կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-11 19:00
Հասարակություն

Տեղահանություն` փողոցի օրենքներով

Տեղահանություն` փողոցի օրենքներով

Նախագահական ընտրություններից առաջ պարեկային ոստիկանության աշխատակիցները Երևանն ակտիվորեն «մաքրում» էին մուրացկաններից` նրանց հորդորելով հեռանալ քաղաքի կենտրոնից: Ոմանք ենթարկվեցին և ժամանակավորապես հանգրվանեցին քաղաքի ծայրամասերում, իսկ մյուսները` հիմնականում մուրացկանների «հին սերնդի» ներկայացուցիչները, մնացին իրենց տեղերում:

 

Ընտրություններն անցան, օրերը բացվեցին, և  «քշված» մուրացկանները կրկին համալրեցին իրենց նմանների շարքերը: Սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց. մուրացկաններն անգամ չէին հասցրել հաշվել մարտ ամսվա իրենց եկամուտը, երբ կրկին բախվեցին պարեկայինների «մուննաթին»: Պատճառն ավագանու ընտրություններն էին:

 

Սկսվեց մուրացկանների տեղահանությունը: Այս անգամ էլ խելոքները հավաքեցին իրենց փասափուսաներն ու հեռացան, իսկ «հիմնականները» մնացին: Այն, որ մայրաքաղաքի մուրացկանների մեծ մասն անօթևաններն են, գաղտնիք չէ: Սակայն հատկանշական է, որ նրանց ոչ թե տեղափոխում են անօթևանների համար նախատեսված կացարաններ, որոնք մեր երկրում գործում են հիմնականում բարեգործական կազմակերպությունների հաշվին, այլ պարզապես ասում են` գնացեք այստեղից: Երբ հարցրեցինք ոստիկաններին, թե ինչո՞ւ են այդ քայլին դիմում, ստացանք անգիր արված նույն պատասխանը` մենք ի՞նչ անենք, վերևից է հրահանգված: Իսկ թե կոնկրետ վերևների ո՞ր մարմինն է հրահանգել, մեզ պարզել չհաջողվեց:

 

Yerkir.am-ն այս առնչությամբ պարզաբանում խնդրեց ոստիկանությունից, որտեղից, սակայն, մեզ տեղեկացրին, որ իրենք զբաղվում են միայն անչափահաս մուրացկանների կամ թափառաշրջիկների խնդիրներով, իսկ մեծերի հետ որևէ առնչություն չունեն: Կոնկրետ դեպքի մասին հորդորեցին մուրացկանների անուններ տալ (այլ պատասխան չէինք էլ ակնկալում): Իսկ ընդհանրապես, ըստ նրանց, անօթևանների հարցերով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները:

 

Մայրաքաղաքում անօթևանների հավաքագրման և համապատասխան հաստատություններում նրանց տեղավորման խնդրով զբաղվում է քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը: Հատկանշական է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից և ոչ մեկն իր նախընտրական ծրագրում չի անդրադարձել անօթևանների խնդիրներին:

 

Ավագանու ընտրություններին ընդառաջ` գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքի բարեգործական կացարաններից մեկն այցելության ժամանակ, ծանոթանալով անօթևանների կենցաղային պայմաններին, նշել էր, որ սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են, և որ իրենց լիազորությունների շրջանակում պատրաստ են մշտապես աջակցություն ցուցաբերել անօթևաններին:

 

Քաղաքապետն, ըստ էության աջակցություն ասելով, հասկանում է մուրացկանների տեղափոխությունն այլ վայրից մյուսը` չփչացնելու համար Երևանի կենտրոնի համայնապատկերը: Սակայն այս «բարեփոխումը» երկար տևել չի կարող. ավագանու ընտրություններից հետո մուրացկանության բիզնեսի «մութ կողմերը» կստիպեն մուրացկաններին վերադառնալ իրենց տեղերը, իսկ պարեկային ոստիկաններն էլ ստիպված չեն լինի կատարել վերևներից եկած հրամանները: Ամեն ինչ կընկնի իր տեղը. մուրացկանները գործի կանցնեն, ընդ որում` ոչ միայն անօթեւանները. կեղտոտ ցնցոտի, անփույթ արտաքին, մի փոքր էլ` գարշահոտություն, և ահա մուրացիկ ձևանալու հիմնական հատկանիշները պատրաստ են: Մնում է ընտրել փող մուրալու ամենահարմար վայրն ու ներկայանալ հանրությանը:

 

Ներկայումս մուրացկանի պիտակը շատերի համար բնավ էլ ամոթալի չէ, ընդհակառակը` եկամտաբեր «աշխատանքի» աղբյուր: Շատ երկրներում մուրացկանությունը համարվում է հաջողակ բիզնես: Թափառաշրջիկները մարդկանց մոտ կարեկցանք առաջացնելու բազմաթիվ մեթոդների են դիմում` ընդհուպ մինչև առողջ երեխային «հիվանդացնելը»: Մեզ մոտ ևս այս բիզնեսն օր օրի մեծ առաջխաղացում է ապրում: Ոչ պաշտոնական հաշվարկներով` մեր երկրում մուրացկանի ամսական միջին եկամուտը տատանվում է 200- 250 հազար դրամի սահմաններում, այն դեպքում, երբ Հայաստանում, ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, միջին աշխատավարձը մոտ 120 հազար դրամ է(ոչ պաշտոնական հաշվարկներով` 70 հազարի շեմը չի հաղթահարում):

 

Մուրացկանների բիզնեսի մութ կողմերի մասին կարելի է երկար խոսել, սակայն այդ մասին չէ, որ ուզում ենք բարձրաձայնել: Պարզապես, որպես հավելում,  նշենք, որ այդ բիզնեսում անպայման «փայ» ունեն տվյալ տարածքի «նայողները», որոշ դեպքերում նաև «լայն ակտիվիստները», ովքեր վաղը ջանք ու եռանդ չեն խնայելու քաղաքային իշխանությունների վերարտադրման համար: Սակայն չի կարելի փաստել, որ Հայաստանում բոլոր մուրացիկներն այդ կարգավիճակում են: Մեր երկրում այսօր կան բազմաթիվ մարդիկ, ովքեր, կարիքից դրդված, գետնանցումներում կամ քաղաքի բանուկ հատվածներում գումար են հավաքում: Նրանց թիվն օր օրի ավելանում է, տարածքի համար կռիվներն էլ` հետը:

 

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որում մուրացկանը պատմում է փող մուրալու դրդապատճառների, ոստիկանների հետ առնչության և իր հիվանդ երեխայի մասին:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ