Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դժվար կլինի աշխատել որպես պատգամավոր, որովհետև նոր աշխատանք է, պետք է հարմարվել այս աշխատանքային պրոցեսին. ԱԺ 7-րդ գումարման նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ազատ ոճի ըմբշամարտիկ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արսեն Ջուլֆալակյանը:
«Դժվար կլինի նաև այն առումով, որ շատ օրենսդրական բացեր կան սպորտի ոլորտում: Երևի թե ներգրավված կլինեմ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հանձնաժողովում: Հասկանում եմ` շատ օրենսդրական խնդիրներ ունենք, պետք է ուղղենք այդ խնդիրները»,- ասաց նա:
Ջուլֆալակյանը նշեց, որ ակտիվ պատգամավոր կլինի: «Ելնելով իմ բնույթից, իմ տեսակից` ակտիվ պատգամավոր կլինեմ: Եթե ես ինչ-որ գործի լծվում եմ, առավելագույնս պետք է տրվեմ այդ գործին և ինքս ինձնից պահանջեմ»,- նշեց նա:
Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հնարավոր լուծարմանը, պատասխանեց. «Կարծում եմ` պետք է մի քիչ նախարարության բնույթը փոխվեր, այլ ոչ թե փակվեր: Բավականին հագեցած աշխատանք է նախարարությունում նախատեսված, գործն էլ շատ է: Ոլորտի աշխատանքը կարող է դանդաղել դրանից, երբ միանա մեկ այլ նախարարության և դառնա փոխնախարարություն: Ես առաջարկություններ արել եմ, միգուցե վարչապետի հետ էլ քննարկենք առաջիկա օրերին»:
Ինչ վերաբերում է հարցին` պատրա՞ստ է այս հարցում ընդդիմանալ իր քաղաքաան թիմին, Ջուլֆալակյանը նշեց, որ ընդդիմանալու հարց չկա: «Ես արդեն հայտնել եմ, որ այլ կարծիք ունեմ և առաջարկներն էլ արել եմ: Օրինակ` սպորտի նախարարությունը պահվի, մի քանի այլ կոմիտեներ միանան նախարարությանը: Առաջարկել եմ, օրինակ, տուրիզմի կոմիտեն միանա սպորտի նախարարությանը: Առաջարկություններն արվել են, քննարկում ենք, կտեսնենք, թե վերջում ինչ որոշում կկայացվի: Ես կողմ եմ, որ նախարարությունն այս տեսքով պիտի չաշխատի, որովհետև շատ թերություններ կան նախարարության կառուցվածքում` թե' որակական, թե' հաստիքային, բայց ամեն դեպքում մնում եմ այն տեսակետին, որ ցանկալի է, որ սպորտի նախարարությունն առանձին լինի»,- ասաց նա: