:

 

Անդրադառնալով բուքմեյքերական գրասենյակներում խոշոր գումարներ տանուլ տալուն` ամբաստանյալը նշեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ինքն այնպես է խաղացել, որ չի պարտվել: «Խաղադրույք կատարելը հանցագործություն չէ»,- ասաց նա և հավելեց, որ իր իրավիճակում Հայաստանում կարող է հայտնվել ցանկացած քաղաքացի:

 

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս, հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու, դրանով պայմանավորված, իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների` առանձնապես խոշոր չափերով գումարներ և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ: