կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 16:01
Իրավական

«Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվում. պնդում է փաստաբանը

«Ֆինանսական բուրգի»  գործով ամբաստանյալի նկատմամբ  դաժան վերաբերմունք է դրսևորվում. պնդում է փաստաբանը

«Ֆինանսական բուրգի գործով» ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել գունատ և հյուծված, նա հազիվ էր ոտքի վրա կանգնում:

 

Նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ նիստի մեկնարկից առաջ ամբաստանյալի խնդրանքով շտապօգնության բրիգադ է հրավիրվել, և մեղադրյալին բժշկական օգնություն է ցուցաբերվել:

 

Նշենք, որ Արթուր Անդրեասյանը մեղադրվում է գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու` Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմությունն ու վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և նրանց անշարժ գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու մեջ:

 

Այսօրվա նիստի մեկնարկին Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի արյան ճնշումը 110-90 է, բացի այդ` նա իրեն վատ է զգում և ի վիճակի չէ մասնակցել նիստին, միևնույն ժամանակ միջնորդեց նրա խափանման միջոցը` կալանքը, փոխել: Պաշտպանի խոսքով` այն հիվանդությունները, որով տառապում է իր պաշտպանյալը, հիմք են տալիս ենթադրելու, որ, նրան կալանքի տակ պահելով, ստիպողաբար նիստերին բերելով, նրա նկատմամբ դաժան վերաբերմունք են ցուցաբերում: Նա ներկայացրեց իր պաշտպանյալի հիվանդությունների` քրեակատարողական հիմնարկի կողմից իրեն տրամադրված ցանկը` նշելով, որ դրանք համապատասխանում են ՀՀ կառավարության կողմից սահմանված` պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում նշված հիվանդություններին: Փաստաբանի խոսքով` կալանավորումից հետո իր պաշտպանյալի վիճակը գնալով վատթարանում է, ավելին` նոր հիվանդություններ է ձեռք բերում:

 

Գրիգորյանը նշեց, որ իր պաշտպանյալը ֆիզիկապես շատ թույլ է, հազիվ է տեղաշարժվում, անընդհատ ունենում է ճնշման տատանումներ, բացի այդ` ախորժակ չունի, առկա են հիշողության խանգարումներ, դժվարությամբ է կենտրոնանում և ընկալում իրեն ուղղված խոսքը: Պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալին համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու` ՔԿՀ-ին և Քրեակատարողական վարչությանն ուղղված դիմումները մինչ օրս անպաստասխան են մնում:

 

«ՔԿՀ-ում Անդրեասյանը զրկված է ոչ միայն բժշկական, այլև տարրական խնամք ստանալու հնարավորությունից: Գլխուղեղային անոթային ծանր հիվանդությամբ տառապող անձին անազատության մեջ պահելը, բուժհաստատություն չտեղափոխելը, ամեն անգամ ծանր վիճակով նրան դատարան բերելը հիմք են տալիս ենթադրելու, որ նրա նկատմամբ իրականացվում է նվաստացնող, դաժան և անմարդկային վերաբերմունք»,- հայտարարեց փաստաբանը և հավելեց, որ իր պաշտպանյալը չի խոչընդոտել նախաքննությանը, բացի այդ` խնամքի տակ ունի թոշակառու ծնողներ, զինված ուժերում ծառայող որդի:

 

Նշենք, որ պաշտպանը դատարանին միջնորդել էր Անդրեասյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակել, սակայն միջնորդությունը մերժվել էր:

 

Մեղադրող դատախազ Արթուր Երիցյանը, ինչպես նաև տուժողներ Ներսիսյանը, Գալստյանը, Թադևոսյանը և նրա ներկայացուցիչ Շահվերդյանը առարկեցին միջնորդության դեմ: Դատավորը մեկ ժամից ավելի նիստերի խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո վերադարձավ նիստերի դահլիճ և մերժեց պաշտպանի միջնորդությունը:

 

Գրիգորյանն էլ միջնրդեց հետաձգել նիստը` պնդելով, որ իր պաշտպանյալը չի ընկալում կողմերի ասածները և իրեն ուղղված հարցերին պատասխանում է մեխանիկորեն: Դատավորը հայտնեց, որ պաշտպանի ասածները չափազանցված են, սակայն, այնուամենայնիվ, հետաձգեց նիստը` նշելով, որ ամբաստանյալի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան հարուցում կուղարկեն ՔԿՀ-ին:

 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 25-ին: