Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավութօղլուն ընդամենն ասել է տեղահանություն, իսկ դրա մեջ ոչ մի նորություն չկա. Yerkir.am-ին այսօր ասավ ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը' անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի' թուրքական լրատվամիջոցներով տարածված խոսքերին:
Ըստ մեր զրուցակցի` դեռ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի այն ժամանակվա կառավարության որոշումը կար, որով հայերի Ցեղասպանությանը տեղահանություն էր ասվում: «Նա ոչ մի նոր բան չի ասել եւ շատ հետ է մնում այն ամենից, ինչ 1919-ին հենց Թուրքիայում տեղի ունեցած դատավարություններում է ասվել: Այսինքն, որ պետության կողմից հայ ազգաբնակչությանը բնաջնջելու ճիգ կար: Ինքը դրա մասին չի խոսում, այլ, ընդհակառակը, փորձում է հավասարություն գտնել, տեսնել` ինչ է կատարել հայերի հանդեպ պետությունը, եւ ինչ է կատարվել թուրքերի կամ իսլամականների հանդեպ, որը, սակայն, հայերի կողմից չի կատարվել: Ինքն այդ անհավասարության մեջ փորձում է հավասարություն մտցնել»,- պարզաբանեց Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք, որ, ըստ թուրքական լրատվամիջոցների, Դավութօղլուն ասել էր. «Բռնի տեղահանությունը չենք ընդունում, դա ուղղակի անմարդկային արարք է: Արդար հիշողությամբ կարող ենք կոտրել դիմադրող գիտակցությունը: Արդար հիշողություն (Just memory) ենք ասում: Սրանով ուզում եմ ասել' ինչ եղել է, դա հիշենք: Միայն այս դեպքում կհասկանաք, որ թուրք-հայկական հարաբերությունները գերմանա-հրեական հարաբերությունների նման անցյալ չունեն: Յուրաքանչյուր փողոցում մի ընդհանուր կետ ունենք: Սա բացահայտելով' այդ տեղահանությունը ես նույնպես բոլորովին սխալ արարք եմ գտնում: Իթթիհաթականների արարքը ճիշտ արարք չէր, անմարդկային էր»: