Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ֆինանսական բուրգի գործով դատաքննությունը:
Նշենք, որ նախորդ նիստում ցուցմունք էր տվել տուժող Արտակ Գալստյանը: Նա հայտնել էր, որ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի հետ նախկինում ջերմ հարաբերություններ է ունեցել և, նրան վստահելով, պարբերաբար խոշոր չափի գումարներ է տվել: Մասնավորապես` 2010-ին Արթուրն իրեն առաջարկել է 50 հազար եվրո տալ ՝ տարադրամի փոխանակման կետերում շրջանառության մեջ դնելու համար: Հետագայում, ըստ տուժողի, այլ գումարներ է տվել Արթուրին, ինչպես նաև գրավադրման համար տրամադրել իրեն պատկանող` Բաղրամյան փողոցում և Գայի պողոտա 2 շենքում գտնվող տարածքները: Որպես գումարները վերադարձնելու երաշխիք` Գալստյանը գրավ է վերցրել նախ` Անդրեասյանի տունը, ապա` ավազահանքը:
Սակայն 2013թ. մարտին ամբաստանյալն իրեն հայտնել է, որ բարձր տոկոսներով գումարներ է վերցրել Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից , Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի աներորդի Կարեն Մանուկյանից, Ներսիկ Նազարյանի օգնականից և այդ պատճառով հայտնվել նյութական ծանր վիճակի մեջ և որ գումար չունի` իրեն վերադարձնելու համար: Ինչից հետո իրենք հաղորդում են ներկայացրել, հարուցվել է քրեական գործ: Տուժողը հայտնել էր, որ հետագայում իրեն է անցել ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին պատկանող ավազահանքի 50 % բաժնեմասը, որը հետո վաճառվել է երրորդ անձի:
Այսօրվա դատական նիստում տուժողին հարցեր պետք է ուղղեր ամբաստանյալը, սակայն նա նշեց, որ ի վիճակի չէ խոսել, և որ իր փոխարեն հարցեր կտա պաշտպանը: Վերջինս նշեց, որ եթե տուժողը վստահել է իր պաշտպանյալին և անգամ լիազորագրեր է տվել իր գույքերի վերաբերյալ, ինչո՞ւ է գումար տալուց գրավ վերցրել նրա տունն ու ավազահանքը:
Դրան ի պատասխան` Գալստյանը նշեց, որ Արթուրից գրավ վերցված տան և ավազահանքի արժեքը ավելի քիչ էր, քան իր` նրան տված գումարը, և եթե ինքը նրան չվստահեր` բնականաբար, այդ քայլին չէր գնա: Պաշտպանի մյուս հարցին` արդյո՞ք նախքան գրավի առարկա հանդիսացող ավազահանքը վաճառելը չպետք է խորհրդակցեր իր պաշտպանյալի հետ, տուժողը պատասխանեց. «Իհարկե, ո'չ, քանի որ ավազահանքը վաճառվել է նախաքննության ավարտից ամիսներ անց: Բացի այդ` այդ հարցը լավագույն դեպքում պետք է քննարկեի հանքի մյուս մասի սեփականատիրոջ հետ»:
Տուժողը նաև նշեց, որ Արթուրի` իրեն ունեցած պարտքից նվազեցրել է ավազահանքի գնահատված արժեքի 50 %-ը, ավելին` ինքն Արթուրին, բացի մայր գումարից, զիջել է վճարվելիք տոկոսների հարցում` նվազեցնելով դրանք: Ըստ նրա` ներկայումս ինքն Արթուրից քաղհայցով պահանջում է ընդամենը 100 հազար դոլար, իսկ մնացած 720 հազարը վերաբերում է գույքային վեճերին:
Այսօր դատարանում ցուցմունք տվեց նաև վիճահարույց ավազահանքի 50% բաժնեմասի սեփականատեր, ամբաստանյալ Անդրեասյանի որդու կնքահայրը` Մուշեղ Սաֆարյանը: Նշենք, որ նա ՀՀ Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության պետի տեղակալն է: Նա դատարանում հայտնեց, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել գործով ամբաստանյալ հետ: Ինքն ամբաստանյալին առաջարկել է ներդրումներ կատարել հանքավայրում, ամբաստանյալն էլ համաձայնել է: Տուժողը նաև հայտնեց, որ 50.000 դոլար գումար է տվել ամբաստանյալին` ամսական 2 տոկոս չափաբաժին վճարելու պայմանով:
Մեղադրողի հարցին պատասխանելով՝ տուժողն ասաց, որ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին մի քանի անգամ հետագայում հարցրել է իր գումարի մասին, ամբաստանյալն էլ հորդորել է հանգիստ մնալ` ինքը տալու է գումարը:
Մեղադրողի հարցին՝ ի՞նչ տպավորություն ստեղծվեց՝ ինչո՞ւ ամբաստանյալը չտվեց տուժողի գումարը, Սաֆարյանը պատասխանեց, որ մինչև այս պահը չգիտի՝ ինչու ամբաստանյալը չտվեց իր գումարը և ինչու ընկավ «այս պատմությունների մեջ»:
Ամբաստանյալի պաշտպան Սարգսյանի այն հարցին, թե ինչպե՞ս է իր պաշտպանյալը չարաշահել տուժողի վստահությունը, ՎՊ-ի աշխատակիցը պատասխանեց. «Մինչև վերջին օրը ես վստահել եմ նրան, ես դեռ չեմ հասկանում էս պատմությունը, երբ որ այն դյուրամարս դառնա, այն ժամանակ էլ կպատասխանեմ»:
Այսքանով հիշյալ տուժողի հարցաքննությունն էլ ավարտվեց: Կողմերը չհասցրեցին լսել դատարան եկած մյուս տուժողին, քանի որ ամբաստանյալի ինքնազգացողության վատանալու պատճառով դատական նիստը հետաձգվեց: