Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր քրեական օրենսգրքում և քրեական դատավարության մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է քրեականացնել ֆինանսական բուրգի ստեղծումը, կազմակերպումն ու ղեկավարումը: Հիմնական զեկուցողն էր ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը հանգեցրել է հասարակական լայն շերտեր ներգրավելու պոտենցիալ ունեցող ֆինանսական բուրգերի աշխուժացմանը: Ֆինանսական բուրգը, ինչպես անունն է հուշում, ունի հիերարխիկ կառուցվածք, որը նախաձեռնվում է որոշակի անձանց կողմից, ովքեր որոշակի եկամտի ստացման ակնկալիքով անդամագրում են հնարավորինս մեծ թվով ներդրողների: Յուրաքանչյուր մակարդակում նոր ներդրողները վճարումներ են կատարում իրենցից վերև կանգնածներին և վերցնում են վճարումներ ներքև կանգնածներից` այսպիսով ստեղծելով փողի վերաբաշխման յուրահատուկ համակարգ, սխեմա կամ կազմավորում:
Ներդրումային նախագծի գործունակությունն ապահովելու համար յուրաքանչյուր մակարդակում անդամագրվածների թիվը, ըստ նախատեսվածի, պետք է աճի երկրաչափական պրոգրեսիայով, ինչի համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր նոր ներդրող ապահովի որոշակի թվով նոր անդամների ներգրավումը: Ֆինանսական բուրգերի առանձնահատկությունն այն է, որ սկզբնական շրջանում ներդրողների համար ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի ու խոստացվածի: Այսինքն` անդամագրվածներն այս փուլում հաջողությամբ ստանում են եկամուտներ` շահագրգռվելով ներգրավել նոր անդամներ և ծառայելով որպես բուրգի համար կենդանի գովազդ:
Այնուհետև ֆինանսական բուրգը, ձնագնդի էֆեկտով տարածվելով ու աճելով, հասնում է մի փուլի, երբ գործնականում անհնար է ներգրավել նոր անդամների, իսկ արդեն ներգրավված անդամներն ու կատարված անդամավճարները պատկառելի թիվ են կազմում: Արդյունքում, օգտվելով զոհերի թե’ դյուրահավատությունից, թե’ կարճ ժամանակահատվածում մեծ գումարներ վաստակելու հեռանկարի գրավչությունից, բուրգի ամենավերևում կանգնածները ստանում են գերշահույթներ, իսկ ներքևի օղակները չեն հասցնում անգամ հետ բերել իրենց ներդրած գումարը՝ բուրգի անխուսափելի փլուզման պատճառով:
Առավել հաճախ ֆինանսական բուրգերն իրագործվում են որոշակիորեն ձևափոխված կանոններով, որոնք հիմնականում միտված են ավելացնելու բուրգի բարձր մակարդակներում գտնվողների եկամուտները, քանի որ հենց այս մարդիկ են բուրգի շարժիչ ուժը և գրավչության ապահովողը:
Չնայած իրենց բազմազանությանը` ֆինանսական բուրգերն ունեն մեկ կարևոր ընդհանրական հատկանիշ՝ դրանք ներդրողներին խոստանում են մեծ եկամուտներ, ինչը հիմնված է միայն այլ մասնակիցների ֆինանսական բուրգում ներգրավելու, բայց ոչ՝ որևէ իրական տնտեսական գործունեության (ներդրումներ, ապրանքների առուվաճառք, ծառայությունների մատուցում և այլն), արդյունքում` ավելացված արժեք ստեղծելու վրա:
Ֆինանսական բուրգերի գործունեությունը կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ, ինչպիսիք են`
• Իրական հատվածին հասցված վնաս. մասնակիցների ֆինանսական միջոցների կորուստը հանգեցնում է տվյալ երկրում բնակչության սպառողական պոտենցիալի և խնայողությունների (հետևաբար` նաև ներդրումային պոտենցիալի) կրճատմանը: Առավել հաճախ բուրգերի կազմակերպիչները հավաքագրված գումարները ծախսում կամ ներդնում են այլ երկրներում` հետագայում հնարավոր իրավական հետևանքներից խուսափելու համար: Արդյունքում` ֆինանսական բուրգերի միջոցով հավաքագրված գումարները, որոնք երբեմն հասնում են հսկայական ծավալների, ուղղակիորեն նվազեցնում են տվյալ երկրի ՀՆԱ-ն:
• Ֆինանսական համակարգին հասցված վնաս. ֆինանսական բուրգերը ֆինանսական համակարգի վրա կարող են բացասական ազդեցություն թողնել երկու ձևով: Նախ՝ այդ բուրգերի միջոցով հավաքագրվում են բնակչության խնայողությունները, որոնք այլ դեպքում կներդրվեին ֆինանսական համակարգում ավանդների, արժեթղթային ներդրումների կամ այլ ձևով: Երկրորդ` ֆինանսական բուրգերի կազմակերպիչները երբեմն դիտավորյալ հեղինակազրկում են ֆինանսական համակարգը` իրենց սխեման եկամտաբերության և այլ պայմանների իմաստով ներկայացնելով որպես առավել նախընտրելի այլընտրանք բանկերի, ներդրումային կազմակերպությունների կամ այլ ֆինանսական հաստատությունների նկատմամբ:
Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ ֆինանսական բուրգերի գործունեության որևէ արգելք նախատեսված չէ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում տնտեսական գործունեության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների տեսանկյունից: Նախագծով առաջարկվող լրացման ընդունմամբ ակնկալվում է կանխարգելել Ֆինանսական բուրգերի կազմակերպումը, դրա ղեկավարումը և դրանում անձանց ներգրավելը, ինչը հնարավորություն կտա խուսափել ֆինանսական բուրգերի գործունեության արդյունքում առաջացող վերը նշված բացասական հետևանքներից:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում հարցն ընդգրկվեց օրակարգի մեջ: