Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը պետք է սահմանվի օրենքով: Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն՝ գործադուլը աշխատողների աշխատանքի ժամանակավոր դադարեցումն է կոլեկտիվ աշխատանքային վեճերի լուծման նպատակով:
Մյուս կողմից` «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 22-րդ հոդվածների համաձայն՝ արհեստակցական միությունն իրավունք ունի միայն աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպելու և անցկացնելու գործադուլներ: Անօրինական գործադուլներ կազմակերպելու ու անցկացնելու համար արհեստակցական միությունը կրում է պատասխանատվություն:
Ի՞նչ է ստացվում:
Գործող օրենքներով սահմանված կարգով` արհմիությունները կարող են կազմակերպել գործադուլ միայն կոլեկտիվ աշխատանքային վեճի առկայության դեպքում և բացառապես դրա լուծման նպատակով: Օրենքով դեռևս կարգավորված չեն կոլեկտիվ աշխատանքային վեճով չպայմանավորված՝ տնտեսական և սոցիալական շահերի պաշտպանության նպատակով գործադուլի կազմակերպման հետ կապված հարաբերությունները, որն, ի դեպ, Սահմանադրության պահանջ է:
Փաստորեն, կոլեկտիվ աշխատանքային վեճերից դուրս արհմիությունների կողմից կազմակերպվող և անցկացվող գործադուլները կհամարվեն անօրինական, իսկ դրանց կազմակերպիչները կկրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Եվ սա այն դեպքում, երբ Սահմանադրությունը գործադուլի իրավունքի առավել լայն շրջանակ է նախատեսել` աշխատողը գործադուլի միջոցով կարող է պաշտպանել ոչ միայն իր աշխատանքային, այլ նաև՝ տնտեսական ու սոցիալական շահերը:
Հետևաբար, պետք է արձանագրել` առկա է ակնհայտ հակասություն գործող օրենքների և սահմանադրական կարգավորումների միջև, որոնք վերաբերում են գործադուլի իրավունքի իրացմանը:
Այս հակասության մասին բազմիցս բարձրաձայնել են արհմիությունների ներկայացուցիչները, տարբեր մասնագետներ, տեղական և միջազգային փորձագետներ: Սակայն փաստ է նաև, որ այս հակասությունը շարունակում է չլուծված մնալ՝ գուցե նաև օրվա իշխանությունների քաղաքական ենթադրյալ շահերից ելնելով:
Գործադուլին վերաբերող` մեր երկրի օրենսդրական կարգավորումները խնդրահարույց են նաև այս ուղղությամբ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից:
Այս կարգավորումները որոշակի անհամապատասխանություն ունեն Հայաստանի կողմից վավերացված` Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջների հետ: Մասնավորապես` գործադուլ հայտարարելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով պահանջվում է, որ այդ որոշումը պետք է ընդունվի տվյալ կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը կազմող աշխատողների համատեղ որոշմամբ: Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի կողմից մեր երկրին ուղղված` 2014 թվականի եզրակացությունում նշված է, որ օրենսգրքով սահմանված այդ շեմը խիստ բարձր է, և առաջարկվում է այն իջեցնել՝ սահմանելով աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան հիսուն տոկոսը:
Միջազգային կազմակերպությունների եզրակացություններով՝ գործադուլին վերաբերող ՀՀ օրենսդրական կարգավորումներում արձանագրված են նաև այլ անհամապատասխանություններ, որոնց կանդրադառնանք հետագայում:
Ամփոփենք` շարունակում է օրակարգային մնալ գործադուլին վերաբերող կարգավորումների ամբողջականացումը և դրանցում առկա հակասությունների վերացումը՝ համապատասխանեցումը Սահմանադրությանը և այս ոլորտում մեր երկրի վավերացրած միջազգային համաձայնագրերի պահանջներին:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ